Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետի 2022 թվականի թիվ 15/50 որոշման համաձայն՝ Շիրակի մարզպետարանում իրականացվելու են կառուցվածքային փոփոխություններ։ Որոշումն ուժի մեջ է մտնում մարտի 1-ից:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում՝ Շիրակի մարզպետարանի 14 ստորաբաժանումների փոխարեն կգործի 10-ը: «Սա նշանակում է, որ բոլոր մարզպետարանները 2023 թվականի մարտի 1-ից ունենալու են նոր կառուցվածք: Խոսքը վերաբերում է միայն կառուցվածքային փոփոխություններին. որոշ կառուցվածքային ստորաբաժանումներ միաձուլվում են: Ինչ վերաբերում է կրճատումներին, ապա սահմանված է, որ կառուցվածքային փոփոխությունն աշխատողների կրճատմամբ չի ուղեկցվելու, բայց շատ հնարավոր է վարչության կամ բաժինների պետերի հաստիքների փոփոխություն՝ նրանց կառաջարկվեն այլ պաշտոններ»,-«Արմենպրես»-ին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը:
«Ներկայումս, ըստ հաստիքացուցակի, Շիրակի մարզպետարանում հաստիքների թվաքանակը 132 է, բայց թափուր հաստիքներ շատ կան և այդ 132-ից միայն 110-ն են քաղաքացիական ծառայության պաշտոններ»,- հավելեց Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարը։
Շիրակի մարզպետարանում 7 ստորաբաժանումների միաձուլման արդյունքում ստեղծվում է նոր 3 ստորաբաժանում, իսկ մյուս վարչություններն ու բաժիններում հնարավոր են միայն անվանական փոփոխություններ:
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ միավորվում են մարզպետարանի քաղաքաշինության վարչությունն ու հողօգտագործման բաժինը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը և ընտանիքի, երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության բաժինը, ինչպես նաև միավորվում են քարտուղարությունը, տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի և անձնակազմի կառավարման բաժինները: