|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Լոս Անջելեսում հոկտեմբերի 7-28-ը անցկացված «Աշխարհի թատրոններ» միջազգային փառատոնին մասնակցել է նաեւ Երեւանի պետական կամերային թատրոնը:
«Ներկայացումներն անցան շատ լավ եւ միանգամից ընդունվեցին հանդիսատեսի կողմից»,- ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատրոնի հիմնադիր Արա Երնջակյանը: Նա նշեց, որ երեք ծրագրված ներկայացումներից` «Կառավարական համերգ», «Ի զեն» եւ «Ինչ տարբերություն» բացի, իրենք խաղացել են նաեւ չորրորդը:
Փառատոնին մասնակցելու հայտ չի ներկայացվում. իրենք են ընտրում, թե որ թատրոնն է մասնակցելու: Արա Երնջակյանի խոսքերով`սա յուրահատուկ փառատոն է, որն անցկացվում է յուրահատուկ ձեւով. տարվա ընթացքում ընտրվում են մի քանի թատրոններ եւ հրավիրվում: Այդ ընթացքում ժյուրին սկսում է ընտրություն կատարել, եւ ընտրում է այն թատրոնը, որի հետագա աշխատանքը հովանավորելու է: Տարվա վերջում հայտարարվում է հաղթող թատրոնի անունը:
Դերասան Արշալույս Հակոբյանի խոսքերով` ժյուրին շատ լավ կարծիք ուներ իրենց մասին, նրանք զարմացած ու ցնցված էին: «Դահլիճում տարբեր ազգերի ներկայացուցիչներ կային, եւ բոլորի համար ներկայացումը հասկանալի էր»,- հավելեց նա:
«Ես օտարություն չզգացի, ներկայացումը հենց սկսվում է, այն տոն է յուրաքանչյուր դերասանի համար»,- նկատեց թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
«Ես վախենում եմ աչքով տալ, բայց այն տրամադրությունը եւ ոգեւորվածությունը, որ կա մեր հանդեպ, թույլ են տալիս ենթադրելու, կհաղթենք փառատոնում»,- ասաց Արա Երնջակյանը:
Ի դեպ, թատրոնն արդեն հրավեր է ստացել մասնակցելու հաջորդ տարի տեղի ունենալիք մեկ այլ փառատոնի: