| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 5047 դիտում,
        
            5047 դիտում,  2 տարի առաջ - 2022-12-22 16:50
            2 տարի առաջ - 2022-12-22 16:50  
         
                
            Եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքի փակման հարցով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու որոշումից հետո ադրբեջանական կողմից քայլերի ակնկալիքներ չկան: Որոշումը պետք է օգտագործվի քաղաքական և դիվանագիտական հարթակներում:
«Արմենպրես»-ի սրահում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` պատասխանելով հարցին, որ եթե Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը, ապա ինչ գործիքակազմեր կարող են կիրառվել:
«Ադրբեջանի կողմից քայլեր չենք էլ ակնկալում: Ցավոք, գործիքակազմն ունի սահմանափակումներ: Ֆորմալ առումով Եվրոպայի կոնվենցիայի շրջանակներում հետևյալ քայլերի հնարավորություն կա: Նախ գոյություն ունի Նախարարների կոմիտեի հարթակ, որին Դատարանը կարող է ծանուցել կիրառած միջոցների մասին, իսկ Նախարարների կոմիտեն, լինելով Եվրոպայի խորհրդի հիմնական քաղաքական մարմինը, հետևում է նաև Դատարանի վճիռների և որոշումների կատարման ընթացքին: Նախարարների կոմիտեն անհրաժեշտության դեպքում պետք է քննարկի և միջամտի այս հարցերին, հասկանա, թե ի՞նչ քայլեր են անհրաժեշտ քաղաքական առումով, որպեսզի ավելի ուժեղացնի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը: Բնականաբար, այստեղ ևս ընթացակարգեր կան, ընդհուպ մինչև Եվրոպական դատարանում Ադրբեջանի կողմից իր պարտավորության խախտման վերաբերյալ հարցի բարձրացում, ԵԽ անդամության զրկման հարց, բայց դրա համար շատ երկար ճանապարհ դեռ կա»,- ասաց Կիրակոսյանը:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի կարծիքով՝ Եվրոպական դատարանի որոշումը ճիշտ է և առնվազն օբյեկտիվ իրականությունը արտացոլում է, որը կարող է օգտագործվել քաղաքական և դիվանագիտական հարթակներում:
«Սա պետք է օգտագործվի քաղաքական առումով, որովհետև այս որոշման ազդեցությունը կախված է նաև մեր դիվանագիտական և քաղաքական աշխատանքից»,- եզրափակեց Կիրակոսյանը: