Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի հարցի կարգավորման ուղղությամբ ՀՀ իշխանությունները, ըստ էության, ոչինչ չեն անում: Առանձնապես ակտիվ չեն նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, որոնք բուն խնդիրը թողած՝ ավելի շատ զբաղված են Ադրբեջանին զսպելու գործով: 44-օրյա պատերազմից հետո Մոսկվայում եւ Բրյուսելում ընդունված «աշխատանքային» հայտարարություններն առայժմ ոչ մի բանի մասին են, իսկ միակ գործող փաստաթուղթն էլ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ (Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան) համաձայնագիրն է, որի հետ կապված՝ լուրջ տարընթերցումներ կան թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից: Այս եւ այլ հարցերի շուրջ «Հրապարակ»-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Հակոբ Մաթիլյանի հետ:
– Պարոն Մաթիլյան, որքանո՞վ է 44-օրյա պատերազմում կրակի դադարեցման մասին նոյեմբերի 9-ի համաձայնագիրն արտացոլում Արցախի խնդրի հետագա կարգավորման հնարավորությունները: Մենք դա համարում ենք կապիտուլյացիայի ակտ, մինչդեռ Ադրբեջանը եւս դժգոհ է այդ համաձայնագրից:
– Դա իսկապես կապիտուլյացիոն փաստաթուղթ է մեզ համար, քանի որ այդ հայտարարությամբ մենք Ադրբեջանին էինք զիջում Քաշաթաղի, Քարվաճառի եւ Աղդամի շրջանները, որոնք պատերազմի ընթացքում չէին գրավվել: Մենք, փաստորեն, առանց կռվի հանձնեցինք այդ շրջանները՝ զուտ Ադրբեջանի պահանջով: Այսուհանդերձ, որքան էլ մեզ համար ընդունելի չէ այդ փաստաթուղթը, մենք չենք կարող անտեսել դրա գոյության փաստը: Պարզապես պետք չէ դրան վերաբերվել որպես դատավճռի, որովհետեւ այդ հայտարարությամբ չէ, որ լուծվելու է Արցախի հարցը: Դրանով հանդերձ, այդ փաստաթղթում կան ձեւակերպումներ, որոնք կարող են լավ մեկնակետ հանդիսանալ Արցախի խնդրի հետագա կարգավորման համար: Մասնավորապես՝ փաստաթղթում մի քանի անգամ նշվում է «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, որ ինքնին Արցախի գոյության անհերքելի փաստ է: Այնտեղ հստակ նշված է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի գոյության փաստը եւ այդ գծով ռուս խաղաղապահների տեղակայումը: Շատ կարեւոր է նաեւ, որ եռակողմ հայտարարության մեջ անվանական նշվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող տարածքները: Հստակ ասվում է, որ հայտարարության ստորագրման պահից կողմերը մնում են այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, Ադրբեջանին է վերադարձվում Աղդամի շրջանը, ավելի ուշ, համապատասխանաբար՝ մինչեւ նոյեմբերի 15-ը եւ դեկտեմբերի 1-ը, Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանները: Այսքանը: Այնտեղ խոսք չկա Արցախի հետագա կարգավիճակի, ԱՀ Մարտունու Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի շրջանների եւ Ստեփանակերտ քաղաքի մասին: Ասել է, թե ստորագրող կողմերը որեւէ խնդիր չեն տեսել թվարկված շրջանների եւ Ստեփանակերտ քաղաքի նախկին կարգավիճակի հետ կապված: Եվ վերջապես՝ բուն Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի գոյության փաստի հետ չհամաձայնելու որեւէ հիշատակություն չկա համաձայնագրում: Եթե մեկ նախադասությամբ ասելու լինենք, ապա կարող ենք արձանագրել, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը հստակ ֆիքսում է Ադրբեջանի հետպատերազմյան սահմանները եւ միաժամանակ փաստում Լեռնային Ղարաբաղի գոյությունն իր վարչատարածքային միավորներով՝ առանց Հադրութի շրջանի եւ Շուշի քաղաքի, որոնք հետագա բանակցությունների առարկա կարող են լինել: Հավելեմ նաեւ, որ խնդրո առարկա համաձայնագիրը միջազգային նշանակության փաստաթուղթ է: Ստորագրող կողմերն ուղղակի պարտավոր են անվերապահորեն իրագործել այնտեղ նշված արձանագրումները, եւ որեւէ մեկն իրավունք չունի այն մեկնաբանել իր ճաշակին համապատասխան:
– Չարաբաստիկ նոյեմբերի 9-ից հետո մենք դեռ իներցիայով խոսում ենք ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների մասին՝ հույսով, որ այդ հարթակը կվերականգնվի: Բայց ՄԽ արեւմտյան թեւը նախընտրեց Հայաստանի եւ Ադրբեջանի հետ բանակցել Բրյուսելում՝ առանց Ռուսաստանի, եւ, ըստ էության, քննարկել Ադրբեջանի հայտնի առաջարկները՝ որպես Հայաստանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման նախապայման: ՀՀ իշխանությունները, հասկանալով, որ դա ծուղակ է, որ ընդունելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ակամա Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, հայտարարեցին, որ ամբողջությամբ համաձայն են ռուսական կողմի առաջարկներին, որոնցով Արցախի հարցի վերջնական կարգավորումը թողնվում է ապագային: Սրանից հետո սպասելի է, որ մենք կարող ենք վերածվել կռվախնձորի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ: Ի՞նչ անել այս իրավիճակում:
– Ես արդեն ասացի, որ Հադրութի շրջանն ու Շուշի քաղաքը կարող են դառնալ հետագա բանակցությունների առարկա: Նույնկերպ բանակցությունների առարկա կարող է դառնալ նաեւ Արցախի կարգավիճակի հարցը: Այս իմաստով մենք պետք է ամեն ինչ անենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հարթակը վերականգնելու համար: Կարծում եմ՝ դա հնարավոր կլինի անել համանախագահող երկրների միջեւ լարվածության թուլացումից հետո, երբ նրանք կարողանան մեղմել հակասություններն ու մեր տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու միասնական նպատակ ձեւավորել: Մենք պետք է ամեն կերպ նպաստենք դրան: Մյուս կողմից էլ՝ ՄԽ համանախագահ երկրները բարոյական պատասխանատվություն են կրում Արցախի հարցի արդարացի լուծման համար: Ի վերջո, հենց նրանք են 26 տարի շարունակ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով, եւ մենք վստահել ենք այդ հայտարարություններին ու դրսեւորել համապատասխան վարքագիծ:
– Պարոն Մաթիլյան, ի՞նչ կտա մեզ այսրոպեական խաղաղության պայմանագիրը: Հնարավո՞ր է, արդյոք, այս իրավիճակում գտնել այնպիսի ձեւակերպումներ, որոնք հավասարապես կբավարարեն կողմերին եւ թույլ կտան տեւական խաղաղություն հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
– «Խաղաղության պայմանագիր» ասվածն իրավական ակտ է, որ ազդարարում է հակամարտող երկրների միջեւ պատերազմական դրության ավարտը: Մեր պարագայում, սակայն, դա կարող է դառնալ հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը, քանի որ Ադրբեջանն առայժմ հանդես է գալիս հաղթողի եւ ուժեղի դիրքերից: Դա խոսում է Հայաստանի նկատմամբ նրա ունեցած նոր նկրտումների մասին: Նկատենք նաեւ, որ Հայաստանն իրավական առումով Ադրբեջանի հետ պատերազմի մեջ չի եղել: Հետեւաբար, ավելի տրամաբանական կլինի այս պահին վերջնական հրադադարի կամ հաշտության փաստաթղթի մասին խոսելը: Իսկ ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, որի մասին խոսում են ՀՀ իշխանությունները եւ ակնարկում, որ այն կարող է ստորագրվել մինչեւ տարեվերջ, ապա կարող եմ ասել, որ դրանով մենք վերջնականապես կփակենք Արցախի հարցն ու կարագացնենք Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Խաղաղության պայմանագիրը, որ հնարավոր է պարտադրեն մեզ, իր մեջ կարող է ներառել նաեւ ռազմատուգանքի հարցեր եւ օրինականացնել Ադրբեջանի հավելյալ «ձեռքբերումները», մի բան, որ անընդունելի է մեզ համար: Նաեւ անհեթեթություն է խոսել խաղաղության պայմանագրի մասին, քանի դեռ լուծված չէ անհետ կորածների եւ ռազմագերիների հարցը, քանի դեռ ավարտված չեն երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները: Ի վերջո, խաղաղության պայմանագիրը չի կարող պարտադիր պայման լինել Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար: Օրինակ, Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ 1945 թվականից մինչ օրս խաղաղության պայմանագիր չի կնքվել, բայց դա չի խանգարում, որ այդ երկրներն ապրեն խաղաղ եւ համագործակցեն, ունենան առաջնորդների մակարդակով փոխայցելություններ:
– ՀՀ իշխանությունները, սակայն, ամեն առիթով հասկացնում են՝ դե, արդեն Արցախը չկա, տվել ենք, եկեք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրենք, որ հանգիստ ապրենք ու զարգանանք:
-Դա մեծագույն սուտ է: Այդկերպ ՀՀ իշխանությունները փորձում են խուսափել Արցախի խնդրի կարգավորման դժվարություններից եւ ազատվել Արցախի բեռից: Մինչդեռ ձին պետք է միշտ սայլի առջեւից կապել: Հակառակ պարագայում մենք ոչ մի տեղ չենք հասնի: Պետք է ընդունել, որ մեր խնդիրների լուծման միակ բանալին Արցախում է, եւ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման, բոլոր լուծումները՝ խաղաղություն, ապաշրջափակում եւ այլն, ժամանակավոր ու հանգրվանային են լինելու: Մենք դատապարտված ենք լուծելու Արցախի կարգավիճակի հարցը, այլապես անընդհատ ստանալու ենք մի նոր հետաձգված պատերազմ:
Աղբյուրը՝ hraparak.am
Էդիկ Անդրեասյան