Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունից հետո կառավարական կաբնիետում միանգամից երկու հրաժարական եղավ. նախ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, այնուհետեւ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը հայտարարեցին, որ հրաժարականի դիմում են գրել:
ArmLur.am-ը երեկ գրել էր, որ թե՛ նախարարի, թե՛ փոխվարչապետի (վերջինս նաեւ Բրյուսովի անվան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է) հրաժարական ներկայացնելն ուղիղ կապված է ԲՊՀ-ի ռեկտոր Կարինե Հարությունյանի վերընտրվելու հետ, քանի որ իշխող քաղաքական թիմն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը հրահանգած են եղել, հետեւաբար նաեւ ակնկալել են, որ իրենց ցանկալի թեկնածուն՝ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը պետք է ռեկտոր ընտրվի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ռեկտորի ընտրությունների ժամանակ նիստը վարող փոխվարչապետ Մաթեւոսյանը խիստ լոյալություն է ապահովել: Անընդհատ շեշտել է, որ պետք է արդար ու անկողմնակալ ընտրություն կազմակերպել: Կարճ ասած, տպավորություն է ստեղծել, որ ինքը որեւէ մեկի կողմից չէ:
«Բավական հետաքրքիր է հոգաբարձուների խորհրդի անդամ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի քվեարկությունը: Այն, իհարկե, գաղտնի է եղել, ու որեւէ մեկը հաստատ չի կարող ասել՝ ինչպես եւ ում օգտին է քվեարկել տիկին փոխնախարարը, բայց չի բացառվում, որ Հարությունյանի թեկնածությանը Անդրեասյանը նույնպես կարող էր կողմ քվեարկել, որպեսզի ներիշխանական ինտրիգներ հյուսվեն, ու ինքը վերջապես կարողանա զբաղեցնել նախարարի աթոռը: Իհարկե, իր քվեարկության մասին միայն ինքը գիտի, բայց այս սցենարը նույնպես բացառել չի կարելի, քանի որ բուհում ներքին խոսակցություններն այնպիսին են եղել, որ ձայներն, ըստ երեւույթին, հավասար՝ 10/10 հարաբերակցությամբ կբաշխվեն, ու հարցը փակուղի կմտնի: Բայց, փաստորեն, 12/8 հարաբերակցությամբ Հարությունյանը վերընտրվել է»,- ասաց «ժողովուրդ» օրաթերթի՝ բուհին մոտ կանգնած աղբյուրը:
Իհարկե, չի բացառվում, որ Համբարձում Մաթեւոսյանի հրաժարականի պատճառներից նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմի խայտառակ ընտրությունները լինեն. այս մի «վրիպումը» նույնպես իշխանությունը չի հանդուրժել:
Ամբողջական հոդվածը՝ «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում