Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով զուգորդված ագրեսիվ պատերազմի հանգամանքները քննելու համար ԱՀ իրավապահ մարմինների կողմից հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնց շրջանակում նախաքննական մարմնի կողմից առգրավվել են բազմաթիվ չպայթած արկեր ու արկերի մնացորդներ, նշանակվել են փորձաքննություններ:
Արցախի դատախազությունից հայտնում են, որ ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից փորձաքննության էր ներկայացվել նաև ԱՀ Մարտունի քաղաքի վարչական տարածքում հայտնաբերված՝ չպայթած հրթիռը և դրանից ստացված նմուշները: Անկախ փորձագիտական խմբի կողմից կատարված հետազոտության արդյունքում տրված եզրակացությամբ (եզրակացությունը ստացվել է 07.12.2022թ.) փաստվել է, որ այն իրենից ներկայացնում է սպիտակ ֆոսֆորից բաղկացած ֆոսֆորային ռազմամթերք:
Ռազմամթերքի հայտնաբերման, վնասազերծման և նմուշառման ողջ գործընթացը կատարվել է մասնագետների մասնակցությամբ, ամրագրված տեսաձայնագրությամբ, հետազոտության առարկան և փորձաքննության նյութերը անհրաժեշտության դեպքում կարող են ներկայացվել միջազգային փորձագետների հետազոտությանը:
Այսպիսով, փորձագիտական հետազոտության արդյունքներով հաստատվել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանի զինված ուժերը զանգվածային ոչնչացման ու մարդկային մեծաթիվ կորստի, տառապանքի ու վնասի հանգեցնող քիմիական զենքով ուղիղ թիրախավորել են այն բնակավայրերը, որտեղ գտնվում էր խաղաղ բնակչություն (պատերազմի օրերին ու դրանից հետո հրապարակվել էին քիմիական զենքի կիրառության մասին վկայող մի շարք տեսանյութեր): Այդ կերպ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Ժնևի կոնվենցիայի (Արձանագրություն 1) 35-րդ հոդվածը, համաձայն որի՝
«1.Ցանկացած զինված ընդհարման դեպքում ընդհարման մեջ գտնվող կողմերի՝ պատերազմելու մեթոդների և միջոցների ընտրության իրավունքն անսահմանափակ չէ:
2.Արգելվում է կիրառել այնպիսի զենքեր, արկեր, նյութեր, ինչպես նաև պատերազմելու այնպիսի մեթոդներ, որոնք կարող են ավելորդ վնասներ կամ ավելորդ տառապանքներ պատճառել:
3.Արգելվում է կիրառել պատերազմելու այնպիսի մեթոդներ կամ միջոցներ, որոնք նպատակ ունեն շրջակա միջավայրին պատճառել, կամ, կարելի է ենթադրել, որ կպատճառեն լայնածավալ, տևական և լուրջ վնաս»: