Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահ չէ, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ: Այս մասին Միրզոյանն ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին:
«Խաղաղության կամ հարաբերությունների հաստատման կարգավորմանն ուղղված բանակցություններն ակտիվ փուլում են, շարունակվում են: Նոր խմբագրությամբ փաստաթուղթ է շրջանառվում: Այժմ մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, հանդես կգանք մեր հերթական առաջարկներով: Ցավոք, կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում դեռևս շատ հեռու են իրարից, բայց նաև հենց դրա համար են բանակցությունները, որ կարողանանք հեռու դիրքորոշումների միջև ընդհանուր եզրեր գտնել ու ունենալ համատեղ արդյունք»,-ասաց Միրզոյանը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն առայժմ շարունակվում են: Կան միմյանց համար անընդունելի հատվածներ, կան հատվածներ, որտեղ կողմերը կարող են միմյանց ընդառաջ քայլեր անել:
Այս պահին մինչև տարեվերջ հանդիպում պլանավորված չէ ԱԳ նախարարների միջև:
«Բայց ես ենթադրում եմ, որ մինչև տարեվերջ մենք կունենանք ևս մեկ հանդիպում: Համենայնդեպս, մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը, մենք ակտիվ և կառուցողական ենք այս բանակցություններում: Վստահ չեմ, որ կհասցնենք մինչև տարեվերջ ունենալ պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ, թեև նախապես այդպես էինք հայտարարել, բայց դա մտադրության հայտարարություն է: Մեր մտադրությունը, մեծ հաշվով, ուժի մեջ է: Մենք աշխատում ենք որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության և այս համապարփակ կարգավորմանը»,-ասաց ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ եթե նույնիսկ չստացվի մինչև տարեվերջ, բանակցությունները կշարունակվեն դրանից հետո: