Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսուհետ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահներին եւ վարչապետներին պետական պահպանություն հնարավոր կլինի տրամադրել միայն վարչապետի որոշմամբ: Այսինքն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ավելացնել իր լիազորությունները, չնայած ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ դեմ էր, որ երկրի ղեկավարն այդքան շատ լիազորություններ ունենա: Հայտնի է, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարելու, որի օրակարգում ընդգրկված է նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս նախագծերով առաջարկվում է սահմանափակել հանրապետության պաշտոնաթող նախագահներին եւ վարչապետներին տրամադրվող անձնական պետական պահպանության տրամադրման ժամկետները: Մասնավորապես, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքում հանրապետության նախագահներին եւ վարչապետներին տրամադրվող անձնական պետական պահպանության տրամադրման ժամկետը սահմանափակել համապատասխանաբար 7 եւ 10 տարիներով: Առաջարկվում է նախատեսել նաեւ իրավակարգավորումներ, որոնց պարագայում հանրապետության պաշտոնաթող նախագահներին եւ վարչապետներին օտարերկրյա պետություններում գտնվելու ժամանակ պետական պահպանություն կտրամադրվի մեկ տարվա ընթացքում օտարերկրյա պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տեւողությամբ այցերի ընթացքում: Այս նախագծով Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ ունեցող Պետական պահպանման ծառայությունը ունենալու է վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ, ավելին՝ պետական պահպանության ծառայության ղեկավարը նշանակվելու եւ ազատվելու է հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, իսկ առաջին տեղակալը՝ վարչապետի կողմից՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ: Այսինքն՝ այստեղ եւս վարչապետը նոր լիազորություններ կունենա եւ ԱԱԾ-ից կվերցնի ՊՊԾ ծառայությունը՝ տանելով իր ենթակայության տակ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։