կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-27 23:46
Արցախ

Արցախի խորհրդարանը մերժել է Արցախից դուրս բնակվող պաշտոնաթող նախագահներին արտոնություններից զրկելու օրենքի նախագիծը

Արցախի խորհրդարանը մերժել է Արցախից դուրս բնակվող պաշտոնաթող նախագահներին արտոնություններից զրկելու օրենքի նախագիծը

Արցախի խորհրդարանը փետրվարի 27-ին կայացած նիստում մերժել է Արցախից դուրս բնակվող պաշտոնաթող նախագահներին արտոնություններից զրկելու օրենքի նախագիծը:

Նախագծի հեղինակ, «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի կողմից օրինագծի մշակման հիմքն ու ազդարարը 2017 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդի հաշվին Արցախում չբնակվող՝ Արցախի պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանի գրասենյակին 53.760.000 ՀՀ դրամի տրամադրումն էր:

«Իրեն հարգող քաղաքակիրթ որևէ պետություն չի կարող իրեն թույլ տալ պաշտոնաթող նախագահին օժտել արտոնություններով, երբ թոշակառուները չունեն նվազագույնը։ Ժամանակին ժողովրդի կողմից ընտրվածը պետք է քայլի ժողովրդի հետ մեկտեղ՝ կեցվածքով, պահվածքով: Իսկ Ապրիլյան պատերազմի օրերին հայ ժողովրդի համախմբման հետ մեկտեղ կարեւոր էր նաեւ Արցախի պաշտոնաթող նախագահների ներկայությունը: Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն կարգավիճակում գտնվող Արցախը չի կարող իրեն թույլ տալ նմանօրինակ շռայլություններ»,- ասել է Ալյոշա Գաբրիելյանը:

Օրենքի նախագծի վերաբերյալ գործադիր իշխանության եզրակացությունը ներկայացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը: «Գործադիր իշխանությունը ոչ նպատակահարմար է գտնում այդ փոփոխությունների կատարումը՝ հաշվի առնելով Սահմանադրությամբ երաշխավորվող արտոնությունները պաշտոնաթող նախագահի բարձր կարգավիճակին համարժեք: Արտոնությունների տրամադրումը որեւէ առնչություն չունի պաշտոնաթող նախագահի՝ Արցախում մշտապես բնակվելու հանգամանքի հետ»,- ասել է Լազարյանը:

Մտքերի փոխանակմանը ելույթով նախ հանդես է եկել «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: «Գաղափարն ընդունելի է, բայց օրենքի նախագիծը՝ թերի»,- ասել է Թովմասյանը եւ հայտարարել, որ խմբակցությունը օրենքի ընդունման քվեարկությանը չի մասնակցելու:

«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանն իր ելույթում նշել է, որ օրենքի նախագծի հեղինակը ներկայացրել է օրինագծի ընդունման քաղաքական, իրավական եւ բարոյական հիմնավորումները:

«Ինչ որակում, ինչ քննարկումներ էլ մենք փորձենք մեջտեղ բերել, բնականաբար՝ քաղաքականի եւ իրավականի կողքին բարոյական բաղադրիչը շատ ակնհայտ է մեր պարագայում՝ Արցախի պարագայում: Մեր քաղաքական ուժերի շրջանակներում տարածված մի թեզ կա, որ այս ամենն ուղղված է նախկին նախագահի կամ գործող նախագահի հասցեին: Ես ուզում եմ բարձրաձայնել, որ այս նախաձեռնությունն ուղղված չէ որեւէ մեկի դեմ: Սա ոչ թե ընդդեմի, այլ հանունի գաղափար է: Այս ամենն ուղղված է հանուն մեր պետական շահի»,- ասել է Դավիթ Իշխանյանը:

Հաջորդիվ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ելույթն էր:

«Որեւէ մեկը դեմ չէ օրենքի հեղինակի գաղափարին: Բայց պաշտոնաթող նախագահների՝ Արցախի Հանրապետությունում բնակվելու հարցը չպետք է ընդունվի օրենքով»,- ասել է Ղուլյանը:

Օրենքին կողմ է քվեարկել 9 պատգամավոր։ Նիստին ներկա մյուս 22 պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել։