կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-22 14:02
Քաղաքական

Պետպահպանության ծառայությունը` ԱԱԾ-ի կազմում, ԴԱՀԿ-ն կդառնա Հարկադիր կատարման ծառայություն, քաղաքապետարանի նիստերին էլ լրագրողներ չեն գնա

Պետպահպանության ծառայությունը` ԱԱԾ-ի կազմում, ԴԱՀԿ-ն կդառնա Հարկադիր կատարման ծառայություն, քաղաքապետարանի նիստերին էլ լրագրողներ չեն գնա

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի և կից ներկայացված նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող` արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ այս ընթացքում բավականին առաջարկներ են եղել, և ներկայացրեց առավել կարևորները:

«Պետական պահպանության ծառայությունը պետք է լինի ԱԱԾ-ի կազմում: Նախկինում խորհուրդ կար, որը քննում էր դիմումների բողոքները, սակայն կառավարության կառուցվածքը թույլ չի տալիս նման մարմին ստեղծել, ուստի նախարարությունների կազմում պետք է լինեն դիմումների հետ կապված բողոքները քննող անձինք: Կառավարությունը հետագայում կսահմանի այդ անձանց թիվը»,- հայտնեց նա:

Հարությունյանն անդրադարձավ հեռախոսային խոսակցությունների վերահսկմանը և ասաց, որ մանրամասն կարգավորել են ինտերնետային հաղորդակցություները: «Կան դեպքեր, երբ դատական ակտի պարագայում իրավունք են ստանում հսկելու նաև անուղղակի կապ ունեցող հեռախոսահամարների խոսակցությունները, սակայն դա չի կարող ցանկացած քրեական հանցագործության պարագայում լինել: Օրենքում ամրագրվել է կարևորագույն արգելք, որ դա կարող է արվել, եթե խոսքը վերաբերում է միայն ահաբեկչությանը կամ ՀՀ պետական ռազմական անվտանգության դեմ հանցագործությունների կանխմանը կամ բացահայտմանը»,- հայտնեց նա:

Հաջորդ փոփոխությունն այն է, որ ԴԱՀԿ-ն կդառնա Հարկադիր կատարման ծառայություն: Դավիթ Հարությունյանն ասաց, որ դատարանները բեռնաթափվում են, և ծառայության անունը փոխելը դրանով է պայմանավորված:

Մյուս փոփոխությունն էլ վերաբերում է Երևանի քաղաքապետարանին: «Երևանի քաղաքապետարանը կունենա կարգուկանոնի անվտանգության ապահովման լիազորություն: Հետո նախատեսվում է, որ քաղաքապետարանի նիստերին լրագրողներն էլ չեն գնալու, լինելու է ուղիղ հեռարձակում, լրագրողները կարող են օգտվել այդ ուղիղ հեռարձակումից»,- ասաց նա:

Հանձնաժողովն ընդունեց նախագիծը: