կարևոր
2803 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-16 16:20
Քաղաքական

Ադրբեջանական քարոզչական դիվերսանտը

Ադրբեջանական քարոզչական դիվերսանտը

7or.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ագրեսիվորեն քարոզում է Ադրբեջանի օգտին։ Նա օգտագործում է բոլոր հակահայկական ձևակերպումները՝ հանուն սեփական կաշվի փրկության։

Նույնիսկ Իլհամ Ալիևը չի հայտարարում, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում Հայաստանն ճանաչել է դեռևս 1991–ին։ Ալիևն ասում է, որ ինքը Ղարաբաղի հարցը լուծել է և հայերից նվաճել է 2020–ի 44–օրյա պատերազմի արդյունքում։

Մինչդեռ Նիկոլը պնդում է, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է ճանաչվել 1991–ին։ Կամ գոնե 1996–ի Լիսաբոնից հետո։ Կամ էլ՝ 1998–ի իշխանափոխությունից հետո։ Քարը պայթի՝ 2007–ին։ Վերջին «վարիանտ»՝ 2016–ի քառօրյա բախումներից հետո կամ 2018–ին՝ իր իշխանության գալուց օրեր առաջ։ Նման ղալաթ նույնիսկ ադրբեջանական քոքված ազգայնամոլները չեն անում։ Բայց Նիկոլն անում է։

Նիկոլն այնքան է խորացել իր գործի մեջ, որ արդեն խճճվել է իր ադրբեջանամետ քարոզի մեջ, բայց այդուհաներձ չի հանձնվում, մինչև վերջ իրեն պահում է թշնամական դիվերսանտի պես։

Նույնիսկ Ադրբեջանի խորհրդարանը 44–օրյա պատերազմին վերաբերող իր հայտարարության մեջ օրերս ընդունեց, որ մինչև պատերազմը Բաքվին ստիպում էին ճանաչել Արցախը (նման բան Ալիևն էլ է հայտարարել)՝ իրենց խոսքերով՝ «ստիպում էին հաշտվել անարդարության հետ»։

Նիկոլն այժմ Ալիևից ավելի ադրբեջանցի է և Էրդողանից ավելի թուրք, քանզի իր բերած պարտությունն ուզում է արդարացնել ու մեղքը բարդել այլոց վրա։ Եվ ամենակարևորը՝ հիմքեր դնել իր ապագա խայտառակ զիջումների համար։ Արդյունքում՝ թշնամական քարոզչամեքենան հղումներ է անում Նիկոլին ու Հայաստանի դեմ պայքարում Նիկոլի միջոցով։

Նիկոլ Փաշինյանն Ալիևի գլխավոր հաղթաթուղթն է։ Չլիներ նա Հայաստանի ղեկին, Ալիևի դիրքերն այսպիսին չէին լինի։ Ալիևը դրսում հիմնավորում է, որ Ղարաբաղի հարցը լուծված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ հղում անելով Նիկոլին։ Հենց դա է պատճառը, որ թուրքերն ու ադրբեջանցիները խիստ շահագրգռված են, որ նա մնա ՀՀ վարչապետի աթոռին։ Իսկ թե ո՞րն է ՀՀ այն քաղաքացիների շահագրգռվածությունը, որոնք Նիկոլի կողմնակից են, դժվար է ասել։ Ավելի ճիշտ՝ ոչ թե դժվար է ասել, այլ ամոթ է ասել։