Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Քարվաճառի շրջան ներխուժած երկու ադրբեջանցի հանցագործներից մեկը՝ Շահբազ Գուլիեւը, ադրբեջանական Xural հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է՝ իրենք Քարվաճառ էին եկել Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի հրահանգով, իսկ պաշտպանության նախարարությունը նախապես տեղյակ է եղել դրանից, գրում է Սպուտնիկ Արմենիան։
2014 թվականի հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել է Քարվաճառի տարածք ադրբեջանական դիվերսանտների ներթափանցման մասին։ Մի քանի օր տեւած որոնողական գործողությունների շնորհիվ Արցախի տարածք մտած զինված ադրբեջանցիներից մեկը սպանվեց, երկուսը՝ Շահբազ Գուլիեւն ու Դիլհամ Ասկերովը, ձերբակալվեցին։
«Ինձ կանչեցին, ասացին՝ պետությանը պետք ես։ Իրականում ինձ մենակ էին ուզում ուղարկել, բայց ես պնդեցի, որ Ասկերովը տեղանքը լավ գիտի, ինքն էլ գա։ Այդ ժամանակ Դիլհամը բռնվել էր, Շամխորի ոստիկանությունում էր։ Նրան բանտից հանեցին, բերեցին»,- պատմում է Գուլիեւը։
Գուլիեւը հատուկ ընդգծում է՝ իրենք Քարվաճառ են մեկնել անմիջապես Ալի Հասանովի գրասենյակից, տեղում նրանց զենք ու նռնակ են տվել, ճանապարհ դրել։ Ավելին՝ Գուլիեւի պնդմամբ, իրենք 1992-ից հետո պարբերաբար Ադրբեջանի ՊՆ իմացությամբ դիվերսիոն ներթափանցումներ են իրականացրել հայկական վերահսկողության տարածքներ։ Նրա խոսքով՝ Բաքու վերադառնալուց հետո Հասանովը միայն Ասկերովին է հանդիպել, իրեն չի տեսել։
Նույն այդ Գուլիեւը, որը Ասկերովի հետ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին արտահանձնվեց Բաքվին, արդեն 2021-ի հունվարի 6-ին Baku TV-ին տված հարցազրույցում հայտարարեց. «Նրանք չէին հավատում մեր ասածներին, որ մենք այցի ենք եկել մեր հարազատների գերեզմաններին, մեզ ահաբեկիչ ու դիվերսանտ էին անվանում։ Նրանց կեղծ իշխանությունները ցանկանում էին Եվրոպային ցույց տալ, որ բռնել են ադրբեջանական ահաբեկիչների ու դիվերսանտների»։
Գուլիեւից անկախ, վերջին օրերին ադրբեջանական Publika.az լրատվական կայքին հարցազրույց է տվել նաեւ Ասկերովի որդին՝ Քյուրդօղլու Ասկերովը, որը հաստատել է այս տեղեկությունը՝ հանցագործները մի քանի անգամ են ներխուժել Արցախի տարածք՝ 2005, 2007, 2009-10 թվականներին։ Ասկերովը հատկապես ընդգծել է, որ 2010 թվականին, երբ ադրբեջանցի զինծառայող Մուբարիզ Իբրահիմովը մտել էր հայկական դիրք ու տեղում սպանվել, իսկ նրա դին մնացել էր հայկական խրամատում, իր հայրը նորից դիվերսիա է կազմակերպել, որպեսզի ողջ հայ զինծառայողների գերեվարի՝ Իբրահիմովի մարմնի հետ փոխանակելու համար։ Երբ հայկական կողմն Ադրբեջանի հանցագործներին բռնեց 2014-ին, նրանց մոտ հայտնաբերվել էին տարբեր տեսանյութեր Քարվաճառից ու հատկապես զորամասերից մեկում զորավարժության ընթացքից։ Գուլիեւը պատմում է, որ նույնանման տեսանյութեր իրենք պարբերաբար փոխանցել են Ադրբեջանի փոխվարչապետին։
«Հասանովին տվածս տեսաերիզը բռնվելուս օրը Ստեփանակերտում հայերը բերեցին, սեղանիս դրեցին»,- ասում է Գուլիեւը։
Պարզվում է՝ Գուլիեւն ու Ասկերովը Բաքու վերադառնալուց հետո սկսել են մեկը մյուսին մեղադրել բռնվելու համար։ Գուլիեւը պատմել է, որ իրենք բռնվել են, իսկ իրենց զինակիցը սպանվել է Ասկերովի պատճառով, որովհետեւ նախապես ծրագրված չի եղել Քարվաճառ քաղաք ներխուժել, սակայն վերջինս պնդել է, որ պետք է մտնել։ Դիլգամ Ասկերովն էլ, Բաքու վերադառնալուց հետո, իր հերթին հասցրել է պնդել, թե Գուլիեւը «հայկական լրտես է, իրեն ծախել է»։ Վերջին հաշվով, երկու հանցագործներն էլ պնդում են, որ Բաքու վերադառնալուց հետո պետությունն իրենց ընդհանրապես ուշադրության չի արժանացնում։ Ասկերովի որդին ասում է՝ հորը նույնիսկ թոշակ չեն տալիս, իսկ Գուլիեւը բողոքում է, որ ընդամենը 180 մանաթ թոշակ է ստանում (մոտ 48 հազար դրամ)։ Գուլիեւը հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ պատրաստվում է ավելի շատ մանրամասներ հայտնել, իսկ այնուհետ ինքնասպան է լինելու։
Հիշեցնենք՝ երբ հայկական կողմը ադրբեջանցի հանցագործներին ձերբակալեց, Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, թե նշված անձինք «խաղաղ բնակիչներ են, որոնք եկել էին իրենց նախնիների գերեզմաններ այցելության»։ Հայկական վերահսկողության տարածքում գտնվելու ընթացքում ադրբեջանցիները հասցրել էին առեւանգել եւ սպանել Քարվաճառի շրջանի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին, Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վրա սպանել էին մայոր Սարգիս Աբրահամյանին եւ ծանր վիրավորել նրա ուղեկից, 1977 թվականի ծնված Կարինե Դավթյանին։ Հանցագործներից Ասկերովը դատապարտվել էր ցմահ, իսկ Գուլիեւը՝ 22 տարվա ազատազրկման։ Ադրբեջանական կողմն ամեն ինչ անում էր նրանց հետ վերադարձնելու համար, ինչի համար նույնիսկ կազմակերպվեց 2014 թվականի օգոստոսյան փոքր պատերազմը, սակայն հայկական կողմը պնդում էր՝ նրանք ոչ թե ռազմագերի են, այլ հանցագործներ, եւ պետք է ազատազրկման ենթարկվեն։ Այնուամենայնիվ, 2020 թվականի դեկտեմբերին հանցագործներն արտահանձնվել են Բաքվին։