Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է hեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու և այլ փաստերով քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը: Գևորգ Կոստանյանի ելույթից հետո ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքը թույլ չի տալիս հիմա նման հանձնաժողով ստեղծել:
«Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Ալեն Սիմոնյանը, դիմելով Կոստանյանին, ասաց. «Դուք իրավաբանական ֆակուլտետում դաս եք տալիս. որ ձեր ուսանողն այսպես ձեզ պատասխաներ, պետք է երկուս նշանակեիք, ուղարկեիք տուն»:
Նա նշեց, որ մի հարց են քննարկելու, որի համար երկու քրեական գործ է հարուցված: «Իսկ կանոնակարգ-օրենքն ասում է` քննչական հանձնաժողովի քննության առարկա չեն կարող դառնալ նախնական քննության կամ դատավարության որևէ այլ փուլում գտնվող հարցերը: Օրենք գոյություն ունի: Լավ իրավաբաններ եք, բա մի հատ նայեիք, իմանայիք` օրենք եք հիմա խախտում»,- ասաց ՍԻմոնյանը:
Կոստանյանն էլ արձագանքեց, թե Սիմոնյանը չի կարող իր դասախոսական գործունեությանը գնահատական տալ: «Դժբախտաբար, ես Ձեզ դաս չեմ տվել, եթե ես Ձեզ դաս տված լինեի, Դուք նման կերպ չէիք վերաբերվի ՀՀ քրեական օրենսգրքի, ԱԺ կանոնակարգ- օրենքի մեկնաբանություններին»,- ասաց նա:
Կոստանյանը նշեց, որ այն հանգամանքները, որոնց փաստերի կապակցությամբ քրեական գործ է հարուցված, դրանք հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիանալ: «Դա բոլորս էլ գիտենք, դա գրված է: Դրա համար ասում եմ` այդ հանգամանքները հիմք են հանդիսացել, որպեսզի մենք քննարկման առարկա դարձնենք`մեր երկրում նամակագրության, հեռախոսային խոսակցությունների գաղտնիության և արդար դատաքննության իրավունքների պատշաճ մեխանիզմներ առկա՞ են, թե՞ ոչ»,- բացատրեց Կոստանյանը և հավելեց` իսկ եթե տեքստում ձևակերպումները չկան, կարող են փոխել, խնդիր չկա:
Սիմոնյանն էլ իր հերթին արձագանքեց. «Օրենքով հստակ գրված է, որ իրավունք չունենք, իսկ այս փոփոխությունն արվել է ձեր իշխանության կողմից: Իսկ եթե Դուք ինձ դասավանդեիք, ես դասի չէի գա ու մեխանիկորեն կստանայի, ասեմ` էդ էլ իմանաք»:
«Ձեր ինքնավստահությունը ձեր իրավական գիտելիքների վերաբերյալ ողջունելի է, մենաբանությունները, կարծում եմ, ավելորդ են»,- պատասխանեց Կոստանյանը: