կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-14 12:07
Հասարակություն

Իշխան Զաքարյանը ներկայացրեց բազմաթիվ չարաշահման դեպքեր՝ սոցփաթեթներով հանգստի մեկնելու գործընթացում

Իշխան Զաքարյանը ներկայացրեց բազմաթիվ չարաշահման դեպքեր՝ սոցփաթեթներով հանգստի մեկնելու գործընթացում

Այսօր կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ սոցփաթեթում հանգստի բաղադրիչի կասեցման հարցին: Նա նշեց, որ հանձնարարել է Վերահսկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանին այդ մասով կատարել ուսումնասիրություններ և ներկայացնել զեկույց այդ ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ:

Իշխան Զաքարյանը նշեց, որ ՎՊ-ն ուսումնասիրություններ է իրականացրել Հայաստանի տարբեր զբոսաշրջային համայնքների հանգստյան տներում ու հյուրանոցներում, հայտնաբերելով 300 միլիոն դրամի տարբեր խախտումներ: Իշխան Զաքարյանի խոսքով՝ խախտումներն առաջացել են հետևյալ պատճառներով. նախ պետբյուջեից գումարները տրվել են երկու ուղղությամբ՝ հանգստի կազմակերպում և առողջապահության կազմակերպում:

Գումարները ծախսվում են զբոսաշրջային օպերատորների կողմից, որոնց լիցենզավորում է էկոնոմիկայի նախարարությունը: Ըստ այդմ, սոցփաթեթի մասով ծառայություններ են մատուցում 69 զբոսաշրջային օպերատորներ, որոնցից ՎՊ-ն ուսումնասիրություններ հասցրել է կատարել միայն 7 ընկերություններում:

«Որոշ զբոսաշրջային օպերատորներ չեն կատարել իրենց պարտավորությունները և բյուջեի գումարները ծախսել են այլ նպատակներով, ինչի հետևանքով պարտքեր են գոյացել: Ամրագրման հավաստագրերից շատ հաճախ օգտվել են ոչ շահառու անձինք: Եղել են ապօրինի կանխիկացման դեպքեր, ինչը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին:

Որոշ զբոսաշրջային օպերատորներ ծառայություններ են մատուցել, սակայն ընդգրկված չեն եղել ու հաշվառված չեն եղել էկոնոմիկայի նախարարությունում, և այդ զբոսաշրջային օպերատորների հաշվառումը կրել է ձևական բնույթ, ինչի հետեւանքով ծառայությունների մատուցումը եղել է ոչ թափանցիկ և անվերահսկելի: Շատ դեպքերում զբոսաշրջային օպերատորների կողմից կատարված փոխանցումներ չեն կատարվել բանկերին, վերջիններից տեղեկատվություն ստանալ չի հաջողվել, որովհետև հղում է կատարվել բանկային գաղտնիքի մասին օրենքին»,- սոցփաթեթների ծառայությունների մատուցման մասով խախտումների պատճառները ներկայացրեց Իշխան Զաքարյանը:

Նա նշեց, որ այս ամենը հաշվի առնելով առաջարկվում է կառավարությանը սոցփաթեթի համար նախատեսված պետբյուջեի գումարների անօրինական կանխիկացումը դադարեցնելու նպատակով լրամշակել հանգստի բաղադրիչին վերաբերող օրենսդրական կարգավորումները:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե ինչ են պատրաստվում անել այդ ստուգումների արդյունքների հետ կապված: Իշխան Զաքարյանը նշեց, որ ՎՊ-ն ստուգումներ կատարել է 69 զբոսաշրջային օպերատորական կազմակերպություններից միայն 7-ում, որովհետև ֆիզիկապես չեն հասցրել բոլոր օպորատորներին ստուգել: Իշխան Զաքարյանը խնդրեց ստուգումներին ներգրավել նաև վարչապետի վերահսկողական ծառայությանը, որպեսզի բոլոր օպերատորներին կարողանան ստուգել ու ամփոփ զեկույց մշակեն սոցփաթեթի վերաբերյալ:

«Սոցփաթեթի ամսով պետբյուջեն իր պարտավորությունները կատարել է 100 տոկոսով, հատկացնելով գումարները, սակայն բազմաթիվ դեպքերով զբոսաշրջային օպերատորական կազմակերպությունները ծառայություններ չեն մատուցել, դիմելով բազմաթիվ խախտումների: Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե ինչ արդյունքներ կան մարզերում գործող սոցիալական գրասենյակներում իրականացրած ՎՊ ստուգումներից:

Իշխան Զաքարյանը նշեց, որ ՎՊ-ն ավարտել է Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի սոցիալական գրասենյակների ստուգումները: Այս պահի դրությամբ ստուգումներ են իրականացվում Գեղարքունիքի մարզպետարանում, ստուգվում են Վարդենիսի, Գավառի, Մարտունու սոցիալական գրասենյակները, որից հետո կստուգվեն Ճամբարակի, Սևանի սոցգրասենյակները, և ամփոփ զեկույց կներկայացվի վարչապետին:

Հովիկ Աբրահամյանը նշեց. « Երբ մենք կառավարության անցած նիստում հայտարարեցինք, որ սոցփաթեթի հանգստի բաղադրիչը կասեցնում ենք միջնաժամկետ ծախսերի ծրագրում, բազմաթիվ հարթակներում սկսվեցին ահիմն քննարկումներ: Տեսանք, որ ՎՊ զեկույցի համաձայն բազմաթիվ խախտումներ են եղել, ուստի հանգստի բաղադրիչի կասեցումը միջնաժամկետ ծախսերի ծրագրում ճիշտ էր: Իհարկե, խախտումնեը վերացնելուց հետո 2017թ բյուջեի նախագիծը քննարկելիս մենք սոցիալական բաղադրիչը անպայման կընդգրկենք:

Ցավ է, որ մեր քաղաքացիները մտնում են գործարքի մեջ ոլորտի համապատասխան աշխատակիցների հետ, մինչդեռ մենք գումարը հատկացնում ենք մեր քաղաքացիների հանգստի կազմակերպման համար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: