Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
NEWS.am-ը գրում է․
«Սեպտեմբերի 20–ին ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների աճյուներից մեկն էլ 19–ամյա Վոլոդյա Աբրահամյանինն էր։
Վոլոդյան Երեւանից էր, ընտանիքի ավագ որդին, իրենից փոքր եղբայր ունի։ Վոլոդյան սովորում էր Մանկավարժական համալսարանի «Հեռուստալրագրության» բաժնում, բանակ էր զորակոչվել 2022 թվականի փետրվարին, Գորիսում էր ծառայում։
NEWS.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Հռիփսիմեն պատմեց, որ Վոլոդյան զոհվել է Իշխանասարում, սեպտեմբերի 13–ի լուսադեմին։
«Վոլոդյայենց նահանջի հրաման են տված լինում, բայց հրամանատարն ասել է՝ ես ուզում եմ, որ ինքն իմ հետ գա, Վոլոդյան էլ հրամանատարին միայնակ չի թողել ու նրա հետ գնացել է Իշխանասար։ Ամբողջ գիշեր մասնակցել են մարտերին, իսկ լուսադեմին երկուսն էլ հրազենային մահացու վիրավորում են ստացել։ Մենք Վոլոդյայի նկարը տեսել ենք ադրբեջանական կայքերում ու միանգամից ճանաչել։ Մեզ ասում էին, որ Վոլոդյան զոհերի ցանկում չկա, տասը օր փնտրել ենք նրան, հետո միայն մեզ կանչել են նրա մարմինը ճանաչելու։ Վոլոդյայի աճյունը ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների շարքում էր»,– ասաց Հռիփսիմեն։
Վոլոդյայի հետ ծնողները վերջին անգամ զրուցել են ադրբեջանական զինուժի հարձակումից ժամեր առաջ։ Ասել էր՝ «ամեն ինչ կարգին է, խաղաղ է, հանգիստ եղեք»։
Վոլոդյան մտադիր էր զորակոչվելուց հետո ուսումը շարունակել։
«Իր ուժերով, առանց կրկնուսույցի մոտ պարապելու, ընդունվել էր լրագրության բաժինը։ Ուզում էր ռադիո–հեռուստահաղորդավար դառնալ, բայց նաեւ լրագրությունն էր սիրում։ Հետաքրքրասեր էր, սիրում էր կարդալ, ինֆորմացիա հավաքել։
Վլեիս նմանը չկա, գրագետ, մարդկային, կամեցող, շատ պատասխանատու ու ինքնուրույն էր, ամեն ինչով օրինակելի։ Հասցրեց մի քանի ամիս սովորել ու փետրվարին բանակ զորակոչվեց»,–պատմեց Հռիփսիմեն։
Վոլոդյայի մասին ջերմ հիշողություններով մեզ հետ զրույցում կիսվեց նաեւ նրա դասընկերը՝ Էդուարդ Պողոսյանը։
«Վոլոդյան մարդու բացառիկ տեսակ էր, հիանալի ընկեր, օրինակելի աշակերտ։ Իր հնարավորությունների սահմանում, օգնում էր բոլորին՝ ծանոթ թե անծանոթ։ Բարության ու ազնվության մարմնավորում էր Վոլոդյան։ Պարույր Սեւակ էր շատ սիրում կարդալ, գիտեր նրա հարյուրավոր բանաստեղծությունները։ Ուզում էր հաղորդավար դառնալ, մենք միշտ ասում էինք, որ իր կերպարը շատ եթերային է, իրեն հաստատ կհաջողվի հաղորդավար դառնալ»,– պատմեց Էդուարդը։
Վոլոդյա Աբրահամյանը հուղարկավորվել է այսօր՝ սեպտեմբերի 25–ին, զինվորական կարգով, ընտանեկան գերեզմանատանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել»:
Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետեւանքով հայկական կողմն ունի 207 զոհ եւ անհետ կորած։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։