Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան ազատամարտի մասնակից, գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը ցնցված է` մի՞թե մարդու երկակիությունը կարող է այդ աստիճան լինել: Խոսելով ԱԱԾ-ի կողմից Մանվել Գրիգորյանի վերաբերյալ բացահայտումների մասին՝ նա լարգորղների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Նապոլեոնը մի առիթով ասել է՝ մեծից մինչև ծիծաղելին մեկ քայլ է, և Մանվել Գրիգորյանն այդ քայլն արեց:
«Ես միշտ ասել եմ, որ Մանվել Գրիգորյանի դերն իրականում մեծ է եղել Հադրութում և հատկապես` Մարտակերտում: Երբ Մարտակերտում 1800 զոհ էինք տալիս, բայց չէինք կարողանում իրավիճակը կարգավորել, Մանվել Գրիգորյանը կարողացավ հետ վերցնել այդ հողերը 70 զոհով: Ես Մարտակերտում կռվել եմ և գիտեմ ծանր վիճակը, որը կոտրեց Մանվելը ու հաղթանակ բերեց: Բայց այդ հաղթանակ բերած մարդը չկարողացավ իր բարձրության վրա գտնվել: Երբ ապրիլի 4-ին իմ ընկերները՝ Մայիսը, Արմենը, կենդանի այրվում էին Թալիշում, մենք չէինք կարողանում նրանց օգնել, ու ես այդ ժամանակ էլ այդպիսի հոգեկան ցավ չեմ ապրել, որքան ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութի կադրերը նայելիս», ասաց Հովհաննիսյանը:
Նա հիշեց նաև, որ Արցախյան ազատամարտի տարիներին Մանվել Գրիգորյանը, փաստորեն, խաղացել է մի դեր, իսկ հետո այլ դերի մեջ մտել: «Ինքը ցուցադրել է մեկ բան, բայց ներսում այլ մարդ է եղել: Երբ գնում էին` պահեստից մի բան վերցնելու, Գրիգորյանն ասում էր՝ սա ժողովրդինն է, ժողովրդի ուղարկածը: Երբ մենք չէինք սափրվում, Մանվել Գրիգորյանն ասում էր՝ սափրվեք, չէ՞ որ դուք զինվորներին օրինակ եք ծառայում»,- նշեց Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ ապրիլյան պատերազմին նույնպես եղել է տեղում, և ներկայացրեց սխեմաները՝ ինչպես էր մատակարարվում ամեն ինչ: «Սիսիանի երկրապահ ջոկատը գտնվում էր Թալիշում, և գունդը մեզ ամեն ինչ տալիս էր՝ օգնություններ: Սիսիանից, օրինակ, բիզնեսմեններ, ժողովուրդն ամեն ինչ հավաքում և բերում էին: Ունեինք առանձին պահեստ, որի պատասխանատու նշանակված էր Լալոն: Լալոն կռված տղա է, ու ամեն օր դիրքերից Արթուր Մուրադյանը, ով երկար տարիներ ծառայել է որպես թիկունքի գծով սպա, պտտվում էր դիրքերում, նայում, թե ինչ է պետք, պահեստից վերցնում ու տղաներին էին մատակարարում»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ երբ Ստեփանակերտում ինչ-որ գազալցակայանի մոտ Մանվել Գրիգորյանը հրավիրվել էր խորհրդակցության, ինքը նույնպես ներկա է եղել: Հովհաննիսյանը հիշեց, որ հանդիպման վայրի մոտ կար մեծ պահեստ՝ երկրապահի ընդհանուր պահեստը, որտեղից իրենք ստանում էին հագուստ և այլն: «Մատակարարումը բազմահոսք էր՝ Երևանի 3-4 դպրոցներ անձամբ զանգել են ինձ ու ասել, որ նամակներ, ծանրոցներ են ուղարկել: Ես ստորագրել եմ, որ ստացել եմ այդ ամենը, տարել դիրքեր, որտեղ զինվորն ու երկրապահը կողք կողքի էին ծառայում: Մի քանի դիրքերում էլ հեռախոսս տվել եմ տղաներին, որ զանգեն տնօրեններին՝ շնորհակալություն հայտնելու: Այսինքն՝ կենտրոնացված չի եղել մատակարարումը. Սիսիանի դպրոցներն ուղարկում էին Սիսիանի ջոկատին, Գորիսի ջոկատները՝ Գորիսի ջոկատներին»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով` թե ինչպես է երկրապահի պահեստից յուրացում կատարվել, չգիտի, բայց դա ստորություն է
Իսկ թե ո՞ր օղակն է թերացել, որ յուրացումներ են եղել, Հովհաննիսյանը նշեց, որ չգիտի՝ ինչպես են մատակարարման ապահովման խնդիրները լուծվել: