կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-04 12:24
Քաղաքական

Թե հետո ինչ եղավ, ինքներդ կարող եք հասկանալ. Վալերի Օսիպյանը` բռնության ենթարկված մարզիկի հոր ցուցմունքների փոփոխության մասին

Թե հետո ինչ եղավ, ինքներդ կարող եք հասկանալ. Վալերի Օսիպյանը` բռնության ենթարկված մարզիկի հոր ցուցմունքների փոփոխության մասին

Կառավարության նիստից առաջ լրագրողները ոստիկանապետ Վալերի Օսիպյանին խնդրեցին անդրադառնալ երեկ Օլիմպավանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին:

Հիշեցնենք, որ, ոստիկանության հաղորդագրության համաձայն, երեկ կողոսկրի կոտրվածքով եւ այլ վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 50-ամյա տղամարդը ոստիկանությանը հայտնել է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում նրան հարվածել է Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։

Այս միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել, Բաբայանը ձերբակալված է: Սակայն ուշագրավ է, որ «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ծեծի մասին մինչ այդ հաղորդում տված տղամարդը հրաժարվել է իր խոսքերից եւ հայտնել, որ խնդիր չունի Ծառուկյանի հետ: Ավելի ուշ տուժողի կինը հայտարարել էր, թե ամուսինը պարզապես սայթաքել, ընկել է ու նման վնասվածքներ ստացել:

Լրագրողները ոստիկանապետից հարցրեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի տուժողի ցուցմունքների փոփոխությունը: Օսիպյանը պատասխանեց. «Ամեն երրորդը կարո՞ղ է հանրապետությունում նման վնասվածքներով ման գալ: Չեմ կարծում, որ դա իրականությանը համապատասխանում է: Մենք տուժողի հաղորդման հիման վրա ենք հայտարարություն տարածել: Այնպես չէ, որ մենք մոտավոր ենք գործում, իսկ թե հետո ինչ եղավ, ինքներդ կարող եք հասկանալ: Եթե կարելի է սայթաքելով այդպիսի մարմնական վնասվածք ստանալ, խնդիր չկա»: