կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-22 14:26
Քաղաքական

Քայլերթ Գլենդելում՝ ընդդեմ Փաշինյանի իշխանության և ի աջակցություն «Դիմադրություն» շարժման

Քայլերթ Գլենդելում՝ ընդդեմ Փաշինյանի իշխանության և ի աջակցություն «Դիմադրություն» շարժման

Հայաստանում «Դիմադրութեան» շարժման թափ ստանալուն զուգահեռ Սփիւռքը նաեւ իր աջակցութիւնն է յայտնում Հայաստանը թրքահաճոյ քաղաքականութիւն վարող իշխանութիւններից ազատագրելու շարժմանը:

Վերջին երկու շաբաթների ընթացքում արդէն երրորդ անգամ լոսանջելըսահայութիւնը քայլերթի մասնակցելով իր ձայնը միացրեց Հայաստանում ու սփիւռքի տարբեր համայնքներում Նիկոլ Փաշինեանի հրաժարականը պահանջող իր քոյր-եղբայրներին:

Շաբաթ մայիսի 21-ի կէսօրին Գլենդէլի Արցախի փողոցի անկիւնում գտնուող Հանրային գրադարանի առջեւից մեկնարկեց ՀՅԴ երիտասարդական կառոյցի կողմից կազմակերպուած քայլերթը, որն աւարտուեց Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսութեան շէնքի առջեւ:

Քայլերթին մասնակցողները անցնելով Գլենդէլի կենտրոնական փողոցներով վանկարկեցին «Առանց Նիկոլ Հայաստան» եւ «Առանց թուրքի Հայաստան» կարգախօսները, միեւնոյն ժամանակ «Ո՛չ» ասելով Նիկոլ Փաշինեանին ու թուրքին եւ «Այո՛» ասելով Հայաստանին, Արցախին եւ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեանը:

Քայլերթի ընթացքում յարակից շէնքերի պատշգամբներից իրենց ողջոյներով միջոցառման մասնակիցներին միացան տասնեակ հայ հայրենակիցներ:

Ի դէպ, ամբողջ երթի ընթացքում հայերէն եւ անգելէն լեզուով թռուցիկներ բաժանուելով փորձ կատարուեց անցորդներին իրազեկել քայլերթի նպատակների ու պահանջների մասին:

Քայլերթի աւարտին Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսարանի դիմաց նախ խօսք առաւ հիւրաբար ԱՄՆ-ում գտնուող ՀՅԴ Եւրոպայի Կենտրոնական Կոմիտէի անդամ Հրաչ Վարժապետեանը: Իր խօսքում Հրաչ Վարժապետեանն անդրադարձաւ մէկ ամսից ի վեր ամենայն հայոց մայրաքաղաք Երեւանում ձեւաւորուած շարժման նպատակներին ու պահանջներին: Նա յղում կատարելով Թուրքիայի ԱԳ նախարարի վերջին յայտարարութեանը, որտեղ վերջինս նշել էր, որ Հայաստանում արմատական ընդդիմութիւնը եւ սփիւռքը պահանջում են Հայաստանի իշխանութիւնների հեռացումը, յաւելեց, որ դա վառ ապացոյցն է այն իրողութեան, որ այսօր Թուրքիան օգնութեան ձեռք է մեկնում Հայաստանի դաւաճան իշխանութիւններին: Նա միեւնոյն ժամանակ անդրադարձաւ Հայաստանում ժողովրդավարութեան գոյութեան մասին ծիծաղելի յայտարարութիւններին եւ նման յաւակնութիւնների ստայօդութեան վառ վկայութիւնը համարեց մէկ օրուայ ընթացքում աւելի քան 400 ցուցարարների ձերբակալութիւնը կամ աւելի ճիշտ առեւանգումը, որը մրցանիշ է համարւում Հայաստանի պատմութեան մէջ: Նա վերջում խօսքն ուղղելով Հայաստանի իշխանութիւններին յայտարարեց. «Պիտի երթաք, պիտի պարտուիք, որովհետեւ Լաօն զարթնած է, Լաօն պիտի շարունակէ իր շարժումը եւ պիտի հասնի իր նպատակին եւ ազատ, անկախ ու միացեալ Հայաստանին»:

Հանրահաւաքի վերջում, քայլերթը կազմակերպած ՀՅԴ երիտասարդական կառոյցի խօսքը փոխանցեց նոյն կառոյցի անդամ Արամ Մանուկեանը:

Արամ Մանուկեանի խօսքը հիմնականում ուղղուած էր հասարակութեան այն փոքրաթիւ շերտին, որը դեռ շարունակում է հաւատալ Նիկոլ Փաշինեանի ստերին ու «Գլենդէլի փողոցներում քֆուր է տալիս» Նիկոլի իշխանութիւնը մերժողներին:

«2018 թուականին սրան բերիք, որ Հայաստանը դառնայ աւելի ժողովրդավար, աւելի քիչ կոռումպացուած, աւելի խաղաղ ու ապահով: Արդեօք 2018 թուականից մինչեւ հիմա ձեր մարգարէն աւելի ժողովրդավար պետութիւն է կերտել: Երբ միջազգային կազմակերպութիւններ հանդէս են գալիս Հայաստանի իշխանութիւնների կողմից մարդու իրաւունքների ոտնահարման մասին փաստերով դուք ասում էք, թէ այդպէս բան չկայ ու սուտ է: Բայց նոյն կազմակերպութիւնների 2008 թուականի արձանագրումներն օգտագործում էք ձեր մարգարէին պաշտպանելու համար: Արդեօ՞ք մեր հայրենիքն այսօր աւելի քիչ կոռումպացուած է: Երբ պետական բիւջէն թալանում են, ասում էք լաւ են անում: Երբ իրենք բարձրացնում են իրենց աշխատավարձերը իրենք իրենց պարգեւավճար են յատկացնում ու մէկ օրուայ ընթացքում 6,5 միլիոն դրամ գումար են վճարում ոստիկանութեանը, դուք ասում էք, որ սա նոռմալ է»,- յայտարարեց Արամ Մանուկեանն իր խօսքն ուղղելով դեռ Նիկոլ պաշտող հասարակութեանը:

Նա թուրքի հետ բարեկամութիւն քարոզողներին կոչ արեց Գլենդէլ գալու փոխարէն մեկնել Ստամբուլ ու հարեւանութիւն անել նրանց հետ:

Բանախօսը ողջունելով այն մոլորուածներին, որոնք ժամանակին Նիկոլ էին պաշտում, իսկ այսօր միացել են դիմադրութեան շարքերին, դեռ նիկոլիզմով տառապողներին կոչ արեց զարթնել քանի դեռ ուշ չէ:

Արամ Մանուկեանը վերջում մէջբերելով Գարեգին Նժդեհի այն յայտնի խօսքը, թէ «Հայերի խնդիրը նրանում չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն որ կան թուրքանման հայեր» եզրակացրեց. «Այսօր եւ վաղը մենք անելու ենք ամէն ինչ, որպէսզի մեր հայրենիքը լինի ապահով, խաղաղ, ինքնակամ ու հզօր»:

Ի աջակցութիւն «Դիմադրութեան» շարժմանը կազմակերպուած քայլերթի ու հանրահաւաքի աւարտին ներկաները միասին երգեցին այս օրերին շարժման խորհրդանիշը դարձած «Զարթիր Լաօ»-ն:

Միջոցառման տեսանյութը՝ այստեղ.


Թղթակցութիւն՝ Ռոբերտ Մարգարեան

Լուսանկարներ՝ Րաֆֆիկ Արզումանեան

oragark.com