կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-01 15:11
Աշխարհ

Ի աջակցություն «Դիմադրություն» շարժման՝ Լոս Անջելեսում խոշոր ավտոերթ ու հավաք է տեղի ունեցել

ԱՄՆ հայ համայնքի մի շարք կազմակերպություններ ու անձինք ապրիլի 30-ին խոշոր ավտոերթ են նախաձեռնել Լոս Անջելեսում: Ավտոերթով լոսանջելեսաբնակ հայությունն իր աջակցությունն է հայտնել Արցախի և Հայաստանի Հանրապետության փրկության համար պայքարի ելած և համազգային «Դիմադրություն» շարժում ձևավորած իրենց հայրենակիցներին:

Նախաձեռնության մասնակիցները որոշ ժամանակով փակել են փողոցներ, Ադրբեջանի և Թուրքիայի հյուպատոսարանների առջև հայտարարել, որ հայ ժողովուրդը վճռականորեն պաշտպանելու է արցախահայության ինքնորոշման ու ազատ ապրելու իրավունքը: Նրանք նշված հյուպատոսարանների առջև բարձրացրել են Արցախի դրոշը՝ հայտարարելով, որ Արցախը որևէ դեպքում չի լինելու Ադրբեջանի կազմում, և Ալիևն ու Էրդողանն իրենց հետ գերեզման են տանելու իրենց այդ երազանքը:

Ավտոերթի մասնակիցները Թուրքիայի հյուպատոսարանի առջև հայտարարել են, որ հարաբերությունների՝ նման կերպ կարգավորման գործընթացին դեմ են, քանի որ դրա միջոցով Փաշինյանը զոհասեղանին է դնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հայոց պահանջատիրության հարցը, Հայաստանը տանում է թրքացման:

«Այսօրվա ավտոերթն ունի մեկ պատգամ՝ ազատել Արցախը, ապահովել Հայաստանը՝ հեռացնելով այսօրվա չարիքի իշխանություններին: Ավտոերթը Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության առջև պահանջում է Փաշինյանի կառավարության անհապաղ հեռացումը: Ավտոերթով մենք մեր աջակցությունն ենք այս օրերին Հայաստանում պայքարող մեր հայրենակիցներին, այն հայորդիներին, որոնք դուրս են եկել Հայաստանի և Արցախի փրկության համար: Այս օրը հայությունը հայտարարել է Արցախի պաշտպանության և հայաստանի թրքանպաստ իշխանությունների հեռացման  պայքարին աջակցելու օր», - հայտարարել է ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի կառույցի անդամ Վիգեն Սոսիկյանը՝ հավելելով, որ ավտոերթի մասնակցիների թիվը գնալով ավելացել է:

Ավտոերթն այնուհետև այցելել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության առջև, որտեղ  տեղի է ունեցել հանրահավաք՝ ընդդեմ Փաշինյանի իշխանության:

«Ավտոերթով մենք միջազգային հանրությանն ուղերձ հղեցինք, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները չեն ներկայացնում ո՛չ Սփյուռքը, ո՛չ Հայաստանի ու հայ ժողովուրդը: ՀՀ իշխանությունները ոչ մի իրավունք չունեն խոսելու վերջիններիս անունից: Հետևաբար՝ այդ իշխանությունների ցանկացած պայմանագիր կամ գործարք մեր տեսանկյունից համարվում է անվավեր ու անարժեք», - Լոս Անջելեսում ՀՀ դեսպանատան առջև տեղի ունեցած հավաքին հայտարարել է ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի կառույցի անդամ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը:

Վ. Սարգսյան