Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ այդ առաջարկները հրապարակվեցին, եւ ես պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ դա բացարձակ խայտառակություն է։ Այսինքն՝ վաղուց ոչ ոք նման առիթ չի տվել Ադրբեջանին ու միջազգային հանրությանը ծաղրել Հայաստանի քաղաքական, դիվանագիտական միտքն ու ներուժը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին ուղարկված վեց առաջարկները։
«Երեկ այդ առաջարկները հրապարակվեցին, եւ պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ դա բացարձակ խայտառակություն է։ Այսինքն՝ վաղուց ոչ ոք նման առիթ չի տվել Ադրբեջանին ու միջազգային հանրությանը ծաղրել Հայաստանի քաղաքական, դիվանագիտական միտքն ու ներուժը։ Այս, այսպես կոչված, վեց առաջարկները պարզապես ցածրակարգ շարադրություն են, որը չի պարունակում լուրջ ինտելեկտուալ քաղաքական աշխատանք, որից որեւէ շահեկան քաղաքական հետեւանքներ ակնկալելը միամտություն կլինի»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Որպես օրինակ նա բերեց առաջին նախադասությունը, որում ասվում է, որ «Ադրբեջանը մեզ նամակ է տվել X օրը, եւ այդ նամակը մեզ հասել է Y օրը»։ Քաղաքական գործիչը նշեց, որ սա ընդամենը դիվանագիտական ձեւակերպման տարր է, որը ներկայացվում է որպես առաջարկ։
Նա մեկնաբանեց նաեւ Հայաստանի անունից Ադրբեջանին ուղարկված երկրորդ առաջարկը, որտեղ ասվում է, թե Հայաստանը հայտարարել է, որ ԱՊՀ մտնելիս տարածքային պահանջներ չունի եւ չի ունեցել Ադրբեջանի նկատմամբ։
Քաղաքական գործիչը կրկնեց, որ Հայաստանը երբեք տարածքային պահանջներ չի ունեցել Ադրբեջանի նկատմամբ, սակայն տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արցախյան կարգավորման երեք սկզբունքներից մեկն է։
«Հայաստանը 1992 թվականին այս պայմանագիրը արցախյան հակամարտության հետ կապված վերապահումով է վավերացրել։ Ձեզ նորից խաբում են։ Նիկոլը ստում է, Արարատը ստում է, հիմա նրանց միացել է Էդմոնը։ ԱՊՀ մտնելիս Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ տարածքային ամբողջականությունը չի ճանաչվում միջազգային կառույցներ մտնելիս, այլ ճանաչվում է երկկողմ հարաբերությունների շրջանակներում»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է երրորդ առաջարկին, Արմեն Աշոտյանը նշեց, որ դրանում նշվում է, որ հայկական կողմի համար լուծման հիմնարար խնդիրներն են անվտանգության երաշխիքների լուծմանը, արցախահայության իրավունքների ու ազատությունների հարգմանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին վերաբերող հարցերը։
«Հիմա հարց՝ եթե Արցախը չեն հանձնում Ադրբեջանին, Նիկոլը չի հրաժարվում Արցախից, ինչո՞ւ Հայաստանը այս կետում չի նշել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը պետք է հայ-ադրբեջանական բանակցային փաթեթի մաս կազմի։ Ի՞նչ է նշանակում «Արցախի ժողովրդի ազատության իրավունքներ։ Ո՞վ է դա երաշխավորելու»,- նշեց քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունների համար չկա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք։
Նրա խոսքով՝ այս ձեւակերպումից հստակ բխում է, որ այդ կարգավիճակը կարող է լինել նաեւ Ադրբեջանի կազմում։ Աշոտյանի խոսքով՝ երրորդ կետը դավաճանությունն է։
Քաղաքական գործիչը մեկնաբանեց չորրորդ կետը, որտեղ ասվում է, որ Հայաստանը կարեւորում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարությունների կետերի լիարժեք կատարումը։ Խոսքը, մասնավորապես, գերիների վերադարձի եւ հաղորդակցությունների բացման մասին է։
«Ինչպե՞ս կարող են արդեն ստորագրված երեք հայտարարությունները սկզբունք համարվել»,-նշեց Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ կետը կարելի էր սկզբունքային անվանել, եթե նշվեր այս գործընթացի իրականացման հնարավորությունը միայն հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց ադրբեջանական բանտերից ազատ արձակելու դեպքում։
Հինգերորդ սկզբունքն ասում է, որ հայկական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ խաղաղ միջպետական հարաբերություններ հաստատելու շուրջ՝ ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։
«Այս կետում էլ են նրանք փորձում տակից դուրս գալ՝ հայտարարելով, որ այստեղ գրված է ինքնորոշման իրավունքի մասին։ Նրանք կրկին ապացուցում են, որ չունեն համարձակություն, ցանկություն, գիտելիք՝ առաջ տանելու ազգերի ինքնորոշման սկզբունքը»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը։
Նա նշեց, որ առանց այս սկզբունքի բոլոր խոսակցությունները տանում են դեպի Արցախը Ադրբեջանին միացնելուն։
Մեկնաբանելով վեցերորդ կետը, որ համապատասխան բանակցություններ կազմակերպելու համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, քաղաքական գործիչը կրկին նկատեց, որ այդ կետը ոչ թե սկզբունք է, այլ դիվանագիտական ձեւակերպման տարր։
Բացի այդ, Արմեն Աշոտյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի ասածը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը չի սպասի ԵԱՀԿ Մինսկի խմբի վերականգնմանը, այլ հարաբերությունները կկարգավորի երկկողմ ձեւաչափով, իսկ այս սկզբունքում հայտարարում է, որ ինքը կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ է պատկերացնում։