կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-05 19:21
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի հեռանալու պատրաստակամությանը ոչ ոք չի նայելու․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանի հեռանալու պատրաստակամությանը ոչ ոք չի նայելու, ինքը ժողովրդական ճնշման տակ պետք է հեռանա՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքին հաջորդած երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում:

«Այն քաղաքական ուժերը, որոնք վարչապետի թեկնածու են առաջադրել Վազգեն Մանուկյանին, որոշում են կայացրել, որ մեկ տարի արտահերթ ընտրություններ տեղի չեն ունենալու, գործելու է ժամանակավոր անցումային կառավարությունը»,-ևս մեկ անգամ վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը:

Հայաստանի ներքաղաքական կյանքում Ռուսաստանից եկող ազդակների մասին Իշխան Սաղաթելյանն ասաց, որ Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող ցանկացած հարց պետք է լուծվի Հայաստանի ներսում:

«Դա միանշանակ է, չի քննարկվում: Այդ որոշումները մենք ենք կայացրել: Այն հակաքարոզչությունը, որ Մոսկվայում թեկնածու  է որոշվել, անընդունելի է եւ չի կարող այդպես լինել»,-վստահեցրեց նա:

Վազգեն Մանուկյանի անցումային կառավարությունում ո՞վ է լինելու՝ հարցին, Սաղաթելյանը պատասխանեց․ «Թեկնածուները պետք է լինեն հմուտ կառավարիչներ, նորմալ անցյալով մարդիկ՝ հասարակության կողմից ընդունված: Որեւէ պայմանավորվածություն չկա, ես ո՞նց կարող եմ հիմա որեւէ անձի անուն ասել»:

Արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցերը եւս դեռ չեն քննարկել՝ վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։

«Այսինքն մենք ունենք շատ առաջնահերթ խնդիրներ՝ փրկել մեր երկիրը: Մեզ սպասվում է սոցիալ-տնտեսական կոլապս, հումանիտար աղետ: Հիմա գլխավոր խնդիրն է հեռացնել Նիկոլին եւ լուծել այդ խնդիրները: Մեկ տարի հետո ընտրություններին թե ով ում հետ կմասնակցի, ինչ քաղաքական դաշինքներ կլինեն, անիմաստ է  հիմա այդ մասին խոսելը»,-հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդել էինք ընդդիմադիր ուժերի վերջնագիրը Նիկոլ Փաշինյանին։