կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-27 12:08
Տարածաշրջան

Թուրք իրավապաշտպան Օսման Քավալան դատապարտվել է ցմահ ազատազրկման

Թուրք իրավապաշտպան Օսման Քավալան դատապարտվել է ցմահ ազատազրկման

Դատարանը թուրք իրավապաշտպան Օսման Քավալային դատապարտել է ցմահ ազատազրկման. հայտնում է Anadolu գործակալությունը։

Օսման Քավալան, որը դատվել է 2016 թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի և Գեզի զբոսայգու (2013թ.) դեպքերի առնչությամբ, դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ իշխանությունը տապալելու փորձի համար։

2021 թ. հոկտեմբերին 10-ին երկրների՝ Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ դեսպանատները կոչ են արել Թուրքիային՝ ազատ արձակել Քավալային։

Թուրքիայի ԱԳՆ-ն զանգահարել է այդ երկրների դեսպաններին և հիշեցրել դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի կոնվենցիայի պահանջների պահպանման անհրաժեշտության մասին։ Դրանից հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել է, որ հանձնարարել է այդ դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարել։

Հոկտեմբերի վերջին Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց, որ չի միջամտում այլ երկրների ներքին գործերին։ Այդ օրինակին հետևեցին այլ դեսպանատներ: Արդյունքում Էրդողանը հայտարարեց, որ միջադեպն ավարտվել է։

Օսման Քավալան հայտնի թուրք իրավապաշտպան է, Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրը, որը, մասնավորապես, աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նախագծերին, որոնք հաճախ միջազգային ուղղվածություն ունեն, ներառյալ՝ թուրք և հայ բնակչության հաշտեցումը և քրդական հարցի խաղաղ լուծում:

2020 թվականի փետրվարին թուրքական դատարանն արդարացրել է Քավալային 2013 թվականին Ստամբուլում Գեզիի ցույցերի գործով իշխանությունը տապալելու փորձի մեջ ներգրավված լինելու գործով, սակայն նույն օրը Ստամբուլի դատախազությունը նրա ձերբակալության նոր օրդեր է տվել։ Քավալային նոր մեղադրանքներ են առաջադրվել, այս անգամ՝ իբր Թուրքիայում 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձին մասնակցելու համար։

Քավալան աչքի է ընկնում իր հայամետ գործունեությամբ, իրեն պատկանող սրճարանում կազմակերպել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ, նրա տպագրատանը տպվել են Ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր: