Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դիմադրություն» շարժման իրազեկման երթն ավարտվեց, հաջորդ իրազեկման երթը տեղի կունենա վաղը՝ Սասունցի Դավիթ արձանի մոտից։ Այս մասին «Դիմադրություն» շարժման իրազեկման երթի ավարտին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Սաղաթելյանն ասաց, որ վաղը ակցիաները նույնպես շարունակվելու են. «Մեր նպատակն է ողջ ժողովրդին, ազգին առաջիկա 5 օրերին ոտքի հանենք, ու մենք հանելու ենք»:
«Մեր ազգը ոտքի է կանգնում, լաոն զարթնում է, մենք հետքայլի տեղ չունենք, մենք նահանջի տեղ չունենք, մենք այլ ճանապարհ չունենք, մենք տեր ենք այս դրոշին մինչեւ վերջ, տեր ենք պետականությանը: Այսպես մեջք մեջքի տված, ուսի ուսի տված գնում ենք մինչեւ վերջ: Սա սրբազան պայքար է, սա պայքար է Արցախի համար, մեր պետականության համար, յուրաքանչյուրը պայքարում է ոչ թե մեզանից մեկին իշխանության բերելու, այլ իր ծնողների, իր քույրերի ու եղբայրների համար»,-ասաց Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմությունն աշխատում է մի նպատակի համար, սակայն ապակենտրոն եղանակով.
«Ճանապարհին ինձ հարցնում էին, այսօր մնում ենք, թե` չէ, հարգելի΄ հայրենակիցներ այդ մնալու օրը լինելու է, այդ օրը կասենք ձեզ, մենք ունենք ծայրից ծայր գծված ծրագիր, որը բերելու է սրանց հեռացմանը, վստահ եղեք»։
Նշենք, որ վաղն առավոտյան Տիգրանաշենից դեպի Երեւան է շարժվելու «Դիմադրության շարժման» հաջորդ խումբը:
Իրազեկման երթի ավարտին ակցիայի մասնակիցները կրկին վանկարկեցին «Առանց Նիկոլ Հայաստան»:
Հիշեցնենք, որ այսօրվա երթի մեկնարկը տրվել էր Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից։ ՀՀ նախագահի նստավայրի կողքով անցնելիս շարժման մասնակիցները հայտարարել էին, որ այդտեղ նստած է ՔՊ-ից ինչ-որ մեկը. «Ինքը ՀՀ նախագահությունը ներկայացնելու իրավունք չունի, նա պատերազմի եւ պարտության կուսակցության ներկայացուցիչն է այս շենքում։ Ինքը հերթական դավաճաններից է։ Բոլորիս ձայնը հիմա նա պետք է լսի»։
Մինչեւ «Դիմադրություն» շարժման մեկնարկը Հայ հեղափոխական դաշնակցության Երիտասարդական Միության եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները փակել էին Վաղարշյան-Կոմիտաս փողոցը։ Իրավիճակն այդտեղ լարվել էր եւ մեծ թվով կարմիրբերետավորներ բերման էին ենթարկել ակցիայի 4 մասնակցի։
Այսօր անհնազանդության մի շարք ակցիաներ են տեղի ունեցել Երեւանում։ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում ուսանող-դաշնակցականները տեղադրել էին Արցախի դրոշը։
Մի խումբ երիտասարդներ էլ ակցիաներ են իրականացրել բուհերի առջեւ՝ «Ուսանո՛ղ, զարթնի՛ր» գրությամբ պաստառներ բարձրացնելով երեւանյան 15 բուհերի դիմաց եւ հորդորելով ուսանողներին միանալ համընդհանուր պայքարին։