կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-19 11:51
Արցախ

Իրավունք չունենք դավաճանելու

Իրավունք չունենք դավաճանելու

Ապրիլի 13-ին Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը բացահայտեց ՀՀ օրվա իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունն ու հեռանկարը ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այդ քաղաքականությունը մինչ այժմ աղետալի հետևանքներ է ունեցել հայ ազգի և Արցախի համար: Պարզորոշ է, որ նման քաղաքականության շարունակության դեպքում Արցախի հայաթափումը անխուսափելի է լինելու։ Վարչապետի կողմից բացահայտված այս քաղաքական ուղեգիծը անընդունելի է յուրաքանչյուր պատվախնդիր հայի և հատկապես Արցախի ժողովրդի համար։

Ղարաբաղյան խնդրի կարգավորման յուրաքանչյուր փուլում Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների մասնակցությունը միշտ էլ կարևորվել է հայկական պատվիրակների կողմից: Այդ սկզբունքից ելնելով՝ միայն ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունների շրջանակում չպիտի դիտարկել խնդրի կարգավորման գործընթացը: Այդ կարևոր հանգամանքը բազմիցս շեշտվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների կողմից: Նախքան 2018թ. ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունը՝ համանախագահների այցը Ստեփանակերտ վկայում է Արցախյան կողմի մասնակցության մասին:

Միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտվաժ ԵԱՀԿ Մինսկի խմբի, տիրապետելով հակամարտության խորքային մանրամասներին՝ մշակել է իր մոտեցումները Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ, որտեղ ամրագրված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Ժողովրդի կամքի ոտնահարմամբ Արցախի բռնակցումն Ադրբեջանին աներկբա հանգեցնելու է Արցախի կործանմանը։

Արցախի Հանրապետությունը՝ որպես հայկական անկախ պետականություն, հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման և համախմբման ջահակիրն է։ Արցախի անկախ պետությունն իր հիմնադրման օրվանից հայ ազգի պարծանքն ու հաղթանակի խորհրդանիշն է եղել, իսկ նրա անկումը հայ ժողովրդի համար դառնալու է բարոյական և պատմական անդառնալի կորուստ:

ՀՀ խորհրդարանի դահլիճում հնչող պարտվողական և բարոյազուրկ մոտեցումներն այլ բան չեն, քան դասալքություն:

Նիկոլ Փաշինյանի դրածոների կողմից վերջերս արված արտահայտությունները միտված են սեփական անկարողությունը քողարկելուն և իրենց հանցավոր մոտեցումները ժողովրդի վրա բարդելուն։

Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում, և այդ հարցի շուրջ որևէ քննարկում անթույլատրելի է։

Մենք իրավունք չունենք դավաճանելու մեր հայրենի պետությանը, Արցախի պետականությունը կերտած հազարավոր հայորդիների թափած արյանն ու քրտինքին։

«Ապառաժ»-ի խմբագրական,

17 ապրիլի, 2022թ.