կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-07 19:20
Հասարակություն

Հայ-ղազախական առևտուրը 2021-ին աճել է ավելի քան 30 տոկոսով. Ղազախստանի դեսպան

Հայ-ղազախական առևտուրը 2021-ին աճել է ավելի քան 30 տոկոսով. Ղազախստանի դեսպան

Չնայած արտաքին գործոնների բացասական ազդեցությանը՝ ապրանքաշրջանառությունը Եվրասիական տնտեսական միության երկրների միջև դինամիկ աճ է արձանագրում: Այդ մասին «ԵԱՏՄ զարգացման հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը:

Ղազախստանի դեսպանի խոսքով՝ փոխշահավետ որոշումները համապատասխանում են ԵԱՏՄ-ի ոգուն, որն իր գոյության կարճ ժամանակահատվածում փոխադարձ առևտրի զգալի աճ է ցույց տվել մասնակից պետությունների միջև:
 
Նախորդ տարի ԵԱՏՄ մարմիններում նախագահած պետության դեսպանը գոհունակությամբ արձանագրում է ապրանքաշրջանառության աճի դինամիկան միության շրջանակներում 2021 թ. արդյունքներով:

«Չնայած արտաքին գործոններին և կարանտինային սահմանափակումներին՝ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ ղազախական առևտրի ծավալը աճել է 28 տոկոսով՝ հասնելով 26,1 մլրդ դոլարի ցուցանիշին: Ընդ որում, Ղազախստան-Հայաստան երկկողմ առևտրաշրջանառությունը նշված շրջանում աճել է ավելի քան 30 տոկոսով», – հայտնեց Ղազախստանի դեսպանը:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, հիշեցնում է դեսպանը, մարտի 16-ին հանդես էր եկել ուղերձով, որը կրում էր «Նոր Ղազախստան. նորացման և արդիականացման ճանապարհը» խորագիրը: Երկիրը թևակոխում է զարգացման նոր շրջափուլ, որում Ղազախստանի ղեկավարը մեծ կարևորություն է տալիս արտաքին գործոններին և աշխարհաքաղաքական իրավիճակին: Ըստ Տոկաևի՝ ընթացիկ միջազգային իրադրությունը իր լարվածությամբ, Արևմուտքի և Ռուսաստանի միջև տնտեսական ու քաղաքական կոշտ դիմակայությամբ և ամբողջ աշխարհի համար անկանխատեսելի հետևանքներով աննախադեպ է, և այդ պատճառով Ղազախստանի կառավարությանն առընթեր ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ ստեղծված իրավիճակին օպերատիվ կերպով արձագանքելու համար:

Այս համատեքստում ինչպես Ղազախստանի, այնպես էլ Ռուսաստանի դեսպանները ընդգծում են եվրասիական փոխգործակցության և ի հայտ եկած նոր ծանր մարտահրավերները ԵԱՏՄ երկրների կողմից միասնական ջանքերով հաղթահարելու անհրաժեշտությունը:

«Հանձնառությունը կառուցողական երկխոսության պահպանմանը ամուր հիմք է Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկարաժամկետ համագործակցության համար՝ նոր գլոբալ մարտահրավերների պայմաններում», – հավելեց դեսպան Բոլատ Իմանբաևը: