կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-19 09:22
Աշխարհ

Բելգիայի դաշնային խորհրդարանը Ադրբեջանից պահանջում է զորքերը դուրս բերել Արցախից. Հայ Դատի Կենտրոնական Խորհուրդ

Բելգիայի դաշնային խորհրդարանը Ադրբեջանից պահանջում է զորքերը դուրս բերել Արցախից. Հայ Դատի Կենտրոնական Խորհուրդ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը ընդունել է բանաձև, որում դատապարտում է Արցախի հայ ազգաբնակչության դեմ Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ և օտարազգի վարձկանների մասնակցությամբ սանձազերծված ադրբեջանական ռազմական ագրեսիան և հստակորեն պահանջում է, որ Ադրբեջանը և նրան սատարող ուժերը զորքերը դուրս բերեն Լեռնային Ղարաբաղի տարածքից, որը նվաճվել է բռնի ուժի և բռնության գործադրմամբ: Այս մասին հայտնում է Հայ Դատի Կենտրոնական Խորհուրդը:

«Բանաձևը նաև դատապարտում է խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կանխամտածված հարձակումները և կաստետային և ֆոսֆորային ռումբերի կիրառումը:

Բանաձևի նախաբանում խոսվում է նաև Արցախի հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման մասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներ, և շեշտվում է, որ այդ սկզբունքները ոտնահարվել են Ադրբեջանի կողմից:

Քանի որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մեջ չի նշվում Արցախի կարգավիճակի մասին, Բելգիայի խորհրդարանը կոչ է անում երկրի կառավարությանը` աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների անհապաղ վերսկսմանը, որը նպատակ կունենա Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ որոշում հաստատել` մասնավորապես հաշվի առնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Բանաձևը Բելգիայի կառավարության կոչ է ուղղում պահանջել Թուրքիայից` դադարեցնել ռազմական միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը և անմիջապես վերջ տալ Հարավային Կովկասում իր ապակայունացնող դիրքորոշմանը: Թուրքիան պետք է նաև դադարի խթանել սիրիացի վարձկանների և ջիհադականների տեղափոխումն ու տեղակայումը Լեռնային Ղարաբաղում և կազմակերպի նրանց անհապաղ տեղահանումը տարածաշրջանից: Ըստ բանաձևի՝ Թուրքիայի կողմից ցանկացած միջամտություն հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկող առաքելությանը համարվելու է վտանգավոր տեղի բնակչության անվտանգության համար: Ցանկացած նման առաքելություն պետք է ստանձնի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը և Բելգիայի Հայ դատի հանձնախումբը նաև ողջունում են այն փաստը, որ Բելգիայի Ներկայացուցիչների պալատը դիմում է կառավարությանը՝ եվրոպական գործընկերների հետ անել հնարավոր ամեն բան՝ նպաստելու համար Արցախում ավերված կամ վնասված շենքերի վերակառուցմանը, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախի բնակչությանը և զոհեր ունեցած ու փախստական ընտանիքներին: Կառավարությունը կաջակցի, որպեսզի UNESCO-ն առաքելություն ուղարկի ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի տարբեր շրջաններ՝ հանուն ճարտարապետական և կրոնական ժառանգության պահպանման:

Բանաձևը նաև անդրադառնում է գերիների վերադարձի խնդրին: Ներկայացուցիչների պալատը խստագույնս դատապարտում է ռազմագերիների սպանության փաստը և պահանջում, որպեսզի պատերազմի հանցագործություններ իրականացնողները հետապնդվեն և պատժվեն:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ
Բելգիայի Հայ դատի հանձնախումբ»,- նշվում է հաղորդագրությունում: