Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան Սիրիայից ավելի քան 2 հազար գրոհային էր ուղարկել Արցախի դեմ ռազմական գործողությունների մասնակցելու համար, որոնց մեծ մասը ռազմական գործողությունների ավարտից հետո մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում․ հենց նրանց էլ ուղարկել են Ուկրաինայի բանակի կողմից Ռուսաստանի դեմ կռվելու․ սա ռուսական լրատվամիջոցի հրապարակումն է։
Նույնանման հրապարակումներ անում են նաև ուկրաինական լրատվամիջոցները՝ Ռուսաստանի բանակի մասին․ մասնավորապես, Ուկրաինայի ՊՆ-ն հաղորդեց, որ սիրիացի վարձկանների առաջին խումբը՝ մոտ 400 զինյալ, արդեն Ռուսաստանում է եւ պատրաստվում է Ուկրաինայի դեմ պատերազմին։
Արևելագետ, տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց՝ եթե Թուրքիան սկսի նման գործողություններ իրականացնել, ապա դա միանշանակորեն իրականացնելու է ադրբեջանական խողովակներով։ Այսինքն, զինյալները տեղափոխվելու են Ադրբեջան՝ այնտեղից էլ Ուկրաինա։
«Չի կարելի բացառել նման հնարավորությունը, որ հենց Ադրբեջանից հետախուզությունը տվյալներ է փոխանցել զինյալների տեղափոխման մասին, կարելի է դիտարկել այս սցենարը, որովհետև Թուրքիան ունի հնարավորություններ հավաքագրելու Սիրիայի տարածքում զինյալներ և դրանք օգտագործելու տարբեր հակամարտություններում։ Դրա վառ օրինակը մենք տեսել ենք Լիբիական հակամարտության շրջանակներում և Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում»,-ասաց նա։
Այսուհանդերձ, արևելագետի դիտարկմամբ, նման հրապարակումներն առայժմ քարոզչական հարթությունում են։
«Հավաստի տեղեկատվություն, որպես այդպիսին, նախ՝ հավաքագրման, ապա՝ տեղափոխման և մարտական գործողություններին մասնակցելու մասին, առայժմ չկան։ Նման զինյալների վերաբերյալ հավաստի տեղեկությունները կարող են լինել տեսագրությունները ռազմական գործողությունների թատերաբեմից կամ գերեվարված զինյալների փաստը, որոնց մասին փաստեր առայժմ չկան»,-ասաց Արմեն Պետրոսյանը։
Այս բովանդակությամբ հրապարակումների համար, արևելագետի կարծիքով, փաստական հիմք է հանդիսացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Անվտանգության խորհրդի նիստում․ երբ ՌԴ պաշտպանության նախարարն ասաց, որ Սիրիայում 18 000 մարդ կա, որոնք ցանկանում են Ռուսաստանի օգտին մասնակցել Ուկրիանայի դեմ պատերազմին, ի պատասխան ՌԴ նախագահն ասաց՝ եթե կան նման մարդիկ, որոնք առանց վարձատրության պատրաստ են մասնակցելու Ռուսաստանի օգտին ռազմական գործողություններին, ապա կարելի է օգտագործել նրանց հնարավորությունները։ Այս հայտարարությունը, ըստ փորձագետի, փաստական հիմք է հանդիսացել այս թեման ուռճացնելու և տարաբնույթ քարոզչական նյութեր հրապարկելու համար։
Զինյալների հավաքագրման վերաբերյալ տեղեկատվությունը երկկողմ է՝ և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի կողմից։
Արմեն Պետրոսյանը չբացառեց, որ վարձկանները երկու կողմից էլ համաձայնեն կռվել՝ համապատասխան գումարի դիմաց։ Զինյալներին առաջարկվող գումարի չափը ամսական 3 հարյուր դոլարից հասնում է մինչև 8 հազարի՝ կախված մարտական գործողություններին անմիջականորեն մասնակցելուց կամ չմասնակցելուց։ Թուրքիայի հավաքագրածների մասին, սովորաբար, 1 500-2 000 դոլարն է ընդունված նշել։ Բայց անգամ ամսական 600 դոլարով վարձկանները կհամաձայնեն մեկնել պատերազմի գոտի՝ կարծում է փորձագետը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիայում հակամարտության հետևանքով բավականաչափ ցածր է բնակչության սոցիալ-տնտեսական մակարդակը, գումարած այն հանգամանքը, որ Սիրիայի արական սեռի ազգաբնակչության զգալի մասը անցյալ 10 տարիներին մասնակցել է ռազմական գործողությունների և այսօր անգործ է, չի բացառվում, որ ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին մասնակցելու առաջարկը կամ դրա հնարավորությունը բավական լայն տարածում ունենա։ Եվ եթե ճգնաժամն այնքան խորանա, որ հակամարտ կողմերը դիմեն նման մարտավարական քայլի՝ Սիրիայից զինյալների հավաքագրման, դա կարող է հաջողել, որովհետև կա նման հնարավորություն։ Սիրիայի ազգային արժույթի արժեզրկման պայմաններում անգամ թուրքական աղբյուրների նշած՝ 300-600 դոլարը զգալի գումար է համարվում»,-ասաց Արմեն Պետրոսյանը։
Սիրիայում զինյալների հավաքագրման ներուժ Թուրքիայից բացի ունի նաև ԱՄՆ-ը՝ նշեց փորձագետը, հաշվի առնելով հատուկ ծառայությունների և ռազմական կոնտինգենտի ներկայությունը Սիրիայի տարածքում։
Տեղեկատվություն տարածվեց, որ Բաշար Ասադը, իբր, հայտարարել է, որ մինչև 40 հազար վարձկան կարող է ուղարկել հօգուտ Ռուսաստանի կռվելու համար։ Արևմտյան լրատվամիջոցները նշեցին, որ մի քանի հարյուր զինյալներ օդանավակայանից արդեն տեղափոխվել են ՈՒկրաինա, ռազմական գործողությունների մասնակցել, անգամ վիրավորներ են հետ դարձվել։ Բայց արևելագետը վստահեցրեց, որ փաստական որևէ հիմք, առայժմ, չկա։
Աննա Բալյան