կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-19 15:33
Քաղաքական

ՄԱԿ կոչվածն արժեզրկեց իրեն, երբ որոշեց բռնազավթված Շուշիում տոնական օր նշել. արձագանք՝ Արցախից

ՄԱԿ կոչվածն արժեզրկեց իրեն, երբ որոշեց  բռնազավթված Շուշիում տոնական օր նշել. արձագանք՝ Արցախից
Վաղուց ենք նկատել, որ միջազգային կառույցները կուրացել են մեր հանդեպ։ Նորից մեկ ապացույց, որ մեր «հարևան» երկրի հետ հարաբերություններում ՄԱԿ կոչված կառույցը արժեզրկեց իրեն, երբ որոշեց բռնազավթված հայկական Շուշիում տոնական օր նշել, ու պարզվեց` 30 տարի այդ կազմակերպությունն իր կազմում փայփայել է հանցագործ երկրի ներկայությունը։
ՄԱԿ-ը, այդ Միավորված ազգերի կազմակերպությունը, մոռացել է իր կանոնադրությունը, մոռացել է, որ մեկ այլ ազգի կողմից օկուպացված հայկական քաղաքում իրավունք չունի կանգնել մի երկրի կողքին, որը պատերազմ է սանձազերծել իրենց ազատության համար մաքառող ժողովրդի դեմ։
Որտե՞ղ մնացին ազգերի ինքնորոշման, ազատ ու անկախ ապրելու օրենքները, երբ ՄԱԿ-ը, մոռացած իր կայուն դիրքորոշումը, իր այդ քայլով ոտնահարել է արցախցիներիս իրավունքները...
Կարծում էինք` մեր հանդեպ կույր է աշխարհը, բայց ո՛չ, խլացած աշխարհը կուրացած ձևացավ մեր հանդեպ, իսկ այս միջազգային կազմակերպությունները, վաղուց նավթի հոտից հարբած, իրենց գիրկն են առել «հարևան» երկրին ու հայերի վրա հոխորտացող նրա բռնակալին։
Արցախցին ի՞նչ կարող է ասել` միմյանց արժանի են, թող վայելեն իրար, գոնե հիմա մեր աչքերը բացվեցին, որ աշխարհի այդ կազմակերպություններն էլ շնագայլերի որջեր են։
 
Նատաշա Պողոսյան
 
Մարտակերտի դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի