կարևոր
5683 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-13 16:35
Քաղաքական Տարածաշրջան

Արցախից բռնազավթված արաքսյան գոտին զանազան ուժեր փորձում են վերածել հակաիրանական պլատֆորմի․ Վարդան Ոսկանյան

Արցախից բռնազավթված արաքսյան գոտին զանազան ուժեր փորձում են վերածել հակաիրանական պլատֆորմի․ Վարդան Ոսկանյան

Իրանական ռազմական ինքնաթիռը անցել է Արդբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի տարածքից օկուպացված տարածքի ողջ երկայնքով։ Թռիչքը իրականացվել է Արաքս գետի վրայով և ակնհայտորեն իրականացվել է հետախուզական գործունեության նպատակով։ Իրանցիները դրանով փորձում են լուծել 2 խնդիր. այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Իրանական կողմում հիմնավոր կասկած կա, որ այդ տարածքներում տեղակայված են իսրայելական հետախուզական կառույցներ, սարքավորումներ, որոնք աշխատում են հակաիրանական նպատակներով: 2-րդ նպատակը վերաբերվում էր Ադրբեջանի զսպմանը։ Իրանական կողմից զորավարժություններն ու նման տիպի գործողությունները ակտիվանում են հատկապես, եթե ադրբեջանական ագրեսիայի վտանգ է նկատվում Արցախի կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ և սա նույնպես ունեցել է երկակի նշանակություն․ առաջինը՝ Ադրբեջանին զգուշացնել ագրեսիվ քայլերից, և երկրորդ՝ Իրանի համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում իրականացնել»,- ասաց նա։

Իրանագետը անդրադառնալով Բրիտանիայի դեսպանի այցին օկուպացված տարածքներ, նշեց, որ ակնհայտ է, որ Արցախից բռնազավթված արաքսյան գոտին զանազան ուժեր փորձում են վերածել հակաիրանական պլատֆորմի․

«Սա վստահ ևս մեկ ցուցիչ է, թե ինչքան ապահով էր այդ սահմանը, երբ մեր տարածքները գնտվում էր Արցախի վերահսկողության ներքո, որովհետև միայն այդ պայմաններում էր, որ Իրանի հյուսիս-արևմուտքը ըստ էության որևէ թշնամական գործողության թիրախ չէր դառնում, ուստի սա ևս մեկ ցուցիչ է, որ Հայաստանն ու Իրանը պետք է ստեղծեն համատեղ գործողությունների ծրագիր` ունենալով քաղաքակրթական դաշինք, որպեսզի այդ տարածքները հնարավորինս արագ վերաազատագրվեն, հակառակ պարագայում վտանգները, ռիսկերը և մարտահրավերները թե՛ Հայաստանի, թե՛ Արացխի և թե՛ Իրանի Հանրապետությունների նկատմամբ միմիայն ավելանալու են և ոչ մի դեպքում չեն պակասելու»,- ասաց նա։

Իրանագետը կարծում է, որ մենք պետք է ունենանք մեր տեսլականը, քանի որ այս իշխանությունները ծնվում են մեր հասարակությամբ․

«Այս իշխանությունները Լուսնից չեն ընկել Հայաստանի Հանրապետության գլխին։ Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ պատրանքներով ապրելն այլևս անհնար է, և այն պատրանքները, որոնք վերաբերվում են իբր հավերժական խաղաղության, դրանք սին պատրանքներ են։ Մեր տարածաշրջանում մշտապես եղել են պատերազմներ, հենց հիմա էլ Հայաստանի Հանրապետությունը պատերազմական վիճակում է գտնվում թշնամական պետությունների հետ, և լինելու են պատերազմներ։ Ինչ-որ բան, որն անխուսափելի է, դրանից պետք է խուսափել, ոչ թե ջայլամական քաղաքականությամբ առաջ գնալ, այլ պետք է պատրաստվել դրան, որովհետև ցավալի, բայց փաստ է, որ պատերազմները մեր տարածաշրջանում «բնականոն» երևույթներ են։ Հետևաբար այս համատեքստում մենք նախևառաջ պետք է ունենանք մեր պետության ծրագիրը, որպեսզի կարողանանք դիմակայել, հակառակ պարագայում որևէ պարագայում երաշխիք չկա, որ մենք հերթական իշխանափոխության հետևանքով չենք ստանա նույն ձև կամ ավելի վատ իշխանություն»,- ասաց իրանագետը։

Լ․ Ա