Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բյուջեում գումարը միշտ քիչ է լինում։ Ընդհանրապես, մեր կյանքում էլ մեր պահանջմունքները ավելի շատ են, քան այն գումարը, որ մեր գրպանում լինում է․ այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ փակ նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:
«Երբ ընտանիքում խնդիր է առաջանում, դուք ի՞նչ եք անում, սկսում եք գերակայություններ սահմանել: Սկսում եք մտածել՝ իսկ արժե՞, որ ես գնեմ, ենթադրենք, հագուստ ու կոշիկ, երբ ունեմ, օրինակ, առողջական խնդիր: Դուք վերանայում եք ձեր գերակայությունները, որ ձեր միջոցները կարողանաք ճիշտ օգտագործել: Միգուցե կարող եք նույն հագուստով եւս երկու ամիս շարունակել ապրել, բայց առողջական խնդիրը կամ տնտեսական խնդիրը համար առաջինն է:
Այսինքն՝ ճգնաժամերը միշտ պահանջում են գերակայությունների վերանայում, որովհետեւ դրանց դեմ պայքարը ռեսուրս է պահանջում, դուք չեք կարող դատարկ գրպանով պայքարել: Միշտ էլ լինում են սահմանափակումներ, այդ թվում՝ պարտքի ներգրավման ահմանափակումներ, հետեւաբար՝ այստեղ ամենակարեւոր ու բարդ խնդիրը ճիշտ հաշվեկշիռը պահելն է՝ վերցնել այնքան պարտք, որքան հետագայում կարող ես սպասարկել, վերանայումներ անես քո ծախսային գերակայություններում, որ ամենակարեւորները թիրախավորես եւ շատ մեծ ուշադրություն դարձնես, որ քո տնտեսական պոտենցիալը խնդիրներ չունենա»,- ասաց Արամյանը:
Անդրադառնալով այս պայմաններում կառավարության վարած քաղաքականությանը՝ նախկին նախարարն ասաց. «Նախ՝ 2-3 շաբաթվա ընթացքում գնահատական տալը բավականին բարդ է: Ես մի գնահատական տվել եմ՝ հաղորդակցության մասով, այդտեղ կան խնդիրներ: Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի, թե ինքն ինչ ինֆորմացիաներ է նետում ասպարեզ, որովհետեւ ինքը դրանով վարքագիծ է ձեւավորում հանրության մոտ: Եթե կառավարությունն ասում է՝ գնաճային ռիսկեր կան, ինչն անվիճելի է, միաժամանակ պետք է 15-20 անգամ բացատրի, թե այդ խնդիրների կառավարման գործիքակազմն ինչպիսին է: Շատ հնարավոր է, որ այդ քայլերը կառավարությունն անում է, բայց շատ կարեւոր է, որ դա բացատրի, այդ դրական ազդակները հաղորդեն հանրությանը, որ իրենք ճիշտ վարքագիծ ունենան: Երբ մարդը չի ստանում հարցերի պատասխանները, սկսում է դրանց պատասխանները գտնել տաղավարներում, փողոցներում: Դա վտանգավոր է:
Հետո՝ ժողովուրդն սկսում է ոչ ռացիոնալ վարքագիծ իրականացնել, որով իրեն էլ է վնասում: Այսինքն՝ երբ նետվում ես սպառում անելու, արհեստականորեն գնաճը բարձրացնում ես: Դա բարդացնում է ԿԲ-ի գործը, որովհետեւ ԿԲ-ն ստիպված է լինում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել ոչ թե 0.25, այլ 1.25 տոկոսային կետով, որովհետեւ գնաճային սպասումները գլուխ են բարձրացել»: