կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-07 13:08
Հասարակություն

Ոչ պարենային ապրանքների համար կսահմանվի նոր վերահսկողություն

 Ոչ պարենային ապրանքների համար կսահմանվի նոր վերահսկողություն

Այսօր էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նախաձեռնությամբ կազմակերպված իրազեկման հանդիպում ոչ պարենային ապրանքներ (խաղալիքներ, ԱԳԼՃԿ, բենզին և ավտոյուղեր) արտադրող, ներմուծող և իրացնող տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Շուկայի վերահսկողություն տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը ներկայացրեց տեսչական մարմնի նպատակներն ու խնդիրները, վերահսկողության ոլորտները, խաղալիքների անվտանգության, ԱԳԼՃԿ-ներին, ավտոմոբիլային բենզինին, ավտոյուղերին ներկայացվող պահանջների փոփոխությունները:

Հանդիպմանը մասնակցեցին շուկայի վերահսկողության, ստանդարտացման, չափագիտության և հավատարմագրման ոլորտի պատասխանատուները, ինչպես նաև արտադրող, ներմուծող և իրացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Լևոն Խալիկյանի խոսքով`հանդիպման նպատակն էր խաղալիքների, ԱԳԼՃԿ, ավտոմոբիլային բենզինի և յուղերի բնագավառում գործող տնտեսվարող սուբյեկտներին իրազեկել օրենսդրական դաշտում տեղի ունեցած վերջին փոփոխությունների մասին, որոնք պայմանավորված են Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությումբ:

«Օրենքով սահմանված պարտադիր պահանջները ստուգումների ընթացքում լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Պետք է առկա լինեն համապատասխան սերտիֆիկատներ, վկայականներ, մանրածախ առևտրի և առքուվաճառքի  կանոնների պահպանում, չափման միջոցների ստուգաչափում և այլն»,- ասաց Խալիկյանը` հավելելով, որ նմանօրինակ ստուգումները նպատակ չունեն հանիրավի տուգանքներ սահմանել տնտեսվարող սուբյեկտների համար:

Նա ընդգծեց, որ այս հանդիպումը միակը չի լինելու, և նմանատիպ ձևաչափով իրազեկման հանդիպումներ նախատեսվում է կազմակերպել  ոչ պարենային ապրանքների ոլորտի այլ տնտեսվարողների հետ նույնպես: