Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զինանշան, դրոշ և օրհներգ. այս երեքի` մեր ունեցած ձևին էլ դեմ է գրականագետ Դավիթ Գասպարյանը: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա նշեց, որ հարցը շարունակ քննարկվում է, բայց տեղից չի շարժվում, քանի որ ծույլ, դանդաղ, անգործնական ու անհեռանկար «վարիչներ» ունենք:
«Օրհներգը սխալ է ընտրված. ի՞նչ իրավունք ունենք փոխելու Միքայել Նալբանդյանի տեքստի բառերը: Ես, օրինակ, Հովհաննես Վանանդեցու «Առ Հայաստան» գործն եմ շատ հավանում կամ Չարենցի «Ես իմ անուշը»` որպես հիմն: Դրոշը նույնպես պետք է փոխվի: Սահակաշվիլին ձեռքս ընկնի, կտոր-կտոր կանեմ, բայց տեսա՞ք` ինչ դրոշ նվիրեց ժողովրդին: Ես պատկերացնում եմ, որ մեր դրոշը պետք է լինի ոսկեգույն, վրան էլ պատկերված լինեն Արարատն ու Էջմիածինը: Ինչ վերաբերում է զինանշանին, ապա այն շատ խճողված է, կարծես հայոց պատմության ակադեմիական հրատարակության 8 հատորյակը լինի. զինանշանը պետք է շատ պարզ լինի»,-կարծիք հայտնեց Գասպարյանը:
Երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանի կարծիքով նույնպես` երեք խորհրդանիշներն էլ չստացված են: Օրհներգի երաժշտությունը, ըստ նրա, Գլազունովի «Ռայմոնդա» բալետից է վերցված, ինչը գրագողություն է, տեքստն էլ, ըստ նրա, պետք է լինի հանդիսավոր ու տոնական, քանի որ օրհներգը երկրի աղոթքն է, իսկ նման օրհներգով մենք փչացնում ենք մեր աղոթքը: «Դրոշը կարմիր գույնից է սկսվում` ինչո՞ւ: Միգուցե պետք էր ծիրանագույնից սկսել, այլ ոչ թե` արյան կարմիրից: Իսկ զինանշանի մեջ ամենակարևորը սիմետրիան է, որը խախտված է` մեր երկու խորհրդանիշների` առյուծի և արծվի գլուխները դեպի դուրս են շրջված»,- ասաց նա:
ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը հիշեց` ժամանակին, երբ ընտրվում էին երկրի խորհրդանիշները, մասնագետների կարծիքը հաշվի չառան, և ընտրությունն ավելի շատ քաղաքական էր: Խորհրդանիշները, ըստ նրա, պետք է լինեն պարզ ու հեշտ ընկալելի: «Գերբն իր բնույթով հայկական չէ` եվրոպական և ռուսական տարրերով է, և եթե պետք է ինչ-ինչ փոփոխություններ արվեն, պետք է ոչ թե մասնակի, այլ հիմնարար լինեն դրանք, միևնույն է, ծախսերը նույնն են լինելու»,- ասաց նկարիչը: