Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատական դեպարտամենտը հակադարձում է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պնդելով, թե գործերի բաշխման էլեկտրոնային մակագրման համակարգը չի վերադարձվել դատական դեպարտամենտին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ շուրջ 9 ամիս շարունակ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, Վերաքննիչ քրեական և քաղաքացիական, ինչպես նաև՝ Սնանկության և Վարչական դատարաններում գործերի բաշխման էլեկտրոնային համակարգն առգրավվել է, ինչից հետո գործերը մակագրվում են դատարանների նախագահների կողմից՝ «ձեռքով»։ Նման եղանակով գործերի մակագրումը մտահոգություններ է առաջացրել մասնագիտական հանրությունում, փաստաբանական համայնքն արդեն իսկ ահազանգել է, որ քաղաքականապես զգայուն մի շարք գործերով դատարանների նախագահները գործերը մակագրում են, այսպես կոչված, իշխանությունների «սրտի» դատավորներին։
Այսօր ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀՀ դատախազությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քննությանն անհրաժեշտ տվյալները հնարավորինս սեղմ ժամկետում ստանալու և համակարգի գործարկման խոչընդոտները բացառելու ուղղությամբ։
«Մասնավորապես, քրեական գործով նշանակված փորձաքննությունը կատարող փորձագետի կողմից արդեն իսկ ուսումնասիրվել են հետազոտման ենթակա օբյեկտները, և համակարգի վերագործարկումն ու շահագործումը չի կարող բացասաբար անդրադառնալ փորձաքննության օբյեկտիվության և լիարժեքության վրա։ Հետևաբար քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը։
Դատական դեպարտամենտից, սակայն, այլ բան են պնդում՝ նշելով, որ բանալիները չեն վերադարձվել։
«Այսօր՝ մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական՝ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեղադրել է հետևյալը. որ «… քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել » մինչդեռ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել»,- նշված է դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրությունում։