Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հենց այս պահին իշխանությունն ու ԲԴԽ-ն քննարկում են գործերի մակագրման համակարգչային համակարգը ընդհանրապես հանելու հարցը՝ ոչ միայն նախաքննական փուլում, այլև գործերի՝ ըստ էության քննության ժամանակ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը։
Խոսքը այն համակարգի մասին է, որով դատարաններում համակարգիչը պատահականության սկզբունքով ընտրում է, թե որ գործը որ դատավորը պետք է քննի։
Այս համակարգը փաշինյանական իշխանության առաջնային «թշնամիներից» է դարձել, քանի որ հաճախ իրենց համար կարևոր՝ քաղաքական ենթատեքստ ունեցող գործը համակարգիչը բաժին է հանում անաչառ դատավորի, և պարզվում է, որ այդ գործը «ջուր» է, կամ մեղադրանքը հակասահմանադրական է։
Փաստաբանը չի բացահայտում աղբյուրը, որից իմացել է, որ իշխանությունները մտադիր են վերացնել դատավորների՝ համակարգչային ընտրության համակարգը, բայց վստահեցնում է, որ դա ստույգ ինֆորմացիա է։
Իշխանություններն, ըստ նրա, ուզում են էլեկտրոնային ընտրության համակարգը վերացնել, որպեսզի դատարանների նախագահները, իրենց թելադրմամբ, գործը մակագրեն իրենց նախընտրած դատավորին։ Սա, իհարկե, մեծ հարված է դատարանների անկախությանը։ Բացի այս, ԲԴԽ որոշմամբ է ամրագրված, որ դատավորներին պատահականության սկզբունքով պետք է ընտրի համակարգիչը։
«Իշխանությունը, փաստորեն, ոչ թե գնում է այն ճանապարհով, որ լավացնի իր գործառույթները, հո չի՞ կարելի ուղղակի, ի սկզբանե, մեղավոր նշանակելով՝ հետագայում գործ կարկատել ու ուղարկել դատարաններ, փոխանակ այդ գործելոճը լավացնեն, աշխատեն իրենց վրա, որոշում են, որ այդ խախտումները բացահայտող դատավորներին նույնիսկ պատահականության սկզբունքով քրեական գործ չմակագրվի»,-ասաց Միհրան Պողոսյանը։
Դատավորներին համակարգիչն է ընտրում 2014 թ-ից։ Առաջին փուլով ծրագիրը ներդրել էին գործերի բուն քննությունն ապահովող դատավորներին ընտրելու համար։ Նախաքննական փուլի համար՝ կալանքներ, խուզարկություններ և այլն, ծրագիրը պետք է ներդրվեր երկրորդ փուլով։ Գործող իշխանությունները, սակայն, առայսօր դա չեն ներդրել, և կալանք կամ խուզարկություն որոշող դատավորին ընտրում է դատարանի նախագահը՝ ձեռագիր մակագրմամբ։ Փաստաբանը համոզված է, որ դա արվում է միտումնավոր՝ քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց կալանքները, ըստ իշխանության հայեցողության, ապահովելու համար։
Այս համակարգը ներդնելը հեշտ է՝ ընդամենը 1 շաբաթի հարց է։ Ապացույցը 2018 թ․-ի դեկտեմբերին ՀՀ երկրորդ նախագահի կալանքի երկրորդ քննության ժամանակ տեղի ունեցածն է․ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ կալանքի քննության դատավորը ընտրվել է վիճակահանությամբ։ Բայց քանի որ դա տարաձայնությունների առիթ դարձավ, Վերաքննիչ քրեական դատարանի այն ժամանակվա ղեկավարությունը, որն այսօր արդեն ազատված է պաշտոններից, ի պատիվ իրեն, միանգամից ներդրեց այդ համակարգը Վերաքննիչ քրեական դատարանում։
Այստեղ գալիս է ամենազավեշտը․ այսօր ԱԱԾ-ն տարել է Վերաքննիչ քրեական դատարանի հենց այդ՝ մակագրումների համակարգիչը։
Առաջիկայում կարևոր դատավարություններ են նախատեսվում Վերաքննիչ դատարանում․ քննվելու են ոչ միայն Սյունիքի համայնքապետերի, այլև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործերը։ Փաստաբան Միհրան Պողոսյանը կարծում է՝ Սյունիքի համայնքապետերին կալանավորելու վերաբերյալ որոշումների դեմ վերաքննիչ բողոքների մակագրումը հեշտությամբ իրենց համար նախընտրելի դատավորներին տալն է համակարգիչը տանելու պատճառը։
«Իմ ներքին համոզմամբ՝ սա միայն Սյունիքի համայնքապետերի խնդիրը չէ․ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ երկու շաբաթ առաջ առաջին ատյանի դատարանը իրավաչափ է ճանաչել պաշտպանների բողոքը Ռուբեն Վարդազարյանի՝ կասեցված լիազորություններով նախկին ԲԴԽ նախագահի, որի հիմքով ԲԴԽ նախագահը պետք է վերականգնվեր իր պաշտոնում, ու դրա դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետն էր, և ես կարծում եմ, որ այս գործողությունները նաև պայմանավորված են այդ հանգամանքով»,-ասաց Միհրան Պողոսյանը։
Նա պարզաբանեց, որ Ռուբեն Վարդազարյանի՝ ԲԴԽ վերադարձի դեպքում, իշխանությունների գծած՝ դատական համակարգն ուզուրպացնելու ամբողջ պրոյեկտը հօդս է ցնդում, որովհետև դրա ի կատար ածողներից մեկը՝ Գագիկ Ջհանգիրյանը, դառնալու է ԲԴԽ սովորական անդամ, և չի կարողանալու իշխանություններին իր խոստումը ի կատար ածել։
Մակագրող համակարգիչը Վերաքննիչից ԱԱԾ տանելն, իհարկե, զավեշտ հնարք է․ դա նույնն է, եթե դատավորը մեկին դատապարտի երկարաժամկետ ազատազրկման, սակայն ասի՝ այս պահին ես թուղթ չունեմ, տպիչ չունեմ, չեմ կարողանում դատավճիռը տպել, գնա մի երեք տարի նստիր, երբ որ բյուջեով նախատեսված կլինի թուղթը, այն ժամանակ էլ քո դատավճիռը կուղարկենք։
Իսկ որ անգամ նախաքննական փուլում դատարանի նախագահը ոչ միայն կարող է ընտրել իշխանահաճո դատավորի՝ անցանկալի անձին կալանավորելու համար, այլև կարող է ուղղորդել, փաստում է հայտնի ֆեյքի գործը․ մամուլում հրապարակումներ եղան, որ Կենտրոնի դատարանի նախագահը, սրճարանում նստած, հրահանգել է դատավորին պարտադիր կալանքը տալ, քանի որ ԱԱԾ ղեկավարին է հայհոյել այդ ֆեյքը։ Փաստաբանը նշեց, որ անձին տեղում կալանավորելու լիազորությունը իշխանության համար շատ կարևոր է և ամեն ինչ անում է, որ դատավորները չընտրվեն պատահականության սկզբունքով։
Աննա Բալյան