կարևոր
4726 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-20 18:23
Քաղաքական

Դատարանների կողմից կալանքների կիրառումը նվազել է. Դատական դեպարտամենտ

Դատարանների կողմից կալանքների կիրառումը նվազել է. Դատական դեպարտամենտ

Դատական դեպարտամենտից հայտնում են, որ ուսումնասիրել են կալանքների կիրառման պրակտիկան մինչև 2022 թվականի հուլիս ամիսը, այսինքն` մինչև Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների ուժի մեջ մտնելը և դրանից հետո։

«Մասնավորապես՝ ուսումնասիրվել է 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածը և 2023 թվականն ամբողջությամբ։

Այսպես, ըստ վիճակագրական տվյալների`

2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում դատարանները ստացել են 3733 կալանքի միջնորդություն, որից բավարարվել են 3037-ը, այսինքն՝ ներկայացված կալանքների միջնորդությունների ընդհանուր թվի 81,3%-ը։

Իսկ 2023 թվականի ընթացքում, երբ Հայաստանի դատական համակարգում արդեն ձևավորվել էր նաև Հակակոռուպցիոն դատարանը, կալանքը կիրառելու մասին ստացվել է 5782 միջնորդություն, այսինքն՝ 55%-ով ավելի, քան 2021-ի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Հատկանշական է, որ ներկայացված 5782 միջնորդությունից բավարարվել են 4377-ը, այսինքն՝ ներկայացված կալանքների միջնորդությունների ընդհանուր թվի 75,7%-ը։

Այսպիսով, վիճակագրության ուսումնասիրությունը փաստում է, որ կալանքները սկսել են ավելի քիչ կիրառվել` պակասելով 5.6%-ով:

Հարկ է հաշվի առնել նաև, որ Քրեական դատավարության փոփոխված օրենսգիրքը հնարավորություն է տվել դատարաններին կիրառել ազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներ, այն է՝ տնային կալանք և վարչական վերահսկողություն:

Արդյունքում՝ 2023 թվականի ընթացքում դատարաններ ներկայացված միջնորդությունների գրեթե 10 տոկոսի դեպքում, մասնավորապես, 515 դեպքով, կիրառվել է տնային կալանքը, իսկ 85 դեպքով ընտրվել է վարչական հսկողությունը:

Այսպիսով, օրենսդրական փոփոխությունների արդյունքում ձևավորված պրակտիկայի ուսումնասիրությամբ կարող ենք փաստել, որ կալանքների կիրառումը դատարանների կողմից նվազել է, և դատարանները կիրառում են ազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ: