Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ներքին Հանդում սպասում են Պաշտպանության նախարարության ներկայացուցչին, որպեսզի հստակ լինի անելիքը․ այս մասին Yerkir.am-ին տեղեկացրեց Կապանի Ներքին Հանդ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը՝ խոսելով թշնամու՝ մեր տարածքում 2 կմ առաջանալու, դիրքեր դնելու և ճանապարհաշինական աշխանքներ սկսելու մասին։
«Այս պահի դրությամբ սպասում ենք, որևէ բան չեն ասել, պիտի ՊՆ-ից մարդ գա՝ հանդիպենք։ Նույնն է՝ ոչ մի բան չի փոխվել, նրանք դեռ այստեղ են»,-ասաց Ներքին Հանդի վարչական ղեկավարը։
Պաշտպանության նախարարությունը ոչինչ մտադիր չէ ձեռնարկել․ այս դիրքորոշումը փակ հանդիպման ժամանակ ասել է Պաշտպանության փոխնարարը՝ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին։ Ընդդիմադիր պատգամավորների պահանջով փակ քննարկում է անցկացվել, որին ներկայացրել է միայն փոխնարարը, թեև նրանք այլ պատասխանատուների մասնակցությունը ևս պահանջել էին․ Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարները և ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչը հարկ չեն համարել գալ քննարկմանը։
«Նրանք ոչինչ չեն պատրաստվում անել։ Փակ քննարկման ժամանակ մենք այդ հարցերը բարձրաձայնել ենք, ասել է՝ ոչինչ չեն անելու։ Երբ ասում էին՝ ինչ է, մի Սև լճի համար պիտի պատերազմե՞նք, հիմա նույն սկզբունքը բոլոր ներխուժումների վրա տարածում են»,-ասաց ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նա վստահ է, որ Ներքին Հանդի տարածքը ՀՀ իշխանությունները թշնամուն են զիջել 2020 թ-ի դեկտեմբերին, պարզապես ադրբեջանցիները նոր են որոշել դիրքեր տեղակայել և ճանապարհ կառուցել դեպի իրենց նոր դիրքերը։ Եվ եթե գործող իշխանությունները շարունակեն պաշտոնավարել՝ ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքի մյուս հատվածները, այնպես էլ Ներքին Հանդի այդ տարածքը կմնան թշնամուն։
«Հայաստանի վարչապետը Ադրբեջանին պաշտպանող դիրքերից է հանդես գալիս․ բենզալցակայանը կառուցեցին՝ լռություն, մաքսակետեր կառուցեցին՝ լռություն, ուրեմն Ներքին հանդում էլ պիտի ճանապարհ սարքեն։ Այս խնդիրները կլուծվեն բացառապես այն դեպքում, եթե այս վարչախումբը թողնի պաշտոնները և ներողություն խնդրի ժողովրդից»,-ասաց Գեղամ Նազարյանը։
Քանի որ այս իշխանությունները առաջնորդվում են վախով, ասաց նա, վախենում են Ադրբեջանից, վախենում են Եվրամիությունից, վախենում են Ռուսաստանից, վախենում են Իրանից, բոլորից վախենում են՝ այդ վախերով կառավարման հետևանքը սա է։
Մինչդեռ ոչինչ չանելու պարագայում անվտանգության խնդիր է առաջանում Ներքին հանդի խաղաղ բնակիչների համար ևս․ վտանգված է գարնանացանը, արոտավայրերն ու դաշտերը թշնամու վերահսկողության տակ են, գյուղը դիտարկվում է, իսկ դեպի Մեղրի տանող միջպետական ճանապարհը պոտենցիալ թիրախ է։
Աննա Բալյան