կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-15 18:14
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տենց ա, ես էլ՝ Հռոմի պապն եմ»․ Ավանի ոստիկանություն բողոք են ներկայացրել քաղաքապետարանի դեմ

Երեւանի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի 18 շենքի հարակից տարածքում  քաղաքապետարանը մետաղական կոնստրուկցիաներով կառուցված երկու ավտոտնակ է հողին հավասարեցրել, ջարդել-ավիրել ներսում եղած գույքը՝ թույլ չտալով ավտոտնակների տերերին՝ դատարկել այնտեղ ամբարված գույքը, տեխնիկան, շինանյութը, ավտոպահեստամասերը եւ այլ թանկարժեք իրեր:

Yerkir.am-ի նկարահանող խումբը դեպքի վայրում է եղել եւ նկարահանել բողոքող քաղաքացիներին, որոնք ոստիկանություն են դիմել՝ պատճառված վնասի փոխհատուցումը ստանալու համար:

Տուժած քաղաքացիներից Էդիկ Մուրադյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ավտոտնակը կառուցելուց հետո դիմել է քաղաքապետարան՝ օրինականացնելու համար: Առանց քաղաքացուն իրազեկելու՝ պատկան մարմինները ոչ աշխատանքային ժամին՝ գիշերով, եկել եւ հողին են հավասարեցրել միաժամանակ երկու ավտոտնակ:

«Շենքի հարակից տարածքում 2005 թ.-ից ունեցել եմ ավտոտնակ, որի համար բարեխղճորեն վճարել եմ: 2018 թ.-ին շարքից դուրս եկած հին ավտոտնակի տեղը մետաղական կոնստրուկցիաներով ավտոտնակ էի ժամանակավորապես սարքել, ապա քաղաքապետարան՝ դիմում ներկայացրել՝ օրինականացնելու համար: Մինչ օրս դիմումը, ցույց  է տալիս, ընթացքի մեջ է: Քանդելու ժամանակ մենք ոչ մի որոշում չենք ունեցել, մեզ քաղաքապետարանը չի պատասխանել:

2022 թ. մարտի 10-ին աշխատանքից վերադառնում էի, զանգահարեցին, ասացին՝ ձեր ավտոտնակը քանդում են: Իմ ավտոտնակի կողքին նույն շենքից մեկ այլ բնակիչ ունի ավտոտնակ: Մինչեւ մոտեցել եմ՝ քաղաքապետարանից, թե՝ Ավանի թաղապետարանից, ոստիկանության աշխատակիցների հետ ամբողջ բակը շրջափակվել էին: Մի կերպ եմ մոտեցել, պահանջել եմ որոշում, հիմք, թե ինչի հիման վրա են քանդում: Ոչ մի հիմք չի եղել»,- պատմեց քաղաքացին:

Մանրամասն՝ տեսանյութում

Լիանա Սարգսյան