կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-15 13:52
Աշխարհ

Ռուսական ОРТ-ի ուղիղ եթեր ներխուժած խմբագիրը ձերբակալված է

Ռուսական ОРТ-ի ուղիղ եթեր ներխուժած խմբագիրը ձերբակալված է

Մարտի 14-ի երեկոյան ռուսական Առաջին ալիքի աշխատակից, խմբագիր Մարինա Օվսյաննիկովան ուղիղ եթերում մտել է կադր՝ պաստառով, որի վրա գրված էր. «Ո՛չ պատերազմին, դադարեցրե՛ք պատերազմը։ Մի՛ հավատացեք քարոզչությանը։ Նրանք ստում են ձեզ այստեղ։ Ռուսները դեմ են պատերազմին»: Այդ ժամանակ «Վրեմյա» հաղորդաշարի հաղորդավար Եկատերինա Անդրեևան կարդում էր Արևմուտքի պատժամիջոցներին հակազդելու պատմությունը։

Դեռ հեռարձակումից առաջ Օվսյաննիկովան տեսաուղերձ է ձայնագրել. «Այն, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում, հանցագործություն է։ Ռուսաստանը ագրեսոր երկիր է, և միայն մեկ մարդ է պատասխանատու այս ագրեսիայի համար։ Այդ անձը Վլադիմիր Պուտինն է»։

Օվսյաննիկովան ասել է, որ իր հայրը ուկրաինացի է, իսկ մայրը՝ ռուս, «և նրանք երբեք թշնամիներ չեն եղել»։ Նա հայտարարել է, որ «Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի եղբայրասպան պատերազմը», և կոչ է արել ռուսներին՝ դուրս գալ հակապատերազմական ցույցերի։

Նրան ձերբակալել են. նախնական տեղեկություններով՝ պատրաստվում են վարչական արձանագրություն կազմել Օվսյաննիկովայի դեմ՝ «ռուսական զորքերին վարկաբեկելու մասին» հոդվածով։