Փոխարժեքներ
25 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն, անդրադառնալով երեկ Անթալիայում կայացած հայ և թուրք արտգործնախարարների հանդիպմանը, գրում է.
«Երջանիկ ապուշ, թե՞ դավադիր
Նայում ես ՀՀ արտգործնախարար կոչեցյալի երջանիկ դեմքին, Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը ու մտածում, չէ՞ որ այդ լայն ժպիտը վերագրվում է նաև մեզ բոլորիս։
Օտարի համար այս պատկերը նշանակում է, որ հայ ժողովուրդը զուրկ է տարրական ազգային արժանապատվության զգացումից։ Նա մոռացել է ցեղասպանությունը, իր կորսված հայրենիքը, 44 -օրյա պատերազմը, հազարավոր զոհերին, տառապող Արցախն ու սահմանամերձ գյուղերը։
Ցանկացած օտար գործիչ, լրագրող կհասկանա, որ «առանց նախապայմանների» արտահայտությունը նշանակում է, որ հայկական կողմը համաձայնել է թուրք-ադրբեջանական տանդեմի, այդ թվում Ադրբեջանի կողմից երեկ առաջադրված 5 վերջնագիր-պայմաններին, հանուն «խաղաղության»։ Իսկ թե որոնք են ճիվաղի և նրա ճիվաղիկների երազած «խաղաղության» պայմանները, ուղղակի սարսափելի է պատկերացնել։
Իսկ արդյո՞ք նրանք ճիշտ չեն։ Չէ՞ որ այս ամենը մենք բոլորս հանդուրժում ենք։ Առանձին հայտարարությունները, դժգոհ գրառումներն,ինչպես սույն գրառումը, հայհոյանքները ոչինչ չարժեն, այլ ընդամենը ինքնաարդարացումներ են»,- ամփոփում է Իշխանյանը։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Անթալիայում, թուրքական դիվանագիտական ֆորումի շրջանակներում, փակ դռների ետևում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն վերահաստատել են երկու կողմերի պատրաստակամությունը շարունակել նորմալացման գործընթացը հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով՝ առանց որևէ նախապայմանի։