Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հերա Ցուրու
Տանը հայերեն խոսող 1905 թ․ ծնված մեծ մամայի անունը Սիրվարդ է, նրա էղինցի (ակնեցի-Ակունքի խմբ․) մոր անունը՝ Հայկանուշ։ Հայկանուշ յայայի (տատիկի-Ակունքի խմբ․) մոր անունը Հնազանդ է։ Սիրվարդ մեծ մամայի յոզղատցի սկեսուրին ընտանիքում Նարինե են անվանում, այդ անունը փողոցում Նարդանեի վերածվել, իսկ Լուսինե թանթիկի (մորաքրոջ-Ակունքի խմբ․) անունը դրսում Յուսինե է դարձել։ Տանը կանանց մեջ զրուցելիս այդ անուններն են մտքիս գալիս։ Ֆլորա մորաքույրը ծնվել է Սվասում (Սեբաստիա-Ակունքի խմբ․), տիկին Ազատուհին եկել է Թոքաթից, Հռիփսիմե թանթիկին Հռիփ էինք ասում, նա ծագում էր Մալաթիայից։ Արուսյակ թանթիկը Սիրվարդի քույրն էր, նրան էլ Արուս էին անվանում իրար մեջ։
1915 թ․, 1921 թ․ հետո թերևս հասկացել են վերահաս վտանգի մասին, որ որբ Անատոլիայում պատմական հայկական անուններից մեկը Սվասում Գյուլվարդ է դարձել, Մանուշակն էլ՝ Մենեքշե։
Մոռացվել, մոռացության են ենթարկվել այն Վարդուհիների անունները, որոնց ականջօղերը քաշել-պոկել էին գաղթի ճանապարհներին։ Մարիամները Մերյեմ են դարձել։ Գրկի նորածին բալիկներին կորցրած, ձիավոր բանդաների կողմից լլկված հազարավոր հայ կանայք հայկական անունները թաղել են իրենց հոգիներում, ինչպես որ թաղել են նաև իրենց անցյալը։ Քուրդ աղաներին նվեր տրված հազարավոր հայ կանանց անունները հինգանգամյա նամազով փոքր գորգերի տակ են թաքցվել։
Պատմական հայկական անունների ոչնչացման երկրորդ արարն սկսել է 1940-ականներին, երբ այդ գեղեցիկ անունները կապկել են կինոդերասանները։ Եկեղեցին անհամար թվով Ժանեթների է մկրտել։ Իմ մոր անունն էլ է Ժանեթ։ Մայրս, երբ մեծացել է, սկսել է կարդալ, խելք հավաքել, քննադատել է իր անունը։ Ասել է՝ երանի թե Թագուհի կամ Սիրանույշ լիներ։ Նրա մայրը միայն ժպտացել է և ասել, որ անհնար էր նման անուն դնել։ Սփյուռքում մի Մարտինի հետ եմ ծանոթացել, ով ինձ ասաց, որ հայ է։ Նրան հարցրեցի՝ ինչպե՞ս կարող է պատահել, ի՞նչ կապ ունի այդ անունը։ «Է՜հ,-ասաց նա,-չէ՞ որ այդ անվան մեջ «Մարդ» հայկական բառն է առկա»։
Գերմանիայում ծնված զարմուհուս՝ Բելինդայի մեծ մոր անունը Սաթենիկ է։ Նրա ընտանիքը Քասթամոնուից Թոփքափը է տեղափոխվել։ Մեծ մայրիկ Սաթենիկը ևս իր դստեր անունը Ժանեթ է դրել։ Սաթենիկ մեծ մամայի ընտանիքից հիշում եմ 1960-ականներին ծնված մեր ավագ քրոջը՝ Օժենիին։ Երբ հարյուրավոր հայկական պատմական անուններ կան, Քասթամոնուից ծագող մի ընտանիք ինչպե՞ս կարող է նման ֆրանսիական անուն նախընտրել։ Աբդուլ Ազիզը երբ ուղևորվել էր Եվբրոպա, այստեղ ծանոթացել էր կայսրուհի Օժենիի հետ, ով 1869 թ․ եկել էր Ստամբուլ՝ որպես Նապոլեոն Երրոդի ներկայացուցիչ։ Բեյլերբեյի պալատի առաջին օտարազգի հյուրը դարձած Ֆրանսիայի կայսրուհի Օժենի երկարաժամկետ ստամբուլյան այցը մեծ հետաքրքրություն էր հարուցել օսմանյան հասարակության շրջանում, և հատկապես ոչ մուսուլման հանրություններում այդ անունը սկսել էր ժողովրդականություն վայելել։ Քասթամոնուից ծագող մի հայ ընտանիք և նման բազմաթիվ հայեր, հանուն արդիականացման և արևմտականացման, Օժենի հայկական տարբերակի՝ Եվգինեի փոխարեն, սկսել են կիրառել Օժենի կամ Օժեն ֆրանսիական տարբերակը։ Ահա և մեր ազգական Օժենին ևս իր արժանին է ստացել գեղեցիկ և արիստոկրատ Եվգինեից։
Իսկ 1973 թվականը պոլսահայերի համար քաղաքական բարդ դեպքերի տարի էր։ «Տիկի՛ն Ժանեթ, ձերոնք դարձյալ մեր հյուպատոսներից մեկին են սպանել»։ Ի՞նչ պատասխան կարող են տալ մեր՝ վախի մեջ ապրող հայերը իրենց հարևան տիկին Սեվիմին։ Միակ ճարը նորածին երեխաներին հայկական անուններ դնելու վտանգից փրկելն է, սակայն զուգահեռաբար մանուկներին արտասահմանյան անվամբ կնքելով՝ Եվրոպային մոտեցնելը։ Իմ և հետագա սերունդների հայկական համայնքի կանանց անունների հարցում արդեն բանը բանից անցել էր՝ Նաթալի, Լինդա, Սեսիլ, Կարինա, Լարա, Մելանի, Թիլա և Սերլի անուններն այլևս «հեղինակազրկել» էին պատմական հայկական անուններին։
Մեր համայնքն ուղղակի ուշաթափվում է թագուհիների և արքայադուստրերի անունների համար։ Երբ արքայադուստր Դիանան արդիական էր, այն տարիներին աղջիկ երեխաներին կնքում էին այդ անունով։ Ո՞վ էր հիշում 1200-ական թվականների Կիլիկիայի թագուհի Զաբելի մասին։ Իսկ որտե՞ղ էին Սաթենիկ արքայադուստրը, Աշխեն թագուհին, Վասպուրականի արքայադուստրերը։
Լուսաբեր անունը կրողների Ստամբուլում այլևս չես հանդիպի 1975 թ․ հետո ծնվածների շրջանում։ Պերճուհին չի հանդիպում 1968 թ․ հետո ծնվածներից մեջ։ Պապս մի անկարացի դերձակ ընկեր ուներ, որի անունը Սրբուհի էր, կարծում եմ, այլևս ընդհանրապես չի օգտագործվում մեր կողմերում։ 1978 թ․ ի վեր կիրառումից դուրս է եկել Արաքսի անունը, իսկ Արշալույսները՝ 1979 թ․ սկսած։ Մի մեծ կայսրություն հիմնած Տիգրան արքայի իգական տարբերակի՝ Տիգրանուհու անունն այլևս ո՞վ է տալիս իր նորածին դստերը։ Ոչ ոք։ Ամենավերջինը Տիգրանուհի անունը կիրառվել է մինչև 1975 թ․, որը Ստամբուլում հանդիպել է 19 հոգու, իսկ Յոզղատում, Թոքատում և Դիարբեքիրում՝ մեկական հոգու մոտ։ 1975 թ․ հետո էլ այդ անունը կրող ոչ ոք չի մնացել մեր Պոլիսում։ Բինգյոլում, Ամասիայում, Սինոփում, Երզնկայում Վերգինե մորաքույրներ էլ չկան այլևս․ նրանց էլ ենք մոռացել։ Մեր գերդաստանից Արուսյակի և Հակոբի դստեր՝ Անգինի անունն ուղղակի անգին է։ Մտածում եմ՝ բախտավոր է, որ այդ անունն է կրում, քանի որ 1972 թ․ մինչ օրս այդ անունը կրող ոչ մեկ չի մնացել դարձյալ մեր Պոլիսում։ Ամենատարածված հայկական անուններից Անին էլ թերևս առանձնապես կասկածների տեղիք չի տալիս, որ դեռևս օգտագործվում է։ Ի՜նչ լավ է։ Այն ահով, թե անվան հայկական ծագումը կիմացվի, կիրառումից հանվել է նաև Երզնկայում տաճար ունեցող Անահիտի անունը, սակայն Անին դեռ շարունակում է նախընտրելի մնալ։
Ամառները մեկը հաճախ հյուր էր գալիս մեր տուն։ Ճեփ-ճերմակ մաշկով սիրունատես այդ աղջկա՝ Շուշանի անունը շատ էի սիրում։ Պետք է որ 1970-ականները լինեին։ Օրիորդիկ Շուշանիկը իմ մանկության տարիների հավերժահարսն էր։ Տարեցտարի այդ գեղեցիկ անունը վերածվեց Սյուզան-Սուսան-Սյուզիի։ Բեյրութից ժամանած մեր ազգականի աղջիկը՝ Աղավնին, անդադրում վազվզում ու թռչկոտում էր մեր այգում։ Աղավնին 1915 թ․ Մալաթիայից ոտքով Բեյրութ հասած նրա մեծ մայրիկի անունն էր։ Ներկայում մեր Պոլիսում արդյոք մնացե՞լ են Աղավնիներ։ Մի քանի տարեկիցներիս շրջանում է կարողացել պահպանվել այդ անունը։
Յաքաջըքում ամառային արձակուրդներն անցկացնող Դենչալի մորաքրոջս անվանը վերջին անգամ 1970-ականների սկզբին եմ հանդիպել, իսկ դրանից հետո երբեք չեմ լսել։
Քանի որ մեծ մայրիկիս շրջապատը և դրացիական հարաբերությունները ժառանգություն էին մնացել իր մայրիկից, դրանք շատ լայն էին։ Գում Գափու գաղթած ակնեցիները, արաբկիրցիները, թոքաթցիները եթե անգամ ազգական չէին իրար, այնուամենայնիվ բարեկամաբար ողջագուրվում էին։ Ունեինք Ազնիվ, Եղիսաբեթ, Արմենուհի, Վանուհի, Իսկուհի, Արփինե անուններով մորաքույրներ, ովքեր տարեկան մեկ անգամ այցելում էին մեզ կամ մենք էինք իրենց հյուր գնում։ Համեղ ճաշեր էին պատրաստում։ Ամառային մի օր այդ բոլոր «թանթիկները» հավաքվել էին մեծ մայրիկ Սիրվարդի՝ Ալթընթեփեում գտնվող պատշգամբում։ Նրանք բոլորն այնպես վառվռուն ու գույնզգույն հագուստներ էին հագել, կարծես նախապես պայմանավորված լինեին։ Այդ պահն անմահացել էր Գառնիկ քեռու լուսանկարչական ապարատով։ Հին ու նոր սերնդի հայ կանայք՝ Ժանեթներն ու Արմենուհիները, անմահացել են նույն լուսանկարում։
Հայերի պատմությունը ձգվում է 3000 տարի։ Այդ երկար ժամանակահատվածի ընթացքում առաջացել է անունների հարուստ ցանկ, որտեղ առկա են թե այլ քաղաքակրթություններից վերցված և թե հայկական քաղաքակրթությանը պատկանող անուններ։ Պապուց թոռանն անցած արական անունները ընտանիքի՝ անցյալից դեպի ապագա ձգվող կապերից են։
Պոլսահայերի կիրառած արևմտահայերենն այլևս վերջին շունչն է փչում այստեղի հայկական համայնքում, որի մեծ մասն արդեն թուրքերենը յուրացրել է որպես մայրենի լեզու։ Թուրքերենը սկսել է փոխարինել հայերենին, որի պատճառով մի կողմից Թուրքիայում հայերենը մտել է անհետացման գործընթացի մեջ, մյուս կողմից պատմական անունները հաստատապես կանգնել են վերանալու վտանգի առաջ։ Արտաբերելու դժվարության, արևմտականացման նորաձև լինելու և այլազգի համարվելու վախի պատճառով հին անուններն այլևս չեն օգտագործվում։ Կարոլինա, Լինդա, Տանյա, Կարլա, Օլիվիա անունները իգական անձնանուններից միայն մի քանիսն են, որ տեղ են գտել Կենտրոնական վարժարանի շրջանավարտների՝ վերջին 20 տարվա ցանկերում։ Իսկ 1897-98 թթ․ Եսայան վարժարանի առաջին շրջանավարտների ցանկում ընդգրկված անուններն են՝ Արմենուհի, Հայկանուշ, Նեմզուր, Վարդուհի։ 1919 թ․ շրջանավարտների շարքում կային Արմինեն, Արշակունին, Եևանուհին, Այգուհին, Մարին, Սիրանույշը, Սիրուհին, Սրբուհին, Վարդանուշը և Վեհինին։ Ժամանակի մեքենան նստելով՝ վերջին 30 տարվա շրջանավարտների որոշ անունների անդրադառնանք, որոնք մշակութային ջախջախման են ենթարկվել՝ Նադյա, Ժանին, Ժյուլեթ, Լետիսյա, Դիանդրա, Ժակլին, Վիվիեն, Ռենետա։ Գուցե մի նոր հայությո՞ւն է կառուցվում, ո՞վ գիտե։ Այդ նոր իգական անձնաունները հեռացել են հին ընտանեկան մշակույթից և դարձել նոր հայկական համայնքի ժամանակակից նախընտրանքները։ Ամենավերջին Հերմինեն, Հռիփսիմեն ու Նվարդը 1974 թվականի ծնունդ են։ Վերջին թագուհին 1976 թ․ է ծնվել, Արաքսին՝ 1987 թ․, իսկ Արշալույսը՝ 1979 թ․։ Ամենաշատը դիմադրած Արուսյակի վերջին նմուշին էլ հանդիպում ենք 1981 թ․ ծնունդների մեջ։
Հայ իգական անունների՝ վերջին 50-60 տարվա այդ տարօրինակ ֆենոմենը, չգիտես թե ինչու, չի նկատվում արական անձնանունների դեպքում։ Պոլսահայ տղամարդկանց մեծ մասը դեռ կրում է Ղազարոս, Արտաշես, Վահան, Կարապետ, Գևորգ, Տիգրան, Միհրան, Ավետիս անունները։ Ի՞նչն է պատճառը, որ այն դեպքում, երբ իգական անուններն այդքան մեծ փոփոխության են ենթարկվել, արականները դեռ շարունակում են ծանրաբարո մնալ։ Երիտասարդ Արաները, Մինասները, Սարվենները դեռ մեր շուրջն են։ Ռուբենն ու Խաչիկը դեռևս չեն մոռացվել։ Բոլոր Գրիգորներն ու Երվանդները առայժմ քեռի չեն դարձել։ Իսկ եթե ամբողջ Թուրքիայի մասշտաբով ենք անդրադառնում, նկատում ենք, որ թուրքական անուններն աղավաղվել են 1935 թ․ և 1950 թթ․ հետո։ Օսմանյան ժամանակաշրջանից հուշ մնացած անուններն իրենց տեղը զիջել են անիմաստ ժամանակակից թուրքական անունների՝ Աժդա, Աշքըմ, Ուլուս, Ուլքյու, Յուրթ, Յուրթսեվեր, Յելիք, Գյուլիզ, Գյունիզ, Բելիզ և այլն։
Թուրքիայում հանրապետության հռչակումից հետո հարվածը հարվածի վրայից ստացած և վտանգի առաջ կանգնած հարյուր հազարավոր հայեր մեկ անգամ ևս իրենց տները լքելով՝ տեղափոխվել են արևմտյան երկրներ, որտեղ նախընտրել են իրենց երեխաներին կոչել ժամանակակից միջազգային անուններով։ Վերոհիշյալ Մարտինը կոմիկական օրինակ է։ Երբ հայացք ենք գցում ճանաչված սփյուռքահայերի անուններին, ապա տեսնում ենք, որ, օրինակ, ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Շերի հայկական ինքնության մասին միայն իր ազգանունից է հայտնի դառնում։ Դարձյալ համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ Շառլ Ազնավուրի իրական ազգանունն իմացանք միայն տարիներ անց, երբ նա Հայաստանին օգնության ձեռք մեկնեց։ Հասարակայնությունը տեղեկացավ, որ նրա իսկական անունը Շահուր Վաղինակ Ազնավուրյան է։ Սփյուռքում հայտնի հարյուրավոր հայերի անունները չեն մատնում նրանց իրական արմատները։ Թուրքիայում կամ սփյուռքում հայ լինելու բեռի մասին մի ուշագրավ խոսք է ասել իմ թանկագին ընկերներից մեկը, որ ականջիս օղ է դարձել․ «Երբ դու քայլում ես, հայությունդ էլ հետևիցդ է գալիս։ Որքան ուզում ես՝ թաքցրու, որքան ուզում ես ասա, թե աշխարհի քաղաքացի ես, որքան ուզում ես ինտերնացիոնալիզմ պաշտպանիր, ինքնությունդ ստվերի նման կքայլի քո թիկունքից։ Եթե անգամ չուզես էլ, կհիշեցնեն քո արմատների մասին, չեն թողնի, որ մոռանաս»։
Երբ Ստամբուլի Հալասքարգազի պողոտայի վրա, որտեղ նաև սպանվել է Հրանտ Դինքը, Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներով զարդարված մեքենաների ավտոշարասյուն է գնում, Ֆերիքյոյում, Փանգալթըում (թաղամասեր Ստամբուլում, որոնք մոտ են գտնվում Հալասքարգազի պողոտային-Ակունքի խմբ․) ապրող վերջին հայերը ի՞նչ անուններ կարող են տալ իրենց երեխաներին։ Ակնհայտ է, որ ոչ մի փոքրամասնության պաշտպանելու ունակ չեղող Թուրքիայում անունները նույնպես մշակութային ոչնչացման են ենթարկվում։ Այսպես թե այնպես, հին հայկական անուններն այլևս այնքան հազվադեպ են հանդիպում, որ գրեթե չկան։ Հայկական ինքնության բեռը, որի հետևանքով Բարսեղ Թուղլաջյանը դարձել է Փարս Թուղլաջը, Հակոբ Մարթայանը՝ նախ Ագոփ, ապա՝ Դիլաչար, կամ որի ծանրության տակ սիրված հայ դերասաններն ստիպված են եղել ասել՝ մահանամ, հետո գրեք իմ իսկական ինքնության մասին, էական գործոն է՝ հին անունների անհետացման առումով։ Երբ ուսումնասիրեցի Լեմս անունը, որը թեև հավադեպ, այնուամենայնիվ, դեռ հանդիպում է Հայաստանում, հանդիպեցի 1946 թ․ Շիրակի մարզի Այգաբացում ծնված Լեմս Ներսիսյանին։ Դա ի՞նչ հայկական անձնանուն է։ 1946 թ․ ո՞ր հայաստանցու մտքով կանցնի նման անունը։ Դա Լենինի, Էնգելսի, Մարքսի և Ստալինի անունների առաջին տառերի միացությունն է։ Այս հանելուկի պատասխանը պետք է որոնել հեղափոխության մեջ։ Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո ֆրանսիացի նորածինների անունները մեկ դարից ավել ժամանակահատվածում ազդված էին այդ հեղափոխությունից, իսկ ռուսական հեղափոխությունը (և սոցիալիստական գաղափարախոսությունը) ներշնչել է մի բուռ ռուսների իրենց նորածին երեխաներին նման ձևով անվանակոչելու հարցում։ Ահա այդ անունների նմուշները հանդիպում են նաև հայերի շրջանում, որոնց մեծ մասը 1920-ականներին և 1930-ականներին օգտագործում էր Լենդրուշ (Լենին, Տրոցկի, Շահումյան) և Լեմս (Լենին, Էնգելս, Մարքս Ստալին) անվանումները։
Հայ ծնողները եթե անգամ հաջողել են թաքցնել իրենց հայկական ինքնությունը՝ երեխաներին դնելով այնպիսի անիմաստ անուններ, ինչիպիսիք են Ալարան, Գլենդան, Ալինդան և այլն, միևնույնն է, դարավոր մշակույթից 100 տարվա մեջ ազատվելն այնքան էլ հեշտ բան չէ։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net