Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է: Բոլորս էլ գիտակցում ենք՝ ինչ սցենարներով էլ զարգանան ուկրաինական ճակատում իրադարձությունները, այդ իրադարձությունների արդյունքը զգալու ենք մեր տարածաշրջանում: Թուրքիան ակտիվ ուղերձներ է հղում երկու կողմերին: Ո՞րն է Թուրքիայի շահն այս պատերազմում, և նույն այդ Թուրքիան այս տարածաշրջանում ինչպիսի՞ խնդիրներ կառաջացնի, եթե ռուս-ուկրաինական ճակատում իրադարձությունները հստակ հանգուցալուծում չգտնեն:
Yerkir.am-ի հետ զրույցում արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Թուրքիայի վարած քաղաքականությանն անդրադառնալիս փաստում է՝ Թուրքիան մի կողմից փորձում է պահպանել իր հարաբերությունները դաշնակից Ուկրաինայի հետ, մյուս կողմից փորձում է ՌԴ-ի հետ պահպանել իր համագործակցությունը:
«Թուրքիայի քաղաքականության նպատակն է՝ հնարավորինս հեռու մնալ այս հակամարտությունից, միևնույն ժամանակ՝ օգտվել ստեղծված իրավիճակից: Իսկ ինչպե՞ս կարող է Թուրքիան օգտվել: Նա որոշեց փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական և ուկրաինական նավերի համար՝ Մոնտրոյի կոնվեցիայի 19-րդ կետի համաձայն: Թուրքիան փակեց Բոսֆորի և Դարդանելի նեղուցը ոչ միայն ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, այլև նա փաստացի սահմանափակեց Ռուսաստանի հնարավորությունները՝ Սիրիայում գտնվող ռուսական զիված ստորաբաժանումներին զենքով և զինամթերքով սնուցելու համար: Թուրքիան Սիրիայում շահ ունի: Ճիշտ է՝ Թուրքիան Սիրիայում դեռևս ինչ-ինչ առումներով համագործացում է ռուսների հետ, բայց Թուրքիան կատարում է այնպիսի քայլեր, որոնք կթուլացնեն Ռուսատանի ազդեցությունը սիրիական հակամարտությունում, որն էլ կհանգեցնի թուրքական դիրքերի հզորացմանը: Սա դասական օրինակ է, թե ինչպես է Թուրքիան խաղաղասեր հռետորաբանությամբ փորձում առաջ տանել իր շահերը»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը:
Թուրքագետի կարծիքով՝ Թուրքիան ուշի ուշով հետևում է մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և չի բացառվում, որ, Ռուսաստանի ձեռքերն Ուկրաինայում կապված լինելու պայմաններում, նա մեր տարածաշրջանում օգտագործի իր կցորդին՝ Ադրբեջանին, հենց նրա միջոցով գնալով սադրանքի:
«Թուրքիայի նպատակն Ադրբեջանի պահանջի հենքի վրա ռուս խաղաղապահների դուրս բերումն է Արցախից՝ մինչ ժամկետի ավարտը: Թուրքիան կգործի զգուշորեն, գործի կդնի «խաղաղասիրական» հռետորաբանությունը, և չպետք է խաբնվել այդ դրան»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը:
Թուրքիայում սկսել են զգուշանալ Պուտինի վարած քաղաքականությունից: Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին իշխող ուժի պատգամավորները զգուշացնում են Էրդողանին, որ, եթե այսօր Ռուսաստանին չկանգնեցնեն, վաղը նա կհասնի Կարս և Արդահան: Ինչու՞ է էրդողանական վարչախմբը անհանգստանում, որքանո՞վ է իրատեսական իշխող ուժի կողմից առաջ քաշած վարկածը: Թուրքագետը այսպես է բացատրում՝ թուրք գործիչների մոտ կա էկզիստենցիալ վախ Ռուսաստանից, ինչը գալիս է պատմական դառը փորձից:
«Գիտենք՝ռուս-թուրքական պատերազմներում, բացի մեկից, Թուրքիան պարտվել է: Դա շատ լավ գիտակցում է Թուրքիայի զինված ուժերի ղեկավարությունը: Թուրքիայի նախկին գլխավոր շտաբի պետերից մեկն իր գրքում նշել էր, որ Թուրքիային միակ վտանգը սպառնում է հյուսիսից: Թուրքիայում կան վախեր Ռուսաստանից, և այն քաղաքականությունը, որը վարում է Էրդողանը, քննադատության է ենթարկվում: Կան ուժեր, ովքեր պահանջում են Էրդողանից՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն արտահայտել հստակ դիրքորոշում»,-նկատում է թուրքագետը:
Լուրեր են տարածվում առ այն, որ եթե ռուս-ուկրաինական պատերազմը երկարաձգվի, ապա Թուրքիան Այսրկովկասից երկրորդ ճակատ կբացի: Ինչպե՞ս Հայաստանը կկարողանա պաշտպանել իր անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը. ըստ թուրքագետի՝ Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի նրան, որ Թուրքիայի կողմից ձեռնարկվելիք գործողությունները մշտական վտանգներ են ստեղծելու ոչ միայն տարածաշրջանի, այլև Հայաստանի համար:
«Թուրքիան վտանգներ կստեղծի այն դեպքում, երբ կգա այն եզրակացության, որ ՌԴ-ն շատ է թուլացել: Մինչև նրանք այդ եզրակացությունը չանեն, համոզված եմ՝ Թուրքիան ուղղակի գործողություններ, որոնք ուղղված են մեր տարածաշրջանում ՌԴ-ի շահերի դեմ, չի ձեռնարկի. կվախենա: Ներկա փուլում թուրքական դիվանագիտությանը հատուկ է Ադրբեջանի միջոցով սադրանքների գնալը կա՛մ Հայաստանի Հանրապետության, կա՛մ Արցախի սահմաններին»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Լենա Կարապետյան