Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ակնարկեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին:
«2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»,- հայտարարեց նախագահը:
Նշենք, որ, համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի, պատգամավորներն ԱԺ նիստերում կարող են հանդես գալ նախաձեռնություններով, առաջարկություններով: Այսինքն` հիմք ընդունելով նույն օրենքի դրույթները` ՀՀԿ-ական պատգամավորները կարող են ԱԺ նախագահին ներկայացնել պատգամավորին մանդատից զրկելու առաջարկությունը:
Այսպես` համաձայն սույն օրենքի 6-րդ հոդվածի` պատգամավորը պարտավոր է մասնակցել Ազգային ժողովի նիստերին, ինչպես նաեւ այն հանձնաժողովների, ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի նիստերին, որոնց կազմում նա ընդգրկված է: Մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից նրա բացակայելը, սույն օրենքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով, համարվել է անհարգելի:
Պատգամավորների բացակայությունները հաշվառում է Ազգային ժողովի աշխատակազմը, իսկ հաշվառված բացակայությունները, համապատասխան հիմքերի առկայությամբ, հարգելի է համարում Ազգային ժողովի նախագահը: Յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ որոշման նախագիծը քննարկվում է առանձին կարգով: Մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ` քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
Վերոհիշյալ որոշման հիման վրա կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: