Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ Կենտրոնական բանկը պարզաբանում է Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների` Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունների մասին հանրությանը հուզող մի շարք հարցեր.
1. Ի՞նչ է սպասվում ՀՀ բանկային համակարգին SWIFT համակարգից ՌԴ–ի անջատման դեպքում
ԿԲ–ն արձանագրում է, որ SWIFT–ի անջատումը տարածվում է ՌԴ ոչ բոլոր բանկերի վրա։ Հարվածի տակ հիմնականում խոշորներն են, և ՀՀ առևտրային բանկերն իրենց գործարքները կարող են իրականացնել ՌԴ մյուս բանկերի հետ։ Բացի այդ, կարող են նաև ֆինանսական գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակել այլընտրանքային տեսքով, ինչը նույնպես կապահովի ֆինանսական գործառնությունների անխափան իրականացումը։
Ֆինանսական գործարքների իրականացման պայմանները՝ արժույթը, բանկային հաշիվները և այլն, պետք է որոշեն տնտեսվարողները` իրենց արտերկրի գործընկերների և սպասարկող բանկերի հետ պայմանավորվածությունների հիման վրա։
Կենտրոնական բանկը նշում է, որ խնդիրները լուծելի են, ֆինանսական կայունության համար ռիսկերը` ոչ էական։
Ինչ վերաբերում է ոչ առևտրային դրամական փոխանցումների համակարգերի վրա տվյալ պատժամիջոցի հնարավոր ազդեցությանը, ԿԲ–ն հայտնում է, որ այս պահին նման տեղեկություն չունի։
2. Ինչպե՞ս կազդի ռուբլու արժեզրկումը Հայաստան եկող դրամական փոխանցումների վրա
Ռուբլու արժեզրկումն, ըստ ԿԲ–ի, Հայաստան եկող դրամական փոխանցումների վրա էական ազդեցություն չի ունենա։ Փոխարենը կազդի փոխանցումների դոլարային արտահայտության վրա։ Այսինքն` ԱՄՆ դոլարով արտահայտված դրամական փոխանցումները կնվազեն։
Դրամական փոխանցումների որոշակի կրճատումը բացասական կազդի ՀՀ ներքին պահանջարկի վրա, բայց, ԿԲ–ի գնահատմամբ, ազդեցությունը շատ մեծ չի լինի։
3. Կլինի՞ նոր գնաճ, թե՞ ոչ
Ներկա պահին ԿԲ–ն դժվարանում է պատախանել այս հարցին։ Գործոնները շատ են, տատանողականությունը` բարձր։
Ամեն դեպքում, ԿԲ–ը վստահեցնում է, որ հավատարիմ է մնում գների կայունության ապահովման իր մանդատին ու կապահովի այն իրավիճակի ցանկացած զարգացման պարագայում։
4. Ի՞նչ ազդեցություն կունենան պատժամիջոցները ՀՀ տնտեսության վրա
ՌԴ–ի նկատմամ կիրառվող պատժամիջոցների հնարավոր հետևանքները ՀՀ տնտեսության վրա, ԿԲ–ի գնահատմամբ, կարող են լինել ինչպես բացասական, այնպես էլ դրական, ինչպես օրինակ` տարածաշրջանից մարդկային ռեսուրսների և կապիտալի ներհոսքի առումով։
Բացասական ազդեցությունը կարող է արտահայտվել Ռուսաստանի Դաշնություն արտահանումների վրա (ռուբլու փոխարժեքի անկման հետևանքով), քանի որ ՀՀ–ում արտադրված ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը կարճաժամկետ հատվածում որոշակիորեն կկրճատվի։ Իսկ երկարաժամկետ ազդեցության չափը կախված է բազմաթիվ գործոններից՝ գործարքի կնքման արժույթից, վճարման ժամկետներից, արտահանող ընկերությունների ճկունությունից, ՌԴ-ում գնաճի տեմպերից և այլն։
Հնարավոր ռիսկերի նվազեցման համար ԿԲ–ն հայաստանյան արտահանողներին խորհուրդ է տալիս դիվերսիֆիկացնել իրենց արտահանման գործարքները։
Միաժամանակ ԿԲ–ն հայտնում է, որ բեռնափոխադրումներն այս պահին Սև ծովի ջրային տարածքով, հատկապես Ուկրաինայի հետ առևտրի մասով, արդեն բավական դժվարացած են։ Այլ լրացուցիչ տեղեկություններ ԿԲ–ն ներկա պահին չունի։