կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-20 13:00
Հասարակություն

Ամանորից առաջ մսամթերքի շուկայում 20 % գնաճ կլինի

Ամանորից առաջ մսամթերքի շուկայում 20 % գնաճ կլինի

Վերջին օրերին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ խանութներից գնված մսից թթու համ է գալիս: Այսօր «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը լրագրողներին ասաց, որ չի բացառվում` քաղաքացիները ձիու միս գնած լինեն:

Նրա խոսքով՝ զավեշտալի է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետի խորհուրդը, թե հնարավոր է ձեռքով շոշափելու եղանակով՝ հալման ջերմաստիճանի պայմաններում տարբերակել միսը: Ըստ Պիպոյանի` անգամ հմուտ անասնաբույժներն են դժվարությամբ տարբերակում, ուր մնաց` հասարակ սպառողները: Նա նշեց, որ դա հնարավոր է պարզել միայն համապատասխան լաբորատոր փորձաքննության միջոցով:

Պիպոյանի խոսքով՝ վերջին շրջանում ՍԱՊԾ-ն մսի շուկայում որևէ խախտում չի արձանագրել: Միակ խախտումը եղել է ԳՈւՄ-ի շուկայի մսի վաճառասրահի պահեստում պահված 888 կգ կասկածելի ծագման մսի հայտնաբերումը, որն էլ բացահայտել են իրավապահները:

Նա խորհուրդ տվեց սպառողներին` Ամանորին լինել գերուշադիր, երեկոյան ժամերին սեղանին դրված մսեղենը տեղափոխել սառնարան՝ խուսափելով սննդային թունավորումներից:

Խոսելով Ամանորին սպասվող թանկացումների մասին` Պիպոյանը նշեց, որ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մսամթերքի շուկայում 20 % գնաճ կլինի: Գնաճ է սպասվում նաև ալկոհոլային խմիչքի շուկայում, որտեղ, միևնույն ժամանակ, շատ կլինեն ակցիաները, որոնք սակայն կվնասեն այն սպառողների գրպանին, ովքեր, օրինակ, նախատեսել էին քիչ խմիչք գնել: Օրինակ` շատ կան ակցիաներ՝ գնելով 4 շիշ օղի, մեկը ստացեք նվեր և այլն: Քաղաքացին պետք է հաշվարկ անի` արդյո՞ք ինքը նախատեսել էր 4 շիշ օղի գնել, և արդյո՞ք էժան գնով 4 կամ 5 շիշ գնելը չի ազդի իր ծախսերի վրա:

Պիպոյանի խոսքով՝ ակցիաների շրջանակներում կէժանանան այն ապրանքները, որոնք կապված են միջազգային բրենդների հետ: Ակցիաներ կլինեն, մասնավորապես, գազավորված ըմպելիքների և հյութերի շուկայում: