Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ն․Ս․Օ․Տ․Տ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ուղերձ է հղել Մեծ պահքի առթիվ՝ նշելով, որ մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, խոկման ու ներհայեցողության առանձնակի ժամանակամիջոց է. Yerkir.am-ին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնից:
Ուղերձում, մասնավորապես, նշվում է.
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, խոկման ու ներհայեցողության առանձնակի ժամանակամիջոց է։ Այս օրերին մեր ներաշխարհը պայծառանում ու զորանում է սուրբգրային ընթերցումներով, հոգեշահ պատգամներով, որ փոխանցում են Մեծ Պահքի կիրակիների խորհուրդները։ Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգևոր ճամփորդություն է, որպեսզի մեր կենցաղավարությանը անդրադարձով, մարդկային մեր էության քննությամբ, հոգեպես նորոգված ու բարեպաշտ ընթացքով արժանի դառնանք տերունապարգև փրկության բաղձալի պարգևին: Առաքյալը պատվիրում է ընթանալ Աստծո կամքի համաձայն` «ապրելու համար Տիրոջն արժանի և ամեն ինչում Նրան հաճելի ձևով, բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու» (Կող․ Ա 9-10):
Մեր հորդորն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր, սիրեցյալ զավակներիդ՝ Մեծ Պահքի կարևոր այս շրջանն անցկացնելու աղոթքով, պահեցողությամբ ու խոկումներով, մասնակցելու մեր եկեղեցիներում կատարվող սրբազան արարողություններին, զորացնելու միմյանց հանդեպ կամեցողության ոգին, առատացնելու բարի գործերը, որպեսզի առավել շենանա ու պայծառանա մեր կյանքը Աստվածաշնորհ օրհնություններով:
Երկնավոր Տիրոջ օրհնության հայցով մաղթենք խաղաղություն աշխարհին, մարդկանց սրտերին, խաղաղություն մեր հայրենիքին ու մեր ժողովրդին, ինչպես և՝ հավատքի, հոգևոր կյանքի պայծառություն, առաջընթաց ու զորացում աշխարհասփյուռ ազգիս հայոց։
Թող մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը միշտ լինեն մեզ հետ և ամենքի․ ամեն»:
Հիշեցնենք՝ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: