|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք ընդդիմադիր խմբակցությունները Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ հանդես են ելկել հետևյալ կոչով.
«Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև նվազող հարաբերությունների ֆոնին ՀՀ վարչապետը ջերմ ընդունելություն է կազմակերպում Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներին: Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների հետ, իսկ այսօր այդ պատգամավորները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետի ջերմ ընդունելության համար:
Անհանգստացնող է այն հանգամանքը, որ որևէ տեղեկություն չկա այն մասին, թե այդ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի Հանրապետության և լայն հասարակությանը հուզող իրական խնդիրները՝ կապված անվտանգության, հայ գերիների վերադարձի, օկուպացված տարածքներում մշակութային արժեքների ոչնչացման և մարդու իրավունքների ոլորտում օր օրի վատթարացող հարցերը։
Ստեղծված իրավիճակում հատկապես կարևոր ենք համարում երկու հայկական պետությունների՝ միջխորհրդարանական հանձնաժողովի միջոցով օրենսդիր մարմինների համագործակցության օր առաջ վերսկսումը, որտեղ կքննարկվեն անվտանգային, Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականության շարունակական դրսևորումներին համաչափ ու համարժեք արձագանքելու, հայ գերիներին վերադարձնելու և բազմաթիվ այլ հրատապ հարցեր:
Հաշվի առնելով մեր տարածաշրջանում ծավալվող իրադարձությունները՝ կոչ ենք անում Արցախի և Հայաստանի Հանրապետությունների Ազգային ժողովների նախագահներին հրատապ կազմակերպել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» խմբակցություն