Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախյան ժպտացող դեդո-բաբո, Անթիլիասի մայրավանք, հաղթած զինվոր, յարխուշտա, Արարատ․ խորհրդանշական այսպիսի պատկերներ ներառելով՝ Արազ Գայմագամյանը գունազարդելու գիրք-ալբոմ է ստեղծել, որը ազգային դաստիարակություն կհաղորդի երեխաներին՝ հայտնում է Yerkir.am-ը։
Որքան էլ պարադոքսալ է՝ հայրենադարձ աղջկա «ներշնչանքի» աղբյուրը Նիկոլ Փաշինյանն է, որը Շուշին անվանեց «դժգույն և դժբախտ քաղաք»՝ հանձնելուց հետո։
«Ես նստած հուզվեցի, թե իմ բալիկը ո՞նց պետք է մեծանա այս ապազգային մթնոլորտում։ Իրականում, պետք է իշխանություններն այնպես անեն, որ երեխաների մոտ գիտակցություն զարգանա, որ իրենք են իրենց հայրենիքը գունավոր դարձնում։ Այդ մտքից ելնելով՝ որոշեցի գիրք ստեղծել մեր ազգային խորհրդանիշ պատկերներով՝ ներառելով Հայաստանի, Արցախի, Սփյուռքի մեր ազգային կառույցները, թեմաները, ու ստեղծվեց գիրքը»,-ասաց Արազ Գայմագամյանը։
«Հայրենիքս ու ես» կոչվող գիրք-ալբոմի նախաբանում այդպես էլ գրված է․ «Սիրելի՛ հայորդի, հիշիր, որ հայրենիքը դժգույն ու դժբախտ չի լինում, քանի որ այն գունավորողը դու ես»։
Վերջում Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների օրհներգների տեքստն է ու դրոշները՝ դարձյալ գունավորելու համար։
Նկարները հատուկ ստեղծված են այս նախագծի համար։ Նկարների հեղինակը Բրազիլիայից հայրենադարձված Անաիս Զատիկյանն է։
Գիրք-ալբոմը կարելի է ձեռք բերել «Հայորդիք» ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջի միջոցով, կա առաքելու հնարավորություն։ Գրախանութներում վաճառք չի լինելու, գիրքը միայն օնլայն է վաճառվում։
Ալբոմը հրատարակվել է 800 խմբաքանակով՝ կեսը արևելահայերեն, կեսը արևմտահայերեն, բայց նոր խմբաքանակներ էլ են լինելու, քանի որ պահանջարկը մեծ է, ու արտասահմանից ուզում են արդեն մեծ քանակությամբ։
Սա նաև շատ լավ առիթ է, որ Հայաստանի երեխաները սովորեն արևմտահայերեն։
«Հետաքրքիրն այն է, որ ինձ թվում էր՝ Հայաստանի ժողովուրդը արևելահայերենը կցանկանա, բայց մինչև հիմա ինչքան վաճառել եմ այս գիրքը Հայաստանում, արևմտահայերենն են վերցրել, շատ քիչ է պատահել, որ արևելահայերեն վերցնեն, հիմնականում արևմտահայերենն են վերցնում, որովհետև գտնում են, որ արևմտահայերենն ավելի նուրբ է ու իրենց երեխաները պետք է, ի վերջո, ուսումնասիրեն արևմտահայերենը»,-ասաց Արազ Գայմագամյանը։
Նա մի պատմություն հիշեց․ մի առիթով Զարեհ Սինանյանին հարցրել էր՝ ինչո՞ւ Հայաստանի դպրոցներում արևմտահայերեն չի ուսուցանվում, և նա պատասխանել էր, իբր «արևմտահայերենը մեռնող լեզու է»։ Փաստորեն, ասաց Արազ Գայմագամյանը, այս գիրքը վառ ապացույց է, որ արևմտահայերենը ոչ միայն մեռնող լեզու չէ, այլ նաև հառնող լեզու է։
«Հայորդիք» նախագիծը միայն ներկելու գրքով չի սահմանափակվելու, լինելու են նաև այլ նախաձեռնություններ՝ հայ ազգի պատմության, հերոսների հետ կապված, բոլորն էլ ազգային թեմաներով։
Քանի որ մենք դրսում ենք մեծացել, ասաց Արազ Գայմագամյանը, մենք կառչած ենք եղել ազգային թեմաներին ու տեսել ենք, որ հայապահպանության կարևորագույն օղակը ազգային դաստիարակությունն է։
«Հայերեն խոսելը դեռ չի նշանակում հայրենասեր լինել, եթե տենց լիներ՝ Հայաստանում բոլորը հայերերն են խոսում։ Բայց այս ամեն ինչով երեխային փոքր ժամանակվանից դաստիարակելը, սերմանելը շատ մեծ հետք է թողնում մեծանալուց հետո, այսինքն, այս սերմերը ծիլ են տալիս մեծանալուց հետո»,-վստահ է նա։
Ինչքան հնարավոր է թող սիրեն իրենց հայրենիքը, ասաց «Հայորդիք» նախագծի հեղինակը, իսկ «հայրենիք» ասելով՝ ինքը հասկանում է Հայաստան-Արցախ-Սփյուռքը՝ մեկ եռամիասնությամբ։
Աննա Բալյան