կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-15 16:54
Քաղաքական

Ալիևն էլ, Էրդողանից ներշնչված, կարող է անհեռատես քայլեր անել. Կիրո Մանոյան

Ալիևն էլ, Էրդողանից ներշնչված, կարող է անհեռատես քայլեր անել. Կիրո Մանոյան

Մենք պիտի առաջնահերթություն համարենք մեր պետականության հզորացումը, քանի որ մեզնից լավ բարեկամ մեզ համար չկա. այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ամփոփելով Արցախի բարեկամների «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի արդյունքները, ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Ամենալավ բարեկամներին էլ հարգում ենք, սիրում ենք, բայց մենք է, որ պիտի կարողանանք ինչ-որ բան անել, երբ վիճակն էլ ավելի ծանրանա: Եվ էլ ավելի ծանրանալու հնարավորություններ միշտ էլ կան, բայց չէի ասի, որ հավանականություն կա: Այս օրերին մեր տարածաշրջանի իրադարձությունները ինչ-որ չափով հավանականությունը նվազեցրել են, տարբեր քաղաքական ուժեր շատ ավելի զգույշ պիտի լինեն, որ մի քանի օջախ չլինի այս՝ համեմատաբար փոքր տարածաշրջանում, ասենք՝ Թուրքիայի երկու սահմաններին»,- նշեց նա:

Մանոյանի դիտարկմամբ՝ հիմա դժվար է ասել, թե Սիրիայում ինչ տեղի կունենա, վերջում ինչ միջավայր կստեղծվի՝ հաշվի առնելով Էրդողանի պահվածքը: «Եվ կարող է Ալիևն էլ, Էրդողանից խրախուսված, ներշնչված, սկսի անհեռատես քայլեր ձեռնարկել: Միշտ էլ պատրաստ պիտի լինենք ցանկացած իրադարձության: Բայց չի բացառվում, որ մի քանի ամիս հետո նման իրադարձություններ հրահրվեն որոշ այլ նպատակներով ևս, այսինքն՝ իրավիճակը փոխելու. ոչ թե՝ որ Ադրբեջանը առաջանա, կամ մենք առաջանանք, այլ՝ որպեսզի այլ դերակատարներ էլ հայտնվեն, ինչը ևս մեր շահերից չի բխում»,- ասաց նա:

Սիրիայի հակամարտությունն, ըստ Մանոյանի, հազիվ թե ազդի Արցախյան հարցի կարգավորման վրա: «Դրա համար էլ համաժողովում հնչած բոլոր ելույթներում ասվում էր, որ մենք մեզ վրա պիտի հույս դնենք: Եվ դա երեսուն տարվա քաղաքական գիծ էր դարձել Արցախյան շարժման համար, բայց հիմա՝ առավել ևս»,- ասաց նա:

Դժվար է ասել նաև, թե Թուրքիայի՝ Սիրիա ներխուժումը մինչև ուր կծավալվի: «Ինչքանով այդ ներխուժումը կմնա այն սահմաններում, որ իբր ցանկանում էր Թուրքիայի նախագահը, հիմա արդեն իր ցանկացածից ավելին է անում: Սկզբում խոսում էր 15 կմ-ի մասին, հետո՝ 30 կմ-ի, հիմա էլ խոսում է 50 կմ-ի մասին: Լավ, դիմացի կողմն ո՞վ է: Արդեն հիմա քրդերը միացել են Սիրիայի իշխանությունների բանակին, Սիրիայի իշխանությունների բանակը գործակցում է Ռուսաստանի հետ»,- ասաց Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով՝ եթե իրավիճակը սահմանափակվի այսքանով, մեծ հարց չի լինի: «Բայց եթե ծիրից դուրս գա, մտահոգիչ կլինի: Ալիևն էլ կարող է շատ ոգևորվել և սկսել նման բաներ ձեռնարկել՝ կարծելով, թե աշխարհն աչքը պիտի փակի: Աշխարհն աչքը փակի-չփակի, մենք պիտի պատասխանենք»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամը: