կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-19 17:16
Քաղաքական

Փետրվարյան անկրկնելի պոռթկումը

Փետրվարյան անկրկնելի պոռթկումը

1921 թ. Փետրվարյան համաժողովրդական ապստամբությանը հաջորդած հարյուր տարիների ընթացքում, մասնավորապես՝ մինչև նախորդ դարի կեսերը, երբ դեռևս ողջ էին ապստամբության առաջնորդներից ոմանք (Ս. Վրացյան, Բաշգառնեցի Մարտիրոս, Կ. Սասունի և ուրիշներ), և 1990-ից հետո, երբ հայ ժողովուրդը վերանվաճեց իր անկախությունը, այդ հիրավի նշանավոր, պատմական իրադարձության մասին հաճախ է գրվել, սակայն սխալված չենք լինի, եթե ասենք, որ մինչև օրս էլ այն մնում է ըստ արժանվույն չգնահատված: Մենք նկատի ունենք՝ պետականորեն տրվող գնահատականը, որը դեռևս չի հնչել Հայաստանի անկախ հանրապետության որևէ իշխանական վարչակազմի կողմից: Պատճառը քաղաքական է, ավելի շուտ՝ կուսակցական: Անկախ շարժառիթներից, այդպիսի վերաբերմունքը չի կարող արդարացված լինել:

Ճիշտ է՝ ապստամբության ղեկավարները, որոշ բացառություններով, դաշնակցական հայտնի գործիչներ էին, և այդպես էլ պիտի լիներ, բայց ապստամբությունը կուսակցական չէր: Չնայած որ բոլշևիկ հեղկոմականներն իրենց գործած վայրագությունները փորձել են արդարացնել՝ պատճառաբանելով իբրև թե դաշնակցականներն իշխանությունը հանձնելու պահին արդեն իսկ այն վերանվաճելու որոշում են ունեցել, իրականում այդպիսի մեղադրանքն անհեթեթ է, որովհետև 1920-ի աշնանը հայ-թուրքական պատերազմում կրած ծանր պարտությունից հետո (ի դեպ՝ հիմնականում նույն բոլշևիկների՝ բանակում հակապետական ակտիվ քարոզչության պատճառով) ՀՅԴ-ի կողմից իշխանության համար պայքարելն այլևս անմտություն կլի-ներ, և դաշնակցական ղեկավարները դա շատ լավ էին գիտակցում:

Ուստի պատահական չէր, որ ինչպես Դրոն՝ մինչև իր «պատվավոր» աքսորը, այնպես էլ վերջին կառավարության վարչապետ Ս. Վրացյանն ընդհուպ մինչև փետրվարի 10-ը դեմ են եղել հակաբոլշևիկյան որևէ նախաձեռնության: Վերջինս սկզբնական շրջանում այդպիսի փորձը նույնիսկ համարել էր «ավանտյուրա» : Իսկապես էլ, մի իրավի-ճակում, երբ Ալեքսանդրապոլում նստած էր հաղթական թուրքական զորքը Կարաբեքիրի գլխավորությամբ, և չկար նրան դիմագրավող մարտունակ բանակ, իշխանությունը վերանվաճելու մասին միտքն անգամ արկածախնդրություն կլիներ: Փաստ է այն, որ չի եղել հակաբոլշևիկյան ապստամբություն կազմակերպելու ՀՅԴ որևէ մարմնի որոշում, որքան էլ որ բոլշևիկյան պատմագրությունը ջանացել է ցույց տալ հակառակը: Բացի այդ, որևէ շարժման բնույթը առաջին հերթին որոշվում է նրա մասնակիցների կազմով և թվաքանակով:

Փետրվարյան ապստամբությանը մասնակցում էին ոչ միայն ժողովրդի լայն զանգվածներ Հայաստանի հատկապես կենտրո-նական գավառներից, ուր ծավալվում էին իրադարձությունները, այլև հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ՝ մտավորականներ, զինվորականներ և հատկապես գյուղացիությունը, որը կազմում էր Հայաստանի ազգաբնակչության գերակշռող մեծա-մասնությունը: Եվ որ ամենից կարևորն է՝ մասնակցում էին ինքնաբուխ կերպով: Ոչ մի կուսակցություն, որքան էլ նա ազդեցության լծակներ ունենա ժողովրդական զանգվածների վրա, չի կարող հակաիշխանական տրամադրություններ գրգռել լայն զանգվածների մոտ, եթե դրա համար չլինեն բավարար նախադրյալներ, այսինքն՝ եթե ժողովրդի մեծ մասը պատրաստ չլինի դրան :

Իրավիճակն ապստամբության նախօրյակին

Հայաստանի առաջին հանրապետության իշխանությունները շուրջ երկուսուկես տարվա մաքառումներից հետո, հանուն հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության, հարկադրված էին 1920 թ. դեկտեմբերի 2-ին իշխանությունը խաղաղ ճանապարհով, «առանց մի կաթիլ արեան» զիջել Հյուսիսից՝ «խելագարված ամբոխների» շնչով Հայաստան ներխուժած բոլշևիզմին: Ս. Վրացյանի դիտարկմամբ, իշխանությունը բոլշևիկներին զիջելու սկզբնական շրջանում պարզ ժողովուրդը նույնիսկ լավ ընդունեց այդ փաստը, որովհետև բոլշևիկների կողմից իշխանությունը ստանձնելը նա ընկալեց իբրև հզոր Ռուսաստանի վերադարձ, որն առաջին հերթին նշանակում էր ֆիզիկական անվտանգություն և համեմատական բարեկեցություն:

Ժողովուրդն առանձնապես ծանր չի տարել նույնիսկ հանրապետության քաղաքական և զինվորական ղեկավարության ձերբակալությունները : Ա՛յն մարդկանց, որոնց կյանքի իմաստը եղել էր հանուն այդ նույն ժողովրդի անձնուրաց պայքարը ամենուրեք:

Թեպետ Առաջին հանրապետության ղեկավարությունը լավատես չէր բոլշևիկների գործելակերպի առումով, որովհետև տեղյակ էր ինչպես Խորհրդային Ռուսաստանում, այնպես էլ հարևան Ադրբեջանում, ուր խորհրդային կարգեր հաստատվել էին ավելի վաղ՝ 1920 թ. ապրիլի 28-ին, նրանց վարած ներքին քաղաքականությունից, բայց և այնպես հույսեր էր տածում, որ հայ բոլշևիկները հաշվի կառնեն հայ ժողովրդի կրած զրկանքները և նրան չեն մղի նոր փորձությունների: Սակայն մեկ-երկու շաբաթն էլ բավական էր հասկանալու համար, որ բոլշևիկների հետ կապված լավատեսական սպասումները միանգամայն անհիմն էին:

Նրանք ոչ միայն մտադիր չէին հարգելու «Դրո-Տերտերյան և Լեգրան» պայմանագրի դրույթները, այլև ձգտում էին ֆիզիկական հաշվեհարդար տեսնել Առաջին հանրապետության ղեկավարների հետ, թալանել առանց այդ էլ նյութական խիստ կարիքներ ունեցող ազգաբնակչության ապրուստի միջոցները և որպես եղբայրական օգնություն՝ ուղարկել Խորհրդային Ադրբեջան՝ կարմիր բանակին: Պարզվում է, որ Առաջին հանրապետության ներ-կայացուցիչների հետ իշխանությունը հանձնելու համաձայնագրի ստորագրման օրը՝ դեկտեմբերի 2-ին, բոլշևիկների ներկայացուցիչ Բ. Լեգրանը, խախտելով նույն համաձայնագրի 5-րդ կետը, ըստ որի՝ Հեղկոմը պարտավորվում էր Առաջին հանրապետության քաղաքական ղեկավարությանը չհետապնդել անցյալի իր գործունեության համար, հրաման է տալիս ձերբակալել Հ. Օհանջանյանի կառավարության (Բյուրո-կառավարություն) անդամներին :

Պատճառը պարզ է. Բյուրո-կառավարությունը 1920 թ. ճնշել էր բոլշևիկների կազմակերպած մայիսյան հակապետական խռովությունները, որի ընթացքում զոհվել էին խռովության որոշ ղեկավարներ: Եվ ահա՝ առաջին իսկ քայլերից բոլշևիկները փորձում էին վրեժխնդիր լինել՝ հաշվի չառնելով նման քայլի հնարավոր հետևանքները:

Ս. Վրացյանի վկայությամբ Հայաստանում ռուսական զորամասերի թվի աճին զուգ-ընթաց բոլշևիկների գործողությունները դառնում էին ավելի ու ավելի հանդուգն և արհամարհական:Նա և իր կառավարության մի քանի անդամներ, այդ թվում՝ Դրոն, մնացել էին Երևանում իշխանությունը բոլշևիկներին փոխանցելու, ինչպես նաև վերջինների հետ համագործակցության միջոցով՝ ժողովրդին նրանց հնարավոր բռնաճնշումներից պաշտպանելու նպատակով: 1920-ի դեկտեմբերի վերջերից սկիզբ են առնում նախկին պետական և կուսակցական գործիչների, զինվորականների և մտավորականների ձերբակալությունները: 1921 թ. փետրվարի սկզբներին Երևանի, Էջմիածնի, Ղամարլուի, Ախտայի, Ելենովկայի և Նոր-Բայազետի բանտերում ձերբակալվածների թիվը հասնում էր 2200-ի, որը մի քանի անգամ գերազանցում էր այդ բանտերի համար նախատեսված առավելագույն թիվը :

Նոր բանտարկյալներին տեղավորելու համար բանտերից ազատ էին արձակում քրեական հանցագործներին և նրանց դարձնում իրենց գործակալները նախկին իշխանության ներկայացուցիչներին լրտեսելու գործում: Քաղաքացիներից խլում էին իրենց բնակարանները և ամբողջ ընտանիքների, մասնավորապես՝ նախկին ղեկավարների ընտանիքներին, թողնում էին փողոցում կամ լավագույն դեպքում մի քանի ընտանիքի պարտադրում էին ապրել մի բնակարանում, հաճախ՝ կիսախավար ու ցուրտ նկուղներում: Երևանի բոլոր աչքի ընկնող տները զբաղեցրել էին բոլշևիկյան Հեղկոմի անդամները: Փետրվարյան ապստամբության հաղթանակից հետո, երբ ՀՓԿ-ի ներկայացուցիչները ցուցակագրել են հեղկոմականների կողմից բռնագրավված տների գույքը, ամենից համեստը եղել է Աշոտ Հովհաննիսյանի զբաղեցրած բնակարանը, որը, ի դեպ, բռնագրավել էին նախկին ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանի ընտանիքից՝ վերջինին թողնելով փողոցում:

Իշխանափոխության նախօրյակին ՀՅԴ ղեկավարության որոշման համաձայն Ռուբենը, խմբապետ Մարտիրոսի և մի քանի թիկնապահների ուղեկցությամբ, հեռացել էր Զանգեզուր: Նշված բնակարանում գրանցված գույքը հավաքվել էր տարբեր տեղերից և «ոչ մի համեմատութիւն չէր կարող լինել «Ռուբէն փաշայի» աղքատիկ կարգ ու սարքի հետ» : Ռուս զինվորներին, փոխանակ տեղավորելու զորանոցներում, բաժանել էին քաղաքացիների տների վրա և բնականաբար նրանք ապրում էին վերջինների հաշվին: Եվ կարելի է միայն պատկերացնել, թե ինչերի էր ընդունակ խմիչքի հանդեպ թուլություն ունեցող, իր ընտանիքին կարոտող, բայց պարտադրաբար օտարության մեջ հայտնված ռուս զինվորը ավանդապահ հայ ընտանիքի հետ միևնույն հարկի տակ ապրելիս:

Իհարկե, դա արվել էր ոչ թե այն պատճառով, որ զորանոցներում հնարավոր չէր տեղավորել այդ զինվորներին, այլ որպեսզի նրանց ներկայությունը յուրաքանչյուր տան մեջ ազգաբնակչությանը պահեր մշտական լարվածության և հնազանդության վիճակում:
Ամենատարբեր կարգավիճակի բոլշևիկ ղեկավարները, որոնք պարբերաբար, իբրև թե պետական այս կամ այն կարիքի համար, կազմակերպում էին այսպես կոչված «թալշաբաթներ» (ժողովուրդն այդպես է անվանել նրանց բռնագրավումները), իրենք գիշերները լուսացնում էին ցոփ խնջույքներով: Եվ այդ ամենը նույն ժողովրդի աչքի առաջ, որի ունեցվածքի հաշվին կազմակերպվում էին գիշերային խրախճանքները :

Այդ ամենին գումարվում էր Կարաբեքիր փաշայի գլխավորած թուրքական բանակի ներկայությունը Ալեքսանդրապոլում և շրջակա գյուղերում, որոնք ամենևին չէին շտապում հեռանալ զբաղեցրած տարածքներից, չնայած որ պարտավոր էին դա անել ըստ Ալեքսան-դրապոլի պայմանագրի (2 դեկտեմբերի, 1920 թ.), իսկ Հեղկոմն էլ պարտավորվել էր զորքերի դուրսբերումը պահանջել իրենց դաշնակից Թուրքիայից, սակայն ոչ միայն գործնական քայլերի չէր դիմում այդ ուղղությամբ, այլև Չեկայի պետ Ավիս Նուրիջանյանը հաճախ սպառնում էր, որ ժողովրդի անհնազանդության դեպքում իրենք կդիմեն թուրքական բանակի օգնությանը: Թուրքական զորամասերի հսկողության տակ գտնվող բնակավայրերում պարբերաբար տեղի էին ունենում բնակչության ունեցվածքի թալան, սպանություններ ու բռնաբարություններ: Տղամարդկանց բռնի քշում էին Թուրքիայի խորքերը հարկադիր աշխատանքի:

Բոլշևիկյան Հեղկոմը, փոխանակ զբաղվելու այդ կենսական նշանակության խնդիրներով, իր հերթին զբաղված էր սեփական ժողովրդի հարստահարությամբ: Որքան որ պետական ունեցվածքի նկատմամբ խնայող էին նախկին իշխանությունները, նույնքան շռայլ ու վատնող էին նորերը՝ բոլշևիկյան իշխանությունները: Պիտի խոստովանել, որ հատկապես սկզբնական շրջանում բոլշևիկները կարողանում էին ապահովել իրենց գործողությունների գաղտնիությունը և որպես կանոն՝ բնակչությանը անակնկալի բերել:

Նրանք ճիշտ կողմնորոշվեցին նաև հնարավոր ռազմական հակազդեցությունը չեզոքացնելու գործում. նախ՝ 1921 թ. հունվարի 10-ին ռուսական զորահրամա-նատարության կողմից կազմակերպված «հրավերով» երկրից դուրս բերեցին Դրոյին՝ իր սպայակույտի հետ միասին, որից ամենից շատն էին զգուշանում, ապա հունվարի 24-ին կազմակերպեցին շուրջ 1500 սպաների զինաթափումն ու աքսորը՝ «ալեզարդ» սպարապետ Թ. Նազարբեկյանի գլխավորությամբ : Իսկ մինչ այդ Բաքու էին աքսորել 70 սպաների՝ ըստ կարմիր բանակի ռազմական դրվածքի վերապատրաստվելու պատրվակով: Իհարկե, ինչպես Դրոն, այնպես էլ ուրիշները հասկանում էին, որ կազմակերպված հրավերը իրականում նշանակում էր աքսոր, և որ երկրից դուրս են գալիս անվերադարձ, բայց այդ զոհողությանը գնում էին բոլշևիկներին նոր գրգռությունների առիթ չտալու և ժողովրդին բռնաճնշումներից զերծ պահելու մտահոգությամբ: Այլապես, ինչպես նշել է Ս. Վրացյանը, Դրոն միայնակ ավելի մեծ ազդեցություն ուներ երկրում, քան Հեղկոմն՝ իր Չեկայով և ռուսական զորամասերով միասին վերցրած, և ցանկացած պահի կարող էր ետ վերցնել իշխանությունը:

Դրոյի ներկայությունը ժողովրդի համար հույս էր, որ անհրաժեշտ ժամին նա անպայման մի ելք կգտնի, իսկ մեկնումը համարժեք էր ողբերգության, որովհետև ժողովուրդը զրկվում էր իր վերջին հույսից: Ականատեսի վկայությամբ Երևանի գրեթե ողջ բնակչությունը, ճնշող լռությամբ փողոց դուրս եկած, հրաժեշտ էր տալիս Դրոյին, ինչպես որ վերջին ճանապարհ են ուղեկցում մեծ հանգուցյալին :

Երևանի բանտում էին ժողովրդի քաղաքական և մշակութային էլիտայի ներկայացուցիչներից շատերը՝ նախկին վարչապետներ Հ. Քաջազնունին, Հ. Օհանջանյանը, Խորհրդարանի նախագահ Ա. Սահակյանը (Հայր Աբրահամ), անվանի գրող, Խորհրդարանի փոխնախագահ Լ. Շանթը, Կրթության նախարար, տաղանդավոր գրաքննադատ Ն. Աղբալյանը, արդարադատության նախարար Ռ. Դարբինյանը (Ա. Չիլինգարյան), խմբապետներ Համազասպը, Մակեդոնը, գնդ. Ղորղանյանը, Երևանի քաղաքագլուխ Մ. Մուսինյանը, քաղաքային խորհրդի անդամ Ա. Աստվածատրյանը, Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից Հ. Կոսոյանը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Բախշի Իշխանյանը և շատ ուրիշներ: Ձերբակալությունների և բռնությունների ալիքը երկրում սաստկանում է հատկապես Գ. Աթարբեկյանի ժամանումով, որը Ռուսաստանում արդեն հայտնի էր դարձել իր առանձնակի դաժանու-թյուններով: Փետրվարի 4-ին Ս. Վրացյանը Գ. Աթարբեկյանի հետ հանդիպումով մի վերջին փորձ է անում՝ նրան բացատրելու Հեղկոմի գործելակերպի ողջ վտանգավորությունը ժողովրդի և երկրի համար, սակայն համոզվում է, որ բոլշևիկներն ի վիճակի չեն սթափորեն գնահատելու դրությունը: Ավելին, սթափության կոչերը նրանք ընկա-լում են որպես իրենց ուժի և դիմացինի թուլության նշան:

Ընդհանուր գծերով այսպիսին էր պատկերը բոլշևիկների տիրապետության երկուսուկես ամիսների ընթացքում և հենց նշված հանգամանքները լցրին ժողովրդի համբերության բաժակը, որն այլևս չցանկացավ հանդուրժել բոլշևիկյան անարգ լուծը: Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հ. Քաջազնունին, որը, ինչպես նշեցի նույնպես ձերբակալվածների մեջ էր, այդ օրերի մասին գրել է. «… հաստատւեց մի րեժիմ, որին չի կարելի տալ ուրիշ անուն, քան սանձարձակ ու վայրագ բռնութիւն: …. Բօլշեւիկների բռնութիւնը ու Հայաստանում գործադրւած միջոցների դաժանութիւնը ունէին մի առանձնայատուկ գիծ, որ ամենից աւելի գրգռիչ ու անհանդուրժելի էին,- այն, որ անիմաստ էին բռնութիւնները, աւելորդ ու աննպատակ»:

Փետրվարյան ապստամբությունը և քառասնօրյա գոյամարտերը

Այդ ընթացքում դեռևս չձերբակալված քաղաքական ու զինվորական գործիչները գտնվում էին թաքստոցներում: Բաշ-Գառնին խմբապետ Մարտիրոսի գլխավորությամբ առաջինը անհնազանդություն հայտնեց բոլշևիկյան իշխանություններին: Դեկտեմբերի սկզբներին նախկին ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանին Զանգեզուր ուղեկցելուց հետո խմբ. Մարտիրոսը դեկտեմբերի վերջերին արդեն Բաշ-Գառնիում էր և մոտից հետևում էր իրադարձությունների զարգացմանը՝ կապ պահելով ղեկավար ընկերների՝ Ս. Վրացյանի և Դրոյի հետ: 1921-ի հունվարի սկզբներին Բաշ-Գառնիում կյանքի է կոչվում առաջին Հայրենիքի փրկության կոմիտեն, որի գաղափարը Մարտիրոսին հուշել էր Գ. Նժդեհը Զանգեզուրից վերադարձի ճանապարհին՝ հնարավոր շարժմանը ապակուսակցական բնույթ հաղորդելու նպատակով:

Հունվարի վերջերին, երբ սաստկանում է ձերբակալությունների ալիքը և հաճախակի են դառնում ձերբակալվածների, մասնավորապես՝ ղեկավար ընկերների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու մասին լուրերը, խմբ. Մարտիրոսը դիմում է գործնական քայլերի: Նա մարտական վիճակի է բերում Բաշ-Գառնիի ուժերը՝ հրամանատար նշանակելով իր օգնական և փորձառու խմբապետ Խնկո Ասատրյանին, ապա, անցնելով Կոտայքի մյուս գյուղերը, տեղի փորձառու մարտական գործիչների հետ հանդիպումների միջոցով նույն աշխատանքները կազմակերպում է նաև այդ գյուղերում: Հունվարին նա զենք ստանալու համար դիմում է Երևանում գտնվող պատասխանատու ընկերներին, բայց վերջիններս, վաղաժամ համարելով ապստամբություն բարձրացնելը, նրան մերժում են: Զենքի և զինամթերքի հայթայթման գործը Մարտիրոսը կազմակերպում է տեղական ուժերով:

Ապստամբության կազմակերպական աշխատանքները սկսում են թափ հավաքել միայն փետրվարի 10-ից հետո, երբ դրա անխուսափելիությունն այլևս փաստ էր բոլորի համար: Այդ փուլում Կոտայքի ապստամբներին է միանում նաև Կուռո Թարխանյանը: Փետրվարի 13-ին Կոտայքի Զառ գյուղում գումարվում է ապստամբության ղեկավարների ժողովը՝ ՀՅԴ Հայաստանի ԿԿ-ի անդամներ Հ. Տեր-Հակոբյանի և Ե. Սարգսյանի մասնակցությամբ:

Ընտրվում են զինվորական ղեկավարները և ճշտվում է ապստամբության օրը: Խմբ. Մարտիրոսի առաջարկությամբ ապստամբ ուժերի ընդհանուր հրամանատար է ընտրվում Կուռո Թարխանյանը: Նույն ժողովի կողմից խմբ. Մարտիրոսը նշանակվում է Երևանի վրա արշավող ապստամբ ուժերի հրամանատար : Այդ ժողովին մասնակցում են նաև Ախտայի ապստամբների ղեկավարները:

Զուգահեռաբար նմանօրինակ կազմակերպական աշխատանքներ իրականացվել են նաև Թալինի սասունցիների շրջանում՝ Կ. Սասունու, Մուշեղ Ավետիսյանի, Մորուք Կարոյի և Չոլոյի գլխավորությամբ:

Որքան էլ ապստամբության ղեկավարները գործել են քողարկված, նրանց գործողությունները չեն վրիպել հեղկոմականների աչքից: Մանավանդ որ վերջիններն արդեն տեղյակ էին Զանգեզուրից խմբ. Մարտիրոսի վերադարձի մասին: Հեղկոմը փորձում է Բաշ-Գառնիի վրա անակնկալ հարձակումով վիժեցնել ապստամբությունը, սակայն Բաշ-Գառնիի վրա արշավող բոլշևիկյան երկու զորամասերին փետրվարի 16-ին անակնկալ հարձակումներով և առանձին-առանձին ջարդում են խմբ. Խնկոյի հրամանատարությամբ գործող բաշգառնեցիները: Այդ լուրը ոգևորիչ մեծ նշանակություն է ունենում Երևանի վրա արշավող Կոտայքի ապստամբների համար:

Մասնավորապես վերոհիշյալ դեպքերը նկատի ունենալով՝ Ե. Սարգսյանը գրել է. «Խնկօն մեզ հետ չէր: Մարտիրոսը նրան իր ուժերով (Գեառնիի եւ շրջանի) թողել էր Ողջաբերդի շրջանում: Բոլշեւիկները, ոչ մի տեղեկութիւն չունենալով ոչ Խնկոյի ուժերի եւ ոչ էլ Կոտայքի մասին, մտահոգուած էին Գեառնիով, ուր պիտի լինէին իրենց քունը կտրող Մարտիրոսն ու Խնկօն: Նրանք գիտէին, որ այս երկու շատ վտանգաւոր խմբապետները եւ իրենց մեծ ու կռուի պատրաստ գիւղը (ընդգծումն իմն է՝ Վ. Պ.) ամենակատաղի թշնամիներն են Սովետական սարք ու կարգի համար: Եվ ահա Փետրուարի 15ի գիշերը նրանք դեպի Գեառնի ճանապարհ են հանում երկու զօրամասեր, երկու ուղղութեամբ»:

Ապստամբության ծրագրի համաձայն Կոտայքի ուժերը դեպի Երևան պիտի շարժվեին Քանաքեռի կողմից, Բաշ-Գառնիի ուժերը՝ Նորքի և պիտի ազատեին Երևանի բանտում և Չեկայի նկուղներում գտնվող բանտարկյալներին, իսկ Թալինի սասունցիները Աշտարակի և Էջմիածնի կողմից պիտի փակեին փախչելու փորձ անող բոլշևիկների ճանապարհը: Երևանի ներսից այդ գործողություններին պիտի օժանդակեին ՀՅԴ ուսանողական և երիտասարդական կազմակերպությունները: Փետրվարի 16-ին սկսված ձյունամրրիկի պատճառով Երևանի վրա շարժվող ապստամբները կորցնում են ճանապարհը, որի պատճառով ապստամբության ժամանակացույցը խախտվում է մեկ օրով: Ապստամբ ուժերի առաջնորդների միջև ոչ կանոնավոր կապի պատճառով եղել են նաև որոշ թյուրըմբռնումներ, բայց դրանք վճռորոշ նշանակություն չեն ունեցել և չեն խանգարել ապստամբության հաղթական ելքին:

Ս. Վրացյանը հետևյալ կերպ է ներկայացնում ապստամբների մուտքը Երևան. «Փետրւար 16-17-ին մայրաքաղաքը ամէն կողմից շրջապատւած էր ապստամբ ժողո-վուրդով: Յեղկոմը յուսահատական դիմադրութեան փորձեր արաւ, բայց անյաջող: …. Փետրւար 18-ը յարութեան օր եղաւ Հայաստանի ժողովուրդի համար: Վաղ առաւօտեան ազատագրւած շրջաններից Երեւան իջան Ախտայի, Կոտայքի և Բաշ-Գառնիի ժողովրդական ապստամբ ուժերը Կուռօ Թարխանեանի և խմբապետ Մարտիրոսի ղեկավարութեան տակ: Թաքստոցից դուրս եկան վերջին կառավարութեան անդամները …» : Իհարկե, Փետրվարի 16-17-ի գիշերը բոլշևիկներն սկսել էին իրենց սև գործը. Երևանի բանտում և Չեկայի նկուղներում գազանաբար սպանվել ու կացնահարվել էր մոտ 60 մարդ, այդ թվում՝ խմբապետներ Համազասպը, Մակեդոնը, գնդ. Ղորղանյանը, բանվոր Սերգոն և ուրիշներ:

Սպանություններն աննախադեպ չափերի կհասնեին, եթե Հեղկոմի իշխանությունը երկարեր ևս մի քանի օրով : Բոլշևիկները, երկու զրահապատներով՝ «Ազատամարտ» և «Վարդան զորավար», Երևանից փախչելով Ղամարլուի ուղղությամբ, կազմակերպվում և շարունակում են իշխանության համար պայքարը: Փետրվարի 18-19-ին ձևավորվում է կառա-վարություն Ս. Վրացյանի գլխավորությամբ, որը կոչվում է Հայրենիքի փրկության կոմիտե: Ձևավորվում են ռազմաճակատներ բոլոր ուղղություններով: Բանակի ընդհանուր հրամանատար է նշանակվում գնդ. Կուռո Թարխանյանը՝ Սպարապետ Սուրեն անունով, իսկ խմբ. Մարտիրոսը նշանակվում է Ղամարլուի ռազմա-ճակատի հրամանատար:

Հայաստանը թևակոխում է պարտադրված քաղաքացիական պատերազմի փուլ, որի մասին այնքան երազում էին հայ բոլշևիկները և որից խուսափել չհաջողվեց Առաջին հանրապետության ղեկավարներին: Քաղաքացիական պատերազմը փոփոխակի հաջողություններով տևեց շուրջ քառասուն օր՝ մինչև ապրիլի 2-ը: Ռուսաստանից ստացած ռազմական օժանդակության շնորհիվ բոլշևիկները, մարդուժի և ռազմական տեխնիկայի գերազանցություն ձեռք բերելով հյուսիսային ռազմաճակատներում՝ Ախտայի և Սպիտակի, կարողացան կոտրել ապստամբների դիմադրությունը, որին հետևեց ռազմաճակատների փլուզումը: Մյուս կողմից՝ սպառվեց ՀՓԿ-ի զինամթերքը և ժողովրդական ուժերը ստիպված եղան տեղի տալ այդ եղբայրասպան պատերազմում:

Փետրվարյան ապստամբության արժևորումը

Չնայած որ հայ հեղկոմականներն առերևույթ ՀՅ Դաշնակցությանը վերագրել են հակաբոլշևիկյան (իմա՝ Փետրվարյան-Վ.Պ.) ապստամբությունը նախապես պլանավորած լինելու մեղադրանք, իրականում, սակայն, նրանցից ոմանք նամակներում և զեկույցներում խոստովանել են, որ ապստամբությունն իրենց թույլ տված կոպիտ սխալների հետևանք էր : Այդ առումով ուշագրավ են, մասնավորապես, Հեղկոմի անդամ և ՀԿ(բ)Կ կենտկոմի քարտուղար Ա. Հովհաննիսյանի հետևյալ խոսքերը. «Հակահեղափոխությունը (իմա՝ Փետրվարյան ապստամբությունը – Վ. Պ.) ստեղծվել է ոչ թե դաշ-նակների աշխատասենյակներում, այլ հանդիսացել է մեր քաղաքականության արդյունքը» : Փետրվարի 21-ին Գ. Օրջոնիկիձեին նույնաբովանդակ խոստովանական հեռագիր է ուղարկել բռնությունների հիմնական կիրառող Գ. Աթարբեկյանը : Մի՞թե այլ բան էին ասում դաշնակցական գործիչները. «Փետրւարեան ապստամ-բութիւնը – բօլշեւիկների գործն էր ամբողջովին, բնական հետեւանք նրանց բռնութիւնների ու՝ մանաւանդ՝ անվերջ բռնագրաւումների, որ քանդում էին ժողովրդական տնտեսութեան վերջի մնացորդները, զրկում էին սովահար մարդկանց վերջի կտոր հացից» : Նույնն է ասում նաև ՀՓԿ-ի ղեկավարը. «…. Վայրկեանը ծայր աստիճան աննպաստ էր եւ դրսից դիտողի համար աններելի՝ որևէ խռովութիւն Հայաստանում: Մենք գիտակցում էինք այդ եւ ամէն կերպ խուսափում էինք քաղաքացիական կռիւներից:

Բոլշեւիկների համար, ընդհակառակը, քաղաքացիական կռիւը ցանկալի էր» : Ավելացնենք: – Ցանկալի էր, որովհետև բոլշևիկները գիտակցում էին, որ իրենք իշխանության հասել էին հանգամանքների բերումով, այլ ոչ թե սեփական ուժերով և իրենց չէին զգում դրության լիարժեք տերեր: Այսինքն՝ կար հավակնությունների բավարարման անհրաժեշտություն, և դա պիտի արվեր սեփական ժողովրդի արյան հաշվին:

Որ Փետրվարյան ապստամբությունը մի խումբ արկածախնդիրների գործ չէր, այլ կրում էր համաժողովրդական բնույթ, շատ արագ համոզվել է նաև Հ. Թումանյանը, որը մարտի 20-ին Օրջոնիկիձեի գիտությամբ Թբիլիսիից Հայաստան էր եկել՝ ապստամբներին զենքը վայր դնելու հորդորով. «…. էս խոմ ամբողջ ժողովուրդն է, որ ոտքի ելած է» :

ՀՓԿ-ի գլխավորած քառասնօրյա գոյամարտերի պարտության մասին ևս շատերն են գրել՝ մատնանշելով մի շարք թերություններ: Օր., Հ. Քաջազնունու կարծիքով պարտության հիմնական պատճառներից է այն, որ Հայրենիքի փրկության շարժման ուժերը անհրաժեշտ նվիրվածությամբ ու հաղթանակի նկատմամբ հավատով չեն կռվել. «…. Ապստամբութիւնը իր իսկ ներսը կրում էր արդէն պարտութեան սաղմը, որովհետեւ յաւատ չունէր յաջողութեան» : Ըստ մեկ այլ ժամանակակցի՝ քաղաքացիական կռիվների ընթացքում իրեն զգալ էր տալիս հմուտ հրամանատարական կազմի պակասը, երբեմն էլ՝ անկարգապահությունը զորամասերում, որովհետև հունվարի 24-ին աքսորվել էր բարձր սպայությունը, իսկ եղածների մի մասը, չնայած իրենց անձնական քաջությանը, ի վիճակի չէին մեծ մարտեր ղեկավարել : Պատճառներից մեկն էլ կարող է համարվել այն, որ, գերազանցապես կազմված լինելով գյուղացիներից, ՀՓԿ-ի կռվող ուժերին մարտի կեսերից սկսած ձգում էին հողագործական աշխատանքները, որով գյուղացին ամբողջ տարին պիտի կերակրեր իր ընտանիքը: Ուստի ոչ հազվադեպ ապստամբ զորամասերի հրամանատարները բավարար ուժեր չունենալու պատճառով չէին կարողանում ժամանակին կատարել Գլխավոր շտաբի առաջադրանքները, որոնց ապահովումից հաճախ կախված էր ընդհանուր գործի հաջողությունը: Այսպես կարելի է թվարկել նաև այլ պատճառներ, բայց դրանք միայն ածանցյալ երևույթներ էին, որոնք գուցե և արագացրել են պարտությունը, սակայն դրանցից և ոչ մեկը չէր կարող ապստամբության պարտության հիմնական պատճառը լինելը:

Նախ, երբ խոսվում է Փետրվարյան համաժողովրդական ապստամբության մասին, միմյանցից պիտի տարանջատել երկու իրողություն.

1) բուն ապստամբությունը, որը տեղի ունեցավ փետրվարի 17-ի, լույս 18-ի գիշերը,

2) ՀՓԿ-ի՝ որպես ազգային իշխանության ձևավորումով սկիզբ առած քառասնօրյա գոյամարտերի շրջանը:

Փետրվարյան ապստամբությունն իր խնդիրը կատարել է: Նա տապալել է բոլշևիկյան ատելի վարչակազմը, բանտերից ազատել է ստույգ մահվան դատապարտված հազարավոր քաղբանտարկյալների և հնարավորություն է տվել ձևավորելու ազգային իշխանության մարմիններ՝ ի դեմս ՀՓ հանրապետական և տեղական կոմիտեների: Պարտվել է երկրորդը: Իսկ ունե՞ր չպարտվելու տարբերակ:

Կարծում ենք՝ ի սկզբանե այս հարցի պատասխանը կանխորոշված էր. «Ո՛չ, չուներ»: 1920-1921 թթ. Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակում ՀՓԿ-ի ջանքերը չէին կարող ցանկալի արդյունք տալ, եթե նույնիսկ չլինեին վերը նշված և այլ բացթողումները: «Բոլշեւիկեան մուրճի և թիւրքական սալի միջեւ» գտնվող Հայաստանն այլևս չէր կարող անկախ լինել: Սակայն բոլշևիկյան Հեղկոմի վարած տհաս և ազգակործան քաղաքականությունը ժողովրդին այլ ելք չթողեց, քան այդ ապօրինի վարչակարգի դեմ ընդվզելը և կռվով իր պատիվը պաշտպանելն էր: Քառասնօրյա գոյամարտերի ընթացքում երկու կողմերից զոհվեցին հազարավոր մարդիկ, գերազանցապես հայեր, բայց նաև ռուսներ: Մարդիկ, որոնք միմյանց հետ կիսելու ոչինչ չունեին: Այդ եղբայրասպան պատերազմին հանգեցնող որոշ քայլեր, մասնավորապես՝ հայ սպայության աքսորը, Հայհեղկոմին թելադրվել էր բոլշևիկների մոսկովյան կենտրոնից և իրագործվել էր ըստ խորհրդային հասարակարգի կառուցման գևորգաթարբեկյանական և ավիսնուրի-ջանյանական կարճամիտ ըմբռնման: Ավելի քան քառասնօրյա կռիվների ընթացքում երկուստեք զոհվածների արյունը ծանրանում է հեղկոմականների չունեցած խղճին:

Փետրվարյան համաժողովրդական ապստամբությունը 20-րդ դարասկզբի հայոց ազգային-ազատագրական պայքարի ամենից հերոսական և միաժամանակ ամենից ողբերգական էջերից է: Հայոց ազատագրական պայքարի պատմության մեջ իր նշանակությամբ այն կարող է համեմատվել Մայիսյան հերոսամարտերի հետ, մի տարբերությամբ, որ եթե Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայ ժողովուրդը բռունցքվել էր իր դարավոր ոսոխի՝ թուրքի դեմ և գոյության պայքար էր մղում, ապա 1921 թ. նույն ժողովուրդը հանուն արժանապատվության ըմբոստացել էր իր ծոցից դուրս եկած «բոլշևիկ» կոչվող օտարի դեմ, որն իրականում փոքրամասնություն էր Հայաստանում, բայց պարտադրվել էր ռուսական սվինի օժանդակությամբ՝ օգտվելով երկրի համար ստեղծված խիստ անմխիթար վիճակից:

Փետրվարյան ապստամբությունը բոլշևիզմի երեսին իջած մի շառաչուն ապտակ էր, որի ձայնը պիտի հնչի բոլոր ժամանակների՝ իշխանության մարմաջով տառապողների ականջներում, որպեսզի գիտակցեն, որ իշխանությունը միջոց է ժողովրդին ու հայրենիքին ծառայելու, այլ ոչ թե հանուն սեփական իշխանության պահպանման ժողովրդին ստրկության դատապարտելու և հայրենիքը վաճառքի առարկա դարձնելու համար:

Կարծում ենք՝ Փետրվարյան համաժողովրդական ապստամբության դասերն ավելի քան արդիական են նաև այսօր՝ հարյուր տարի անց:

Վարդան Պետրոսյան