կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-10 12:52
Հասարակություն

Կառավարությունը հաստատեց ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը. մարտի 15-ից փակ տարածքներում արգելվում է ծխելը

Կառավարությունը հաստատեց ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը. մարտի 15-ից փակ տարածքներում արգելվում է ծխելը

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին նախագիծը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը քաղաքական լուրջ որոշում է կայացրել ծխախոտի ու դրա փոխարինիչների սահմանափակումների վերաբերյալ:

Նա նշեց, որ ծխախոտային արտադրատեսակների ու դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման ու կանխարգելման մասին օրենքի պահանջներով պետք է սահմանվեն նաև ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը, որ կարողանան կարգավորեն նաև սրանք: 

«Մեր խնդիրն է լինել արագ արձագանքող, որ նոր հայտնվող արտադրատեսակների վերաբերյալ նույնպես տարածեն տեխնիկական կանոնակարգերը: Մենք սահմանափակում ենք ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը, օգտագործումն ու կարծում ենք, որ սա կարևոր ներդրում է ՀՀ մարդկային կապիտալի ու մարդկանց առողջության մեջ»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե խանութում մարդը չպետք է տեսնի, որ ստենդի հետևում ծխախոտ կա դրված:

«Ծխելը թարգել պատրաստվող» Արարատ Միրզոյանն էլ հետաքրքրվեց, թե մասնագիտացված ծխատոտի խանութներում ո՞նց է իրականացվում վաճառքը, վարչապետն ասաց, թե կապ չունի՝ որտեղ է:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մարտի 15-ից փակ տարածքներում արգելվում է ծխելը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ ծխելու արգելքի կանոններն արդեն իսկ ուժի մեջ են մտնել բժշկական հաստատություններում կամ աշխատանքի վայրում: 

Նրա խոսքով՝ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ոչ վարակիչ հիվանդություններից՝ սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից կա մահացության բավական բարձր բեռ, ու այս բոլոր սահմանափակումներն ուղղված են մարդկանց առողջությունը պահպանելուն ու երեխաներին պաշտպանելուն: